Հայ արվեստագետների աշխատանքները՝ Իտալիայի Մանտուա քաղաքում
Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողների աշխատանքները։
GET in TOUCH խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են Հրաչյա Վարդանյանի, Ալբերտ Վարդանյանի, Էդգար Գրիգորյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Բարսեղյանի, Մկրտիչ Մաթևոսյանի, Նորայր Կասպերի, Նվարդ Երկանյանի, Գուրգեն Գինոսյանի, ինչպես նաև EksyLeathergoods-ի, Muscari Association-ի և Family Care Foundation-ի (համատեղությամբ)՝ ստեղծագործական նախագծերը։ Ցուցահանդեսի համադրողն է Ավետիք Վարդանյանը, պրոդյուսերները՝ Հրաչյա Վարդանյանը, Անդրեա Միլսը և Բենեդետա Օմբրոնին։
- Պատմության ընթացքում, մարդկությունը ձգտել է հասկանալ ժամանակի ֆենոմենը և կանխատեսել ապագան աշխարհաճանաչողությամբ, ծիսական արարողակարգերի ու աստղադիտումնների միջոցով։ Սա հանգեցրեց օրացույցների ստեղծմանը, որոնք ժամանակին կրում էին խորը ոգեղեն ու մշակութային նշանակություն։ Այս հնագույն արտեֆակտները ավելին էին, քան ունեն ժամանակակից օրացույցները, սրանք ժամանակի ճանաչման սրբազան քրատեզներ էին, նախատեսված հասկանալ այն «․․․ ինչ եղել է, կա ու դեռ պիտի գա»: Յուրաքանչյուր արվեստի գործ, որ ստեղծվել է համընդհանուր ժամանակային տարածության մեջ, դեր է խաղում ապագայի ձևավորման վրա։ Այն դառնում է անցյալը, ներկան ու ապագան կապող օղակ։ Ստեղծագործությունները օգնում են մեզ ավելի լավ ճանաչել մեր սեփական ժամանակը, հնարավորություն տալով վերանայել անցյալը, գնահատել ներկան և կանխատեսել ապագան,- ցուցահանդեսի մասին նշում են Ավետիք և Հրաչյա Վարդանյանները։
Նշենք, որ այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքում։
Ցուցահանդեսը GALIQUE Art Space-ի, ArtInsight հարթակի, BLUE X-ի և BLOOM ROOM Laboratory-ի համագործակցության արդյունքն է։
Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի մեկ ամսից ավելի։