99-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԲԱՑՈՒՄ Է 99-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 99-րդ համերգաշրջանը բացում է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Փառատոնի բացումը կկայանա սեպտեմբերի 12-ին, փակումը՝ հոկտեմբերի 30-ին:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Այս տարվա փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվաս (դիրիժոր) և այլոք:
Փառատոնի հանդիսավոր բացմանը՝ սեպտեմբերի 12-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահարուհի Արաբելլա Շտայնբախերը: Նրա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ինչպիսիք են Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Մարեկ Կեպրտը և Լուբոշ Ֆիշերը: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից փառատոնի ընթացքում կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող ‹‹Ավետիս›› լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Ծրագրված են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաև հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր: