Եկել էին՝ վերարժևորելու թերթի մեկդարյա ընթացքը

Այդօր նորից ավանգարդյան աշխույժն էր թևածում տարբեր տարիների ավանգարդցիների հոգում։ Այս անգամ՝ Հայաստանի ազգային գրադարանի հյուրընկալ հարկի տակ, ուր թերթի 100-ամյա հոբելյանը էր հավաքել «Ավանգարդի» հին ու նոր բարեկամներին: Եկել էին՝ վերարժևորելու թերթի մեկդարյա ընթացքը, ի մի բերելու այն հզոր վաստակը, որ ունեցել է «Ավանգարդը» Հայաստանի խորհրդային ժամանակի մշակույթի, գրականության, գաղափարական և արժեքային համակարգի կայացման, պահպանման ու փոխանցման գործում:
 
Գրադարանի Թամանյանական մասնաշենքի ցուցասրահում կազմակերպվել էր թերթի ողջ ընթացքն ամփոփող  համարների ցուցադրություն: Տասնամյա պարբերականությամբ ներկայացված էին «Ավանգարդի» տպագիր հրատարակությունները, այդ թվում՝ նաև անդրանիկ՝ 1923 թ. մայիսի 5-ին լույս տեսած համարը: Ավանգարդցիների, և հատկապես նրա երկարամյա խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի համար խորհրդանշական էր բոլոր ժամանակների երիտասարդության սիրելի թերթի հոբելյանը նշել Ազգային գրադարանում. «Ավանգարդը» արժեք է, որ մշտապես երիտասարդության գաղափարական դաստիարակության ավանգարդում է:
 
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների դերը բոլոր ժամանակներում և հայ մամուլն այդ համատեքստում՝ առանձնացրեց «Ավանգարդի»՝ որպես շարունակվող լեգենդի, դերն ու կշիռը 20-րդ դարի հասարակական, քաղաքական, մշակութային, գեղարվեստական, գրական կյանքում: Նա կարևորեց նաև թվային դարաշրջանի նորարարական տեխնոլոգիաների ողջ գործիքակազմի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը՝ «Ավանգարդը» սերունդներին հասցնելու տրամաբանության մեջ:
 
100-ամյա պարբերականի՝  մշակութային-գրական կյանքում ունեցած վաստակին անդրադարձավ բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, ով իր գրական ուղին սկսել է«Ավանգարդում»: Սիրով ու  հպարտությամբ  հիշելով թերթի խմբագրությունում աշխատելու տարիները՝ նա նշեց «Ավանգարդի» շնորհիվ ծավալված գրական, գեղարվեստական, թարգմանական գործունեության մասին. 
 
- Բանաստեղծական այն սերունդը, որը հետագայում դարձավ հզոր մի սերունդ, ձևավորվել է «Ավանգարդում»։
 
- «Ավանգարդին» են պարտական ընթերցողների ու ստեղծագործողների բազմաթիվ սերունդներ,- իր խոսքում արձանագրեց գրող-հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, ով իր ստեղծագործական կյանքի 10 տարիներն անցկացրել է «Ավանգարդում»: - Ես և՛ որպես բանաստեղծ, և՛ որպես լրագրող կայացել եմ «Ավանգարդում». «Ավանգարդը» կայացման ճանապարհ է բացել հայ արվեստի բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների համար: Նրանք հետագայում դարձան 20-րդ դարավերջի հայ արվեստի ու գրականության սյուները: Ես շնորհավորում եմ բոլոր ավանգարդցիներին՝ հներին, նորերին՝ հատկապես: Եվ պետք է արժանին մատուցել Ջուլիետ Մարտիրոսյանին, ով 90-ականների դժվարին տարիներին փորձությունների, դժվարությունների միջով կարողացավ «Ավանգարդը» բերել-հասցնել մեր օրերը և այսօր էլ էլեկտրոնային տարբերակով շարունակում է  հրապարակել այն
 
Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այսօրվա հայ պոեզիան կայացել է «Ավանգարդի» շնորհիվ. 
 
- Այսօրվա Հայաստանի բանաստեղծների տաղանդավոր մեծամասնությունը «Ավանգարդի» ծնունդ են: Այսօրվա հայ պոեզիան կայացել է «Ավանգարդի» շնորհիվ: Սակայն այդ ամենի մեջ ես ուզում եմ առանձնացնել. «Ավանգարդը»  հայ իրականության մեջ տարել է երկու կարևորագույն ոչ գրական  հաղթանակ՝«Ավանգարդը» հաղթել է  Արփա-Սևանի կառույցում,  «Ավանգարդը» հաղթել է Արցախի հերոսամարտում՝ տաղանդավոր աշխատակազմերի և տաղանդավոր խմբագիրների շնորհիվ»: 
Նա ևս ընդգծեց պարբերականի պայքարող գոյության շարունակության մեջ խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի անուրանալի վաստակը:
 
Սերբիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, սերբերենի թարգմանիչ, գրող Բաբկեն Սիմոնյանը տպագիր մամուլի ճգնաժամի համապատկերում անդրադարձավ թերթի նկատմամբ հետաքրքրության պահպանմանը՝ արձանագրելով. մարդիկ դեռ ապրում են «Ավանգարդով»:
 
Իր խոսքում «Ավանգարդի» գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը  երախտիք հայտնեց բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել թերթի գոյության մեջ: «Իսկ դա նախ և առաջ ընթերցողն է, ով միշտ «Ավանգարդի»  կողքին է, «Ավանգարի» հետ է: Նա խոսեց «Ավանգարդ» էլեկտրոնային պարբերականի ապագա ծրագրերի մասին, որոնք ևս առնչվում են երիտասարդությանն ու նրա ներուժը ճիշտ ուղղորդելուն:
 
Թերթի 100-ամյակի առիթով գեղեցիկ անակնկալ ուներ նաև Ազգային գրադարանը: Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, պատմելով գրադարանային ֆոնդի թվայնացման ընթացքի մասին, ներկայացրեց Ավանգարդի՝ տպագիր տարբերակով հրապարակված բոլոր համարների թվային շտեմարանը: Փաստացի «Ավանգարդի» բոլոր համարները՝ սկսած 1923 թ մայիսից մինչև 2016 թ. վերջին տպագիր լույսընծայումը, հասանելի են յուրաքանչյուրին Ազգային գրադարանի կայքի «Հայ մամուլ» բաժնում: Իսկ 2016-ին հաջորդող ընթացքը՝ էլեկտրոնային տարբերակով,  կհամալրի «Ավանգարդի»  թվային շտեմարանը: 
 
Բարի ընթացք մաղթելով մեր սիրելի «Ավանգարդ»-ին, վերստին մեր երախտիքի խոսքն ենք հղում հոբելյանական հանդեսի մասնակիցներին և, իհարկե այդ օրը բոլորի համար տոն դարձրած՝ գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին, գիտության գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանին, տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանին և հանրային կապերի բաժնի աշխատակիցներին՝ հանձին Նարինե Գիժլարյանին․ ճշմարիտ մտավորականներ, իրենց գործի նվիրյալներ, ովքեր արժանի են ամենայն գնահատանքի։
 
Հայկանուշ ՍԱՐԳՍՅԱՆ-ԳՐԻԳՈՐՅԱՆ