Քե′զ համար, Ազնավուր

ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Ավելորդ է ասել, թե որքան անհամբերությամբ էին սպասել այս համերգին` աշխարհահռչակ շանսոնյեի երկրպագուները: Ասել է թե` ամեն մի հայ. նաև նրանք, ովքեր այս երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անձամբ չէին վայելում մեր ազգային հպարտություն Շառլ Ազնավուրի ներկայությունը` «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգում: Համերգին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ինչպես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է նշել` հիրավի բացառիկ էր համերգային ծրագիրը. Ազնավուրի երգերը հնչում էին հայ երգիչների կատարմամբ` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Եթե հակիրճ` ապա Օպերային թատրոնում այս երեկոն երգարվեստի հրավառություն էր, տոն, որի պարգևած վայելքը դեռ երկար ջերմացելու է ներկաների հոգիները:

Համերգի ծրագիրն ինքնին խոսուն էր. 1988-ի աղետից հետո փլատակների մեջ կենդանության նշաններ որոնող հայաստանաբնակների նաև հոգիներն էին ավերակվում, երբ հանց հույսի մի շող ճառագեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը: Ու հիմա ծրագրի կազմակերպիչներն այդ ձոն-մաղթանքի ոգով մեր ժողովրդի երախտագիտությունն էին հղում ազգիս արժանի զավակին` նրա ծննդյան տոնի առիթով: Ասվածի վկայություններից մեկն էլ համերգի ավարտին բոլոր ներկաների ձայներով հնչած «Քեզ համար, Հայաստան» երգի կատարումն էր` բազում մաղթանքների, օրհնության և շնորհակալական խոսքերի փոխարեն:

Բեմահարթակից հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը, որոնց ներքո առնվազն երկու-երեք սերնդի գեղագիտական ճաշակն է հղկվել: Իսկ կատարողներին պատասխանատվությունից զատ նաև օրինական հպարտության և ազնավուրյան մեղեդին անսխալ հնչեցնելու երկչոտությունն էր համակել:  Պերճ Թուրաբյան,  Արման Նշանյան,   Արամո, Գոռ Սուջյան, Էմմա Պետրոսյան,  Տիգրան Պետրոսյան, Անդրե… Բոլորի անունները չես թվարկի: Ու, երևի, դա էական էլ չէ: Կարևորը այն մթնոլորտն էր, որ նաև իրենց` կատարողների շնորհիվ էր թանձրացել` որպես մաքրամաքուր երգարվեստի շքահանդես: