Էջեր գրողի և պատվավոր հյուպատոսի գզրոցներից

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆՇԽԱՐՆԵՐԸ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, մշակույթի գործիչ և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը մեզ է ներկայանում իր նոր՝ վերջերս լույս տեսած «Հյուպատոսական գրառումներ» գրքով, որը նրա դիվանագիտական 15-ամյա առաքելության վավերագիրն է: Օրագրության ժանրով գրված այս գիրքը, ինչպես նշել են գրաքննադատներն ու պատմաբանները, կարող է դասագիրք լինել իրենց ապագան դինավագիտական գործունեությանը նվիրած կամ նվիրել պատրաստվող երիտասարդների համար:
 
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Բաբկեն Սիմոնյանի հիշյալ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցելու էին եկել հեղինակի ստեղծագործության երկրպագուները, մտերիմները, գրքի սիրահարները, հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդիկ: Եկել էին՝ լսելու Բաբկեն Սիմոնյանի խոսքը, նրա մասին ժամանակակիցների գնահատականները:
 
- Այս գիրքը գրվել է 15 տարում, քանի որ ներկայացված է օրագրության ժանրով և, բնականաբար, ձևավորվել է պատմական որոշակի ժամանակաշրջանում,- իր խոսքում ասաց Բաբկեն Սիմոնյանը: - Պատվավոր հյուպատոս նշականվելուց հետո, գրի եմ առել բոլոր հանդիպումներս ու զրույցներս բարձրաստիճան այրերի, հոգևորականության բարձր դասի, դիվանագետների, հյուպատոսների, անվանի մտավորականների, արվեստի ու գիտության գործիչների հետ: Այդ հանդիպումներն ու զրույցները ներկայացնում են ոչ միայն իմ հյուպատոսական առաքելությունը, այլև այն ժամանակը որում ապրել ու ստեղծագործել եմ:
 
Բաբկեն Սիմոնյանի ազգանվեր առաքելության, գրական ու դիվանագիտական գործունեության մասին հիացմունքով ու ջերմությամբ խոսեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ պատվավոր հյուպատոս Սիմոնյանը անգնահատելի աշխատանք է կատարել Հայաստան-Սերբիա երկկողմանի հարաբերությունների ամրապնդման գործում, իր գրական գործունեությամբ մերձեցրել է հայ և սերբ ժողովուրդների մշակույթը: Նա նշեց, որ այդպիսի նվիրական գործ կատարելու համար առաջին հերթին պիտի մեծ հայրենասեր լինել և անշահախնդիր  նվիրյալ: Դրվագներ ներկայացրեց 2021 թվականին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի հետ Բելգրադ կատարած իր ուղևորությունից, որի նպատակն էր մասնակցել պատմահայր Մովսես Խորենացու՝ սերբերենով լույս տեսած «Պատմություն հայոց» աշխատության շնորհանդեսին:
 
- Բաբկեն Սիմոնյանին ես, անշուշտ, վաղուց եմ ճանաչում, բայց Բելգրադում հասկացա, որ նա հայ-սերբական բարեկամության խորհրդանիշն է,- իր խոսքում ասաց ակադեմիկոսը: - Մենք ականատես էինք լինում, թե բելգրադյան փողոցներում որքան մարդիկ են նրան մոտենում, սիրալիր բարևում ու զրուցում: Ես նրան լիարժեք ճանաչեցի իր երկրորդ հայրենիքում՝ Սերբիայում, որը նրա ստեղծագործական ոգեշնչման աղբյուրն է մոտ կես դար: Սերբիայի հանդեպ Բաբկեն Սիմոնյանի անափ սերը ծնունդ է առնում նրա նախնյաց ակունքներից՝ Վանից: Վանը նրա համար անամոք մի ցավ է, որի կարոտով ապրում ու ստեղածագործում է: Ամեն անգամ ակադեմիայում հանդիպելիս, նա կիսվում է ինձ հետ իր հոգսերով, Հայաստանի ներկայով, բայց նրա խռովահույզ ու փոթորկուն հոգին ասես մեկեն խաղաղվում է, քանի որ նա լավատեսորեն է նայում Հայոց ապագային և հորդորում է բոլորին երբեք չհուսալքվել: Նրա առողջ հայրենասիրությունը վարակիչ է, այս աննկարագրելի խավարում նա Հայաստանի ապագան լուսավոր է տեսնում: Ահա այս զգացողությամբ է նա իրականացնում իր գրական և հյուպատոսական առաքելությունը:
 
- Հյուպատոսական գրառումներս հրատարակելուց առաջ բազմիցս խորհել եմ, թե որո՞նք են դրդապատճառները և ինչո՞ւ որոշեցի դրանք թղթին հանձնել ու ներկայացնել ընթերցողին,- շարունակում է Բաբկեն Սիմոնյանը: - Բելգրադում գտնվելիս, քանիցս առիթներ եմ ունեցել զրուցելու հրաշալի ընկերոջս՝ բացառիկ մտավորական, սերբ բանասեր, թարգմանիչ, անվանի արևելագետ և փայլուն դիվանագետ, բանասիրության դոկտոր, Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Դարկո Տանասկովիչի հետ, ով ժամանակին դիվանագիտական առաքելություն է իրականացրել Թուրքիայում, Վատիկանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Մեր զրույցների ընթացքում միշտ հաճույքով եմ լսել նրա հետաքրքիր պատմությունները ոչ միայն արևելագիտության սերբական դպրոցի ավանդույթների, այլև իր դիվանագիտական գործունեության մասին, որոնք նա վավերացրել է գրառումների ձևով: Գուցե նրա գրառումներն էլ մասամբ խթան հանդիսացան, որ ինքս էլ թղթին հանձնեմ իմ հյուպատոսական հուշերը:
 
Բաբկեն Սիմոնյանի գրական և հյուպատոսական գործունեության մասին սիրով խոսեց Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: Ահա մի հատված նրա խոսքից. «Երբ խոսում ենք պատվավոր հյուպատոսների մասին, որոնք սովորաբար օտարերկրյա քաղաքացիներ են և նշանակվել են այդ պաշտոնում՝ շնորհիվ ներկայացվող երկրի հանդեպ ունեցած հետաքրքրության և անձնական կապերի, գրողները չափազանց հազվադեպ են։ Նրանք հիմնականում գործարար աշխարհի մարդիկ են։ Իմ երկրում Բաբկեն Սիմոնյանը միակ պատվավոր հյուպատոս գրողն է, ով իր գրական գործունեության և Սերբիայի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ, որին նվիրել է մի քանի տասնամյակ, նշանակվել է այս կարևոր պաշտոնում, ինչպես նաև ստացել է Սերբիայի Հանրապետության քաղաքացիություն: Բաբկեն Սիմոնյան պատվավոր հյուպատոսի առաքելությունն իր արտահայտությունն է գտել մեզ ներկայացված գրքի տեսքով։ Դա անցած տասնհինգ տարիներին իրականացրած նրա հյուպատոսական առաքելության ժամանակագրությունն է: Դա Սերբիայի, ինչպես նաև Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածի ժամանակագրությունն է։ Հանդիպումներ, զրույցներ, մտորումներ… Եվ, իհարկե, գրքում, ամենից առաջ, ներկայացված են մարդիկ՝ պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան հոգևոր առաջնորդներ, դասախոսներ, ակադեմիկոսներ, դիվանագետներ, գրողներ»:
 
Գրքի և նրա հեղինակի արժանիքների ու մեծ վաստակի մասին խոսեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը: Նա նշեց Բաբկեն Սիմոնյանի հետ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում կայացած զրույցները, անդրադարձավ նրա անգնահատելի դերին հայ-սերբական հարաբերությունների համարյա բոլոր բնագավառներում: Մտաբերեց նաև տարիներ առաջ լույս տեսած «Պատկերներ Լիբանանից» ուղեգրությունը, որում դարձյալ շողում են Հայաստանն ու Սերբիան: Դա մեկ անգամ ևս հավաստում է, թե նրա հոգում որքան խորն է դաջված հայրենասիրությունը, որն նույնքան խորն է Սերբիայի հանդեպ: Նա ևս անդրադարձավ Բաբկեն Սիմոնյանի վասպուրականյան արմատներին, որոնց ակունքները խորն են ու անմոռաց:
 
Ելույթ ունեցավ նաև գրքի մյուս խմբագիրը, պատմաբան Գևորգ Յազիչյանը՝ անդրադառնալով Բաբկեն Սիմոնյանի հետ արդեն բազում տարիներ շարունակվող համագործակցությանը և բարձր գնահատելով նրա մեծ վաստակը, հայ գրականությունը Սերբիայում և սերբականը Հայաստանում ներկայացնելու ազնիվ առաքելությունը: Նա անակնկալ մատուցեց ներկաներին՝ երգելով Կոսովոյին վերաբերող սերբական հայտնի «Վիդովդան» երգը:
 
Ելույթ ունեցավ նաև գրքի հովանավորը՝ Բաբկեն Սիմոնյանի վաղեմի բարեկամուհին՝ Անահիտ Սիմոնյանը, որին հեղինակը խորապես շնորհակալ է: Անահիտը ևս հուշեր պատմեց Բաբկեն Սիմոնյանի հետ իր բազում հանդիպումներից, նշեց նրա բացառիկ գործունեության կարևորությունը Հայաստան-Սերբիա հարաբերություններում:
Շնորհանդեսի ավարտին Բաբկեն Սիմոնյանը ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության իր սերբերեն թարգմանությունը, որն անժանացավ ներկաների չդադարող ծափերին:
 
Շնորհանդեսը վարում էր ասմունքող Գայանե Սամվելյանը: Նա ընթերցեց հատվածներ «Հյուպատոսական գրառումներ» գրքից և Աելիտա Դոլուխանյանի՝ «Գրական թերթում» վերջերս լույս տեսած «Երբ նվիրումն անմնացորդ է, արդյունքը մնայուն է» հոդվածից:
 
Հայկանուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Մխիթար ՄՈՎՍԻՍՅԱՆԻ