«Նոր անուններ»-ի 7-րդ միջազգայինը

Վաղը` հունիսի 2-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը: Հաջորդող երկու օրերի ընթացքում նույն համերգասրահում երևանյան հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները։

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի համոզմամբ`  «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնն այն լավագույն հարթակներից է, որի շնորհիվ հնարավոր է հայտնաբերել, ճանաչել շնորհալի երեխաներին , այնուհետև` աջակցել և նպաստել  նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

-Նախարարության և նախարարի անունից ողջունում եմ փառատոնին մասնակից  բոլոր երեխաներին, ինչպես նաև  նրանց մանկավարժներին, որոնց նվիրվածության շնորհիվ մեր երեխաները տարբեր հեղինակավոր մրցույթներում մշտապես արժանանում են մրցանակների,-երեկ հրավիրված մամլո ասուլիսում նշել է Ա. Պողոսյանը:  

Իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սիլվա Մեքինյանի խոսքով`

- Այս տարի փառատոնի հյուրեկ երաժիշտների մեծ մասը շնորհաշատ հայազգի պատանիներն են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու նրա մշակույթին։ Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային բազմազան ծրագրեր: Պատանիները մոտիկից կծանոթանան Հայաստանին. կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, ինչպես նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր: