Սկիզբ՝ նոր շարունակության

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՃԱՄԲԱՐԸ

Դիլիջանի գողտրիկ այս անկյունը երևի վաղուց այսքան աշխույժ չէր եղել ու միանգամից այսքան երիտասարդ չէր առել իր գիրկը: Ստեղծագործական ավյունով լեցուն՝ հայ վրացի երիտասարդներն այստեղ անկաշկանդ հաղորդակցվում են երաժշտության լեզվով, ճանաչում են միմյանց, ավելի գունագեղ են դարձնում երաժշտարվեստի իրենց ներկապնակը և, իհարկե, հուշեր են ամբարում՝ գուցեև ողջ կյանքի համար:
 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հրավերով Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը,  հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում, «բանակել¦ է հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբարը: Եվ, ինչպես պարզվեց,  այստեղ անցկացրած երեք օրն էլ բավական էր՝ համատեղ ուժերով բեմ ելնելու, միմյանց նվագակցելու, ունկնդրին վայելք պարգևելու համար:
 
Այդօր նրանց այցելել էին ՀՀ մշակույթի նախարարը, արվեստի գործիչներ և լրագրողներ: Ու հյուրերի աչքից չէր կարող վրիպել, թե որքան իրքնաբուխ էին նրանց կատարումները, և այն, որ բարեկամության կամուրջն արդեն նետված է հարևան երկրների արվեստակից այս 4 տասնյակ երիտասարդների միջև: Ինչպես նախարար Արմեն ԱՄԻՐՅԱՆԸ նշեց՝
 
- Սա կարևոր հանդիպում է, որովհետև անկախություն ձեռքբերելուց հետո մենք կարծես կորցրել էինք իրար, ինչը շատ վատ է:
 
«Ուշացա՞ծ չէ, արդյոք, բարեկամության կամուրջը նորոգելու այս քայլը» հարցի պատասխանն էլ հիմնավոր էր. 
 
- Թերևս մի քիչ ուշ է, բայց ո՛չ ուշացած, որովհետև ցանկացած պահի սկսելը սկիզբ է մի նոր շարունակության: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ-վրացական հատկապես մշակութային փոխհարաբերությունները լինեն շատ բարձր մակարդակի: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչո՞ւ երիտասարդական ճամբար. որովհետև նրանք են, որ պետք է ապագայի կամուրջներ կապեն, ստեղծեն հայ-վրացական նոր փոխհարաբերություններ: Իսկ բոլորիս հայտնի է, որ դեպի մարդկանց սրտեր ու հոգիներ տանող ամենաուղիղ ճանապարհը արվեստն է,- նշեց նախարարը:
 
Նա նաև համոզմունք հայտնեց, որ դիլիջանյան օրերը կնպաստեն ոչ միայն ճամբարականների բարեկամությանը, այլև մշակութային նոր ձեռնարկումներին, նոր գաղափարների հղացմանը: 
 
Ճամբարականների համար այս օրերին ավագ բարեկամ և լավագույն խորհրդատու է հյուընկալ տանտերը՝ անվանի երգահան, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահն արվեստի վաստակավոր գործիչ Արամ ՍԱԹՅԱՆԸ:
 
- Այսպիսի համատեղ միջոցառում վաղուց չէր եղել: Այսօր ակնհայտ է, որ հայ և վրացի մեր երիտասարդները երաժշտության միջոցով կարողացան ընդհանուր լեզու գտնել: Եվ բոլորովին էական չէր, թե նրանցից ով ինչ լեզվով է խոսում՝ հայերե՞ն, վրացերե՞ն, անգլերե՞ն, թե՞ ռուսերեն: Կարծում եմ՝ այսպիսի միջոցառումներ կարող են լինել ոչ միայն վրացիների հետ և՝ ո՛չ միայն երիտասարդների մասնակցությամբ: Այստեղ կարող են հյուրընկալվել ավելի ճանաչված ստեղծագործողներ՝ տարբեր երկրներից,-ասում է արվեստագետը:
 
Ա. Սաթյանը լավատես է. հույս ունի, որ ավանդույթերի հետ մեկտեղ կվերականգնվի նաև կոմպոզիտորների ստեղծագործական տունը, նրա տարածքն ու դեպի երաժշտաշխարհի երբեմնի հմայիչ այդ անկյուն տանող ճանապարհը: Նա ցանկանում է, որ կանաչ բլուրների գրկում ծվարած այդ անկյունը նախկինի նման հյուրընկալի համաշխարհային հայտնի դեմքերի.
 
- Այստեղ կարելի է կազմակերպել հիանալի փառատոններ, որոնք կներկայացնեն Հայաստանն ու հայ մշակույթը: Կարևորը ցանկությունն է. երբ կա ցանկություն՝ ամեն ինչի կարելի է հասնել,-համոզված է նա:
 
Իսկ ցանկությունն ակնհայտ է: Ակնհայտ է նաև թեկուզ սուղ միջոցներով անել հնարավոր առավելագույնը:
 
Նկատե՞լ եք՝ երբեմն դժվարանում ես հրաժեշտ տալ դեռ անձամբ չծանոթացած մարդկանց: Բեմում տարաժանր երաժշտության թևերով քիչ առաջ ճախրող տղաներն ու աղջիկները բակում ոգևորված պատմում են, որ հրաժեշտի խարույկից առաջ առանց ընդմիջան ու անսահմանափակ ժամանակով համերգ են տալու: Հետո ասես սթափվում են ու իրար հարց տալիս՝ 
 
- Բայց ժամանակը կհերիքի՞, որ մեր ուզածի չափ երգենք ու նվագենք:
 
Իսկապես, անողոք է ժամանակը, երբ անելիքներդ շատ են, ծրագրերդ՝ բազմազան: Եվ մինչ բեմում իրենց հյուրեկ ունկնդիրներին հիացրած Վահագն Վարդանյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Աննա Պետրոսյանը (ջութակահար), Հասմիկ Հակոբյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Արեգնազ Մարտիրոսյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Բարբի Մինասյանը (կոմպոզիտոր, կիթառահար), Էլեն Յոլչյանը (կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ) փորձում են հաշվել, թե հրաժեշտի համերգի համար քանի ժամ կկարողանան «կորզել¦ անգթորեն կարճ ժամանակից՝ մենք հրաժեշտ ենք տալիս:
 
Հեռանում ենք անտառում «մոլորված» երաժշտական կղզյակից՝ շուտով այն իր ողջ շուքով տեսնելու լավատեսությամբ համակված: