Միայն տաճար ու խաչքար չէ, որ կարող ենք ցուցադրել

«ITB Berlin» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանն էլ է մասնակցել:

Մենք շատ ենք խոսում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, դրա համար պայմաններ ստեղծելու, տնտեսության այդ ոլորտի հաշվին մեր երկրի եկամուտներն ավելացնելու անհրաժեշտության մասին: Չի կարելի ասել, թե բոլորովին գործ չի արվել, սակայն եթե դրսի աշխարհին պատշաճ կերպով ներկայացվեն Հայաստանում առկա եզակի արժեքները, անգամ ծով չունենալը չի խանգարի, որ շատերը որոշեն իրենց հանգիստը այստեղ անցկացնել:

Քանիցս խոսվել է այն մասին, որ կարելի է գործուն հանգիստ փնտրողներին հետաքրքրել մեր երկրի պատմական հուշարձաններով, հնագույն քաղաքակրթության հազվագյուտ գտածոներով ու սրբավայրերով: Թե չէ Հայստանից դուրս ապրող այսպես ասած միջին մարդը մեր երկրի մասին գիտի միայն այն, որ առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, մեկ էլ այն, որ ցեղասպանություն է տեղի ունեցել:  

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացված «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին այս տարի նույնպես Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են քսանից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուրօպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն են ունեցել մեծ ճանաչում ունեցող այդ ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։

Ի դեպ` «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966ից և մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքների 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տարբեր երկրների զբոսաշրջային ուղղություններն և կարողությունները, ցուցադրել զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունները, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաներ բացահայտել:

Արդյոք, այդ ցուցահանդեսի ժամանակ մեր պատվիրակները կարողացե՞լ են ներկայացնել մեր հազվագյուտ ժայռապատկերները, 330 հազ. տարվա հնության քարե գործիքների ամբողջ արտադրամասը, վեցհազարամյա կոշիկն ու գինեգործարանը, հնագույն աստղադիտարան Քարահունջը, Տաթևի ճոճվող սյան առեղծվածը, քարանձավների գաղտնիքները…

Սրանք դեռ ամենահանրահայտներն են, ցուցադրելու այս կարգի բազմաթիվ բաներ կան, որոնք այցելուին հետ կտանեն հազարամյակների խորքերը, որպեսզի նրանք գուցե թե այդուհետև մի փոքր ավելի խելոքացած ու գնահատող հայացքով նայեն իրենց ապրած աշխարհին:

Չէ՞ որ զբոսաշրջությունը միայն հանգիստ չէ, այն առաջին հերթին ճանաչողության հնարավորություն է: Իսկ մեր երկրում միայն տաճար ու խաչքար չէ, որ կարելի է ցուցադրել: Այստեղ ճանաչելու արժանի այնքան բան կա, որի միայն մեկ տոկոսն ունենալով` շատ երկրներ այսօր զբոսաշրջիկների հոսքից գլուխ բարձրացնել չեն կարողանում: Հարց է ծագում` մեր երկրի զբոսաշրջության կազմակերպիչներն ու իրականացնողները որքանո՞վ են մեր ունեցածին տեղյակ: