Շրջիկ գրադարանների նորօրյա հեռանկարը

ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանի անկախությունը անսպասելի շրջադարձ արձանագրեցին հայաստանցիների և գրքի հարաբերություններում: Գրախանութներում գրքերի հերթերն իսպառ վերացան, իսկ շատ չանցած՝ փակվեցին վաճառքի այդ հաստատությունները: Գրադարաններ կային ցանկացած հեռավոր գյուղում (այդ թվում և՝ դպրոցական), սակայն դրանք այլևս նոր գրքեր չէին ստանում, և շատերն անգործության մատնվեցին: Իսկ ամենացավալին այն է, որ նվազեց նաև մեր գովական ընթերցասիրությունը: 
 
Դարը փոխվել է, փոխվել են նաև միջոցները: Հեռավոր գյուղերում ու փոքր քաղաքներում բնակիչների համար ընթերցանության գիրք ձեռք բերելը հեշտացնելու նոր հնարավորություն է ընձեռուն մեր Մշակույթի նախարարությունը: Գրքի արժեքը բարձր գնահատող նախարար Արմեն Ամիրյանն Ազգային ժողովում ասել է, որ բարերարների միջոցներով ձեռք է բերվելու 10 ավտոբուս, որոնք գրքերով հագեցած՝ կշրջեն Հայաստանով և դրանք կտրամադրեն ընթերցողներին: Շրջելու ճանապարհին կրկին նույն բնակավայրը վերադառնալով՝ արդեն ընթերցված գիրքը հետ կվերցնեն: Այսպիսով ավտոբուս-գրադարանները բնակիչների հմար կհեշտացնեն գրքին հասնելու ուղիները: 
 
Հայաստանում այսօր հիրավի արժեքավոր շատ գրքեր են հրատարակվում. գեղարվեստական ու գիտական գրականության պակաս, կարելի է ասել, չկա: Պակասը միայն գրքերի տպաքանակն է, որը շատ դեպքերում մնում է գրախանութների ցուցափեղկերում կամ հեղինակների պահարաններում: Դրանց կարիքն իրապես ունեցող մարդկանցից շատերը պարզապես զուրկ են ֆինանասական միջոցներից, որպեսզի կարողանան գրքեր ձեռք բերել: Շատերը, օրինակ, ամենատարբեր ակցիաների են մասնակցում, որպեսզի երազած գիրքը ունենան:
 
Եթե ավտոբուս-գրադարանները կարողանան արժեքավոր գրքերն իրենց իսկական հասցեատերերին հասցնել և հայ ընթերցողի մեջ իրական հետաքրքրություն բորբոքել՝ երկուստեք օգտակար գործ կարվի: Նախ ընթերցողը կշահի, ապա կավելանան գրքերի տպաքանակները՝ շահ բերելով թե՛ հրատարակչություններին, թե՛ հեղինակներին: Իսկ սա էլ իր հերթին կնպաստի, որ ավելի որակյալ գրքեր ստեղծվեն: 
 
Ամենակարևորը՝ հայ մարդը վերստին կբարեկամանա իր վաղեմի անդավաճան ընկերների՝ գրքերի հետ: