Երբևէ ինձ չեմ համարել սփյուռքահայ

ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՄ

Դեկտեմբեր 22-ից 28-ը Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցավ «Новогодние фантазии» խորագրով միջազգային նկարչական մրցույթ, որի շրջանակներում Առաջին հորիզոնականը զբաղեցրեց  Ռուսաստանաբնակ մեր հայրենակցուհի, գեղանկարիչ Լիլիթ Ղազարյանը։ Այդ կապակցությամբ որոշեցինք զրուցել նկարչուհու հետ և ներկայացնել նրան հայկական լսարանին։
 
- Դուք բնակվում եք Ռուսաստանի Դաշնությունում, սակայն սերտ կապ եք պահպանում հայրենիքի հետ։
 
- Այո, Հայաստանը և՛ իմ հայրենիքն է, և՛ ծննդավայրը, և՛ տունը, որտեղ ցանկանում եմ հաստատվել մոտ ապագայում։ Ես ծնվել եմ համայն հայության մայրաքաղաք Երևանում, սովորել հայերիս ամենասիրելի բանաստեղծներից մեկի՝ Պարույր Սևակի անունը կրող դպրոցում։ Այնպես որ, թեև տասնամյակներ շարունակ ես բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն երբեք ինձ չեմ համարել սփյուռքահայ։ Ես Հայաստանի հայ եմ։
 
- Ինչպե՞ս սկսվեց գեղանկարչի Ձեր ուղին։
 
- Կարծում եմ, գենետիկ նախատրամադրվածություն ունեի։ Պապս քարտաշ էր, մայրս էլ հրաշալի էր նկարում, թեև երբեք նկարչությամբ չի զբաղվել պրոֆեսիոնալ հարթության վրա։ Դեռ մանկուց սիրել եմ նկարել, բայց, որպես պրոֆեսիոնալ գեղանկարիչ, արվեստով  զբաղվում եմ 2005  թվականից։ Շուրջ երկու տարի է՝ անդամակցում եմ Եվրասիական նկարիչների միությանը։ 
 
- Ի՞նչ ձեռքբերումներ ունեք։
 
- Գործունեությանս ընթացքում պարգևատրվել եմ մի շարք մրցանակներով, որոնցից են Համառուսական շաբաթը, Արվեստների ռուսական մրցանակաբաշխության վկայագիրը, Լյոքսեմբուրգում տեղի ունեցած նկարչական ցուցահանդեսի շրջանակներում՝ Արվեստի արժանիքների վկայագիրը և այլն։
 
- Յուրաքանչյուր արվեստագետի կայացման ճանապարհին հանդիպում են անհատներ, ովքեր նպաստում են անձի կայացմանն ու զարգացմանը։ Ովքե՞ր են այդ մարդիկ Ձեզ համար։ 
 
- Այո, որպես արվեստագետ իմ կայացմանը մեծապես օժանդակել են Վոլխոնսկի ամուսինները։ Գալինա Սերգեեվնան և Սերգեյ Իվանովիչը մեծ դերակատարում են ունեցել իմ ստեղծագործական ճանապարհին, և ինձ համար ոգևորիչ էր իմանալ, որ իրենց աչքում ես այն արվեստագետն եմ, ով շարունակում է իրենց գործը։ Միշտ հաճելի է ունենալ նման ավագ բարեկամներ ու նաև մեծ պատասխանատվություն է նրանց վստահությանն արժանանալը։
 
- Որտե՞ղ եք ստացել նկարչական կրթությունը։
 
- Ինչպես ասացի, դեռ վաղ հասակից՝ դպրոցից, տարբերվել եմ իմ նկարչական ունակություններով։ Այս շրջանում էր, որ ծանոթացա ապագա ուսուցիչներիս՝ Վոլխոնսկիների հետ ու, ոգեշնչված նրանց արվեստով, ընդունվեցի Գալինա Սերգեևնայի նախատատի՝ Աննա Գոլուբկինայի անվան ստուդիան։ Դրանից հետո, 2003 թվականին, ընդունվեցի և ավարտվեցի ընդունվեցի Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժանմունքը։
 
- Ո՞րն է ձեր ձգտումը՝ որպես արվեստի գործիչ։
 
- Որպես արվեստագետ ես ցանկանում եմ մարդկանց  գեղեցկությունը վերապրելու պահեր պարգևել, հույզեր ու զգացմունքներ ներշնչել իմ կտավների միջոցով։ Ես շատ սիրում եմ դիմանկարի ուղղվածությունը։ Մի տեսակ պահը հավերժացնելու պատրանք է դա հաղորդում։ Երբ նկարում ես քար, լեռ և այլն, գիտակցում ես, որ մեկ, հինգ, տասը տարի անց դրանք նույն տեսքն են ունենալու։ Սարերը կարող են կանաչել, հետո՝ եղանակի փոփոխության հետ, վերադառնալ իրենց նույն տեսքին։ Նույնը, ցավոք, չենք կարող ասել մարդու մասին։ Ժամանակի հետ մարդը փոխվում է անդառնալիորեն, և դրա դեմ ոչինչ չես անի։
 
- Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված։
 
- Ինչպես ասացի, հայրենիքում հաստատվելու մեծ ցանկություն ունեմ և արդեն գործուն քայլեր եմ ձեռնարկում այդ ուղղությամբ։ Նաև դիմել եմ Հայաստանի մշակույթի գործիչների միությանը՝ անդամակցելու  խնդրանքով։ Ուզում եմ ներգրավվածություն ունենալ հայրենական մշակույթի զարգացման գործում։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարության կողմից առաջարկ եմ ստացել Հովհաննես Այվազովսկու անվան ամենամյա միջազգային մրցույթի կազմկոմիտեին անդամակցելու մասին և սա էլ, կարծում եմ, ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է, որը չարժե բաց թողնել։
 
- Ի՞նչ երազանքներ ունեք։
 
- Օ՜, երազանքներ ունեմ, բայց, ինչպես ասում են՝ եթե ուզում ես երազանքներդ իրականանան՝ մի' բարձրաձայնիր։ Փայփայիր դրանք քո մտքերում ու գնա դեպի իրագործում։
 
- Դեկտեմբերի 22-ից 28-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցեցիք «Новогодние фантазии» խորագրով Ժամանակակից մշակույթի միջազգային  ցուցահանդես-մրցույթին և արժանացաք Առաջին հորիզոնականի․ ի՞նչ զգացումներ ունեք։ 
 
- Ուրախ եմ, ոգևորված։ Մշակույթի մարդու համար գնահատված լինելը կարևոր է։ Արվեստի գործիչը միշտ էլ հավակնոտ է։ Եվ այս հավակնությունները ստիպում են նվաճել նորանոր հաջողություններ։ Սրանք տպավորություններ են, որոնք չեն լքում հետագայում։ Օրինակ, 2022 թվականին, Երևանից ստացված հրավերով, մասնակցեցի շինարարական էքսպոյի, որտեղ ցուցադրվեց կանանց դիմանկարների իմ հավաքածուն՝ «Աշխարհի կանայք» խորագրով։ 2023 թվականին էլ Եվրասիական նկարիչների միության Մոսկվայի բաժանմունքի նախաձեռնությամբ, «Արտ-Կոմունա» պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսը։ Այս ամենից ստացած լիցքերը նոր արարումների ծնունդ են տալիս։
 
Զրուցեց Անան ՆԱՃԱՐԸ