Հյուրախաղեր՝ բուռն մեկնարկից հետո

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բուռն կերպով մեկնարկեց 99-րդ համերգաշրջանը: Սեպտեմբերի 12-ին սկսված և մինչև հոկտեմբերի 30-ը տևող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով: Իսկ սեպտեմբերի 19-ից 23-ը Ազգային ֆիլհարմոնիկը մեկնում է եվրոպական հյուրախաղերի:
 
Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով: Ծրագրում կհնչի Բրուքների 9-րդ սիմֆոնիան և Դվորժակի թավջութակի կոնցերտը՝ հռչակավոր գերմանացի ջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթի կատարմամբ։
 
Սեպտեմբերի 22-ին Սլովակիայում՝ Բրատիսլավայի երաժշտական փառատոնում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով: Կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ, կհնչի նաև Չայկովսկու ‹‹Ֆրանչեսկա դա Ռիմինի›› սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
 
- Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են և մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգին: Իսկ Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը պարտավորեցնող է և մեծ պատիվ,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: