Շնորհավոր հոբելյանդ, 100-ամյա երիտասարդ

«Ավանգարդը» ծնվեց 1923թ. մայիսի 5-ին: Ծնվեց՝ որպես մայիսով հաստատված ուղու շարունակություն ու վերահաստատում, որպես հայ ինքնության դրսևորում: Ծնվեց՝ իր ժամանակի առաջամարտիկը դառնալու: Եվ դարձա՛վ:
 
Փաստացի այն ոչ միայն երկրորդ հանրապետության տարեգիրը դարձավ, այլև մնաց պետության ու ժողովրդի պայքարի առաջնագծում՝ մշտապես արձագանքելով հայության ամենահրատապ խնդիրներին: Իր պայքարելու վճռականության, հետևողականության շնորհիվ այն շատ շուտով դարձավ երիտասարդության (և ոչ միայն) սիրելի պարբերականը: Ինչպես թերթի ներկայիս խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանն է սիրում ասել՝ բոլոր ժամանակների երիտասարդների բարեկամն ու սիրելին:
 
«Ավանգարդում» են գրական ու լրագրողական մկրտություն ստացել ժամանակի մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները: Բնավ ոչ պատահականորեն թերթի անունը կապվում է հայ ինքնության 20-րդ դարը կերտած այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք են Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Վիկտոր Բալայանը, Հրաչյա Մաթևոսյանը, Արամայիս Սահակյանը, Սուրեն Մուրադյանը, վաղամեռիկ Այդին Մորիկյանը, Սասունիկ Թորոսյանը, Մուշեղ Միքայելյանը... Բոլորին հնարավոր չէ թվարկել, ու թող ներեն այն արժանավորները, ում անունները սպրդել են այս տողերից։
 
«Ավանգարդը» Անկախության, Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման վավերագիրն է նաև: Նրա էջերում օր առ օր արտացոլվել է անկախության համար պայքարի խրոնիկան, Արցախյան գոյամարտի պատմությունը. դա պատմություն է ապրելու իրավունքի, սխրանքների, կամքի ու հաղթանակի մասին:
 
Երկրի, հայրենիքի համար ծանր օրերին դժվար ժամանակներ ապրեց նաև «Ավանգարդը»՝ որպես իր պատմությունն ու ճակատագիրն այլևս անբեկանելիորեն հայ ժողովրդի նորօրյա պատմությանը ձուլած մարտիկ, որպես ավանգարդ: Նա այսօր էլ գոյության պայքարի առաջնագծում է՝ սեփական լինելիության պայքարի, որ կեղծ ու պատիր արժեքների մեր ժամանակներում էլ փորձում է վերահաստատել իրական արժեքները: Եվ այսօր էլ «Ավանգարդով» է ապրում թերթի խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը՝ առաջամարտիկին բնորոշ անկոտրում, աննկուն, անխոնջ վճռականությամբ շարունակելով ապրեցնել «Ավանգարդը» (թեև՝ արդեն էլեկտրոնային տարբերակով), ապրեցնել մերօրյա հայհոյախառն, անորոշ, երկատված խեղված իրականության մեջ՝ որպես իրապես և բարոյապես ապրելու,  բարոյական պայքարի առհավատչյա:
 
Շնորհավոր հոբելյանդ, 100-ամյա երիտասարդ:
 
Հայկանուշ ՍԱՐԳՍՅԱՆ-ԳՐԻԳՈՐՅԱՆ