«Դուք շարունակում եք շենացնել ձեր հայրենիքը»

«ԱՎՐՈՐԱ 2016» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ` ԱՐՑԱԽՈՒՄ

Այսօր՝ մայիսի 22-ին, Շուշի է ժամանել «Ավրորա» մրցանակաբաշխության առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
 
Նախ հիշեցնենք, որ Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերի ու փախստականների։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին, սակայն, երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա ընդհանուր առմամբ փրկել է 30.000 երեխայի: Նա 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80.000 մարդ։
 
 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Շուշիի ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ուղեկցությամբ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է եկեղեցի, աղոթել և մոմ վառել: Այնուհետև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հոսքային դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները ողջունել են հյուրին և նրան նվիրել խորհրդանշական հուշանվերներ: 
Հյուրերն այցելել են Շուշիի երկրաբանության պետական և գորգերի թանգարաններ, ծանոթացել ցուցանմուշներին, եղել Շուշիի իրանական մզկիթում:
 
Նարեկացի արվեստի միությունում Մ. Բարանկիցեին հանդիպել է երեխաների հետ, նրանց հետ պարել հայկական ազգային պարեր: Երեխաները մեծ մարդասերին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, իր դիմանկարը, խաչով թևնոց:
 
- Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շենացնել ձեր հայրենիքը,- ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով՝ ասել է Բարանկիցեն: 
 
Պատվիրակության կազմում էր նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն, ով իր խոսքում մասնավորապես նշել է.
 
- Մեզ համար «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը հատուկ հերոս է. նա մարդկության փրկիչներից է: Ես խիստ կարևորում եմ Մարգարիտի այցը Հայաստանի և Արցախի հանրապետություններ: Խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հումանիստ մարդը, որը դեմ է բռնությանն ու ստրկությանը, պիտի անպայման լիներ Արցախ աշխարհում:
 
Իսկ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է Մարգարիտ Բարանկիցեի մարդասիրական առաքելությունը.
 
- Շնորհակալություն Արցախ այցելելու համար: Մենք նույնպես բազմաթիվ խոչընդոտների միջով ենք անցել և գիտենք, թե ինչ է նշանակում ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր պատերազմի, բռնությունների պատճառով կորցրել են իրենց վերջին հույսը: Մենք պետք է միավորենք մեր ուժերը՝ հաստատելու համար հարատև խաղաղություն: