Խոսող նախշեր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Մենք հաճախ ենք կենտրոնանում առարկաների, նյութական աշխարհի վրա՝ մոռանալով ամենակարևորը՝ մարդուն, նրա զգացմունքները, մտքերը, ներաշխարհը։
 
Սակայն, իրական արժեքը ոչ թե նյութական իրերն են, այլ այն, ինչ մենք փոխանցում ենք միմյանց՝ մեր սիրո, ուշադրության, հոգատարության միջոցով։ Եվ եթե կա մի բան, որը կարող է մեզ սովորեցնել մարդասիրության մասին, դա հենց պատմությունն է՝ փոխանցված սերնդեսերունդ, երբեմն բառերի, իսկ երբեմն էլ՝ պատկերների միջոցով։
 
Ես իմ ամենամեծ բացահայտումներից մեկը արեցի՝ ուսումնասիրելով հին հայկական խեցեգործության զարդապատկերները, Մատենադարանի մանրանկարները, դարավոր զարդանախշերն ու դրանց մեջ թաքնված ուղերձները։ 
 
Ինչպես բանաստեղծը գիրք է գրում՝ իր զգացմունքներն ու պատմությունը փոխանցելու համար, այնպես էլ մեր նախնիները իրենց արվեստի միջոցով փորձել են պահպանել ու պատմել իրենց ժամանակների ամենակարևոր գաղափարները։
 
Այս զարդապատկերները միայն գեղեցիկ նախշեր չեն. դրանք մի ամբողջ գիրք են, որը պետք է պարզապես կարդալ։ Գույները, ձևերը, դասավորությունները ոչ միայն դեկորատիվ տարրեր են, այլև հաղորդագրություններ, որոնք արտացոլում են ժամանակաշրջանի տրամադրությունը, միջավայրը, երբեմն նույնիսկ եղանակը։ 
 
Այս ուսումնասիրությունն ինձ համար դարձավ մեծ քայլ՝ դեպի ավելի խոր ընկալում՝ աշխարհի, արվեստի, դիզայնի։
 
Հասկացա, որ ամենաարդիական դիզայնը չի կարող գոյություն ունենալ առանց պատմության հիմքի։ Աշխարհի ամենահզոր նորարարությունը ոչ թե նորը ստեղծելն է, այլ հնի վերաիմաստավորումը, հին մշակույթը վերածնելն ու նորովի ներկայացնելը։ 
 
Հայկական զարդապատկերները, երբ ներդաշնակ համադրվում են ժամանակակից մտածողության հետ, կարող են դառնալ մեր մշակույթի նոր շունչը, մի կամուրջ՝ անցյալի ու ապագայի միջև։
 
Ես հպարտ եմ, որ կարող եմ լինել այս մշակութային շարունակականության մի մասնիկը։ Զարդապատկերներին նոր իմաստ հաղորդելով, դրանք վերածնելով դիզայնի «լեզվով»՝ ես զգում եմ, որ ոչ միայն պահպանում եմ անցյալը, այլև նոր էջ եմ ավելացնում մեր պատմությանը։ 
 
Յուրաքանչյուր նոր ստեղծագործություն, յուրաքանչյուր նոր զարդանախշ մի քայլ է դեպի այն գաղափարը, որ մենք՝ արվեստի մարդիկ, կրում ենք նույն առաքելությունը։ 
 
Մենք բոլորս՝ խեցեգործները, նկարիչները, դիզայներները, մշակույթի պահպանողները, նույն դերն ենք կատարում. մենք ուսումնասիրում ենք մեր հին պատմությունը, ավելացնում մեր ներկայությունը և փոխանցում այս ժառանգությունը ապագային։
 
Մեր գործը միայն անցյալի պաշարը պահպանելն ու կրկնելը չէ. մենք հնարավորություն ենք տալիս հաջորդ սերնդին՝ ավելացնելու, ստեղծելու, շարունակելու այս պատմական հոսքը։ 
 
Եթե մենք, որպես արվեստագետներ, կարողանանք արթնացնել այս գիտակցությունը նոր սերնդի մեջ, եթե նրանց մեջ սերմանենք սերն այս ժառանգության հանդեպ, ապա մեր մշակույթը կապրի, կշարունակվի, կզարգանա։ Դա կլինի մեր արվեստի և մշակույթի ամենամեծ հաղթանակը։
 
Շատ եմ հարգում և մեծ գնահատանքով եմ վերաբերվում բոլոր այն արվեստագետներին, ովքեր կերամիկայի ոլորտում փորձում են նորովի մատուցել մեր նախնիների զարդապատկերները, տարածել դրանք աշխարհով մեկ, դրանց հաղորդել նոր շունչ, նոր իմաստ։ 
 
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ կարողանա իր զարդապատկերների, իր ձևավորման միջոցով ավելացնել իր պատմությունը, իր դարաշրջանի զգացողությունը, իր անձնական ու մշակութային ինքնությունը։
 
Այս գործընթացը երբեք չպետք է կանգ առնի. արվեստը մշտապես նորովի է ծնվում, մշտապես վերածնվում, ինչպես հին զարդապատկերների հոսքը, որը գալիս է անցյալից, ապրում մեր ժամանակներում և շարժվում դեպի ապագա։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր նոր ստեղծագործող, ով ուսումնասիրում է, գնահատում ու նորովի մատուցում մեր մշակութային ժառանգությունը, դառնում է այս մեծ պատմության մի մասը։ Եվ հենց այս պատմության շարունակականության մեջ է մեր իսկական արժեքը։
 
Հին նախշերի մեջ թաքնված ժամանակի ուղերձները
 
Երբևէ մտածե՞լ եք, որ մենք բոլորս, անկախ մեր մասնագիտությունից, պարզապես անհատներ չենք։ Մենք բոլորս փոխանցողներ ենք։ Մեր միջոցով է պատմությունը հոսում ժամանակի միջով, մեր միջոցով է անցյալը դառնում ներկա, իսկ ներկան՝ ապագա։ Մենք ոչ միայն կրում ենք մեր նախնիների թողած ժառանգությունը, այլև այն վերաիմաստավորում ենք, ավելացնում մեր փորձը, մեր գիտելիքները, մեր տեսլականը, որպեսզի հաջորդ սերունդը ոչ միայն պահպանի, այլև զարգացնի ու նորովի ստեղծի։
 
Մեր նախնիները զարդապատկերների միջոցով փոխանցել են ուղերձներ, արժեքներ, զգացմունքներ, պատմություններ։ Ուշադրություն դարձնելով դրանց մանրուքներին՝ կարելի է հասկանալ ոչ միայն այն, թե ինչ պատմություն է ուզում փոխանցել արվեստագետը, այլև ի՞նչ տրամադրություն է ունեցել նա, ի՞նչ եղանակ էր այն ժամանակ, ի՞նչ էր կատարվում հասարակության մեջ։
 
Հին արվեստը՝ որպես նոր հնարավորությունների հիմք
 
Այս գիտակցությունը դարձավ իմ արվեստի ընկալման նոր շրջադարձային կետը։ Ես հասկացա, որ ժամանակակից դիզայնը չի կարող գոյություն ունենալ առանց պատմության հիմքի։ Հենց այդ պատմությունն է, որ խորություն, իմաստ ու ուժ է տալիս ստեղծագործությանը։
Այդ պատճառով իմ առաքելությունն եմ համարում՝  այս ուղերձները կարդալը, հասկանալը, վերաիմաստավորելը,  նորովի մատուցելը մեր ժամանակակից աշխարհում։ 
 
Ես ցանկանում եմ, որ մեր մշակույթը ապրի ոչ թե որպես անցյալի արձագանք, այլ որպես հիմք, որից ծնվում է նորը։
 
Եվ հենց այդ ճանապարհին, աշխատելով Lagguz studio-ի հետ, ես ստացա ազատ ստեղծագործելու հնարավորություն՝ հետևելու իմ երազանքին, ուսումնասիրելու, փորձարկելու ու նորովի մատուցելու հին հայկական մշակութային գանձերը։
 
Մարդասիրությունը որպես ամենամեծ ժառանգություն
 
Մեր նախնիները զարդապատկերների, գույների, պատկերների միջոցով փորձել են փոխանցել սերը դեպի մարդը, ոչ թե դեպի առարկաները։
 
Հենց այս գաղափարն է, որ պետք է դառնա մեր ստեղծագործական ուղու առանցքը։
 
Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև զարգացնենք, տարածենք, դարձնենք համաշխարհային արժեք, փոխանցենք մեր մշակույթն ու ստեղծագործական ժառանգությունը՝ նորարական լուծումներով այն ներկայացնելով աշխարհին։
 
Մեր մշակույթի զարգացումը կախված է մեզանից։ Եթե մենք գիտակցաբար փոխանցենք մեր գիտելիքները, արվեստն ու արժեքները, ապա հաջորդ սերունդները կշարունակեն ստեղծել, վերածնել, արթնացնել այս ժառանգությունը։ Մենք ենք որոշում՝ կլինի՞ այն կենդանի մշակույթ, թե՞ կմնա պատմության էջերում։
 
Ես համոզված եմ, որ մենք՝ ստեղծագործողներս, մշակույթի պահպանողներն ու նորարարներն ենք։ Մենք ենք մեր ժառանգությունը դարձնելու ապագայի մաս, մեր ստեղծագործական միտքը՝ նորարական ուժ, իսկ մեր արվեստը՝ համաշխարհային արժեք։
 
Հետևություն
 
Մեր ժամանակներում մենք նույնպես կարող ենք մեր մշակույթն ու պատմությունը վերածել նորի ծննդի հիմքի, ինչպես մեր նախնիներն արեցին իրենց ժամանակներում։
 
Այդ նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է.
ա․ Ուսումնասիրել անցյալը՝ հասկանալու նրա խորությունը,
բ․ Վերաիմաստավորել՝ գտնելով նոր ստեղծագործական մոտեցումներ,
գ․ Սիրել մարդուն ու մարդասիրությունը դնել արվեստի կենտրոնում,
դ․ Համարձակ լինել նորարարության մեջ՝ պահպանելով ավանդույթը։
 
Այսպիսով, մենք կարող ենք մեր մշակույթը դարձնել ոչ միայն պահպանվող, այլ նաև զարգացող, ստեղծագործող ու համաշխարհային։
Մեր առաքելությունը պատմությունն ու արվեստը փոխանցելն է, բայց ոչ միայն որպես հիշողություն, այլ որպես շարունակական, ստեղծագործական ուժ։
Սա է մեր ճանապարհը՝ անցյալի իմաստն ու ապագայի տեսլականը միաձուլելու արվեստում։
 
   Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
   նկարիչ, դիզայներ
   LAGUZ studio -ի art տնօրեն