Պատվավոր «սև ցուցակ»

«ԵՍ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ ԵՄ՝ ԻՄ ՁԱՅՆԸ ՆՐԱՆՑ ՁԱՅՆԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ»

Մինչ Ադրբեջանում ատամ կկռճտացնեն և իրենց փայփայած «սև ցուցակի» պատվավոր հորիզոնականներում ՀՀ քաղաքացի Դանիել Դեքերի համար տեղ կառանձնացնեն, ամերիկացի երգիչը հույս ունի համերգներով հանդես գալ նաև Հայաստանի մարզերում՝ եթե կազմակեպական խնդիրները ժամանակին լուծվեն:
 
Ահա թե ինչու դեռևս 2015-ին նա  իր «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում գրել էր՝
 
- Իբրև հայոց հողում չծնված մեկը՝ ես հայության կողքին եմ՝ իմ ձայնը նրանց ձայնին միացնելու. միասին ենք, ուստի չենք նահանջելու, չենք ընկճվելու, չենք ընկրկելու։ Ճշմարտությամբ կազատագրվենք...
 
Այն, որ ամերիկացի երգիչ և երգահան Դանիել Դեքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացավ 2015թ. ապրիլի 23-ին, լիովին կարող է համարվել քարոզչական քայլ ընդդեմ Հայոց ցեղասպանությունն ուրացողների: Իսկ այս տարի արդեն նա 17-րդ անգամ հայոց երկիր է եկել՝ մասնակցելու Արցախի անկախությն և Շուշիի ազատագրության   25-ամյակներին: 
 
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը խոսել է սպասվելիք համերգների և ծրագրերի մասին. 
 
- Սեպտեմբերի 3-ին Արցախում կներկայացնեմ «Իմ Արցախը» նախագիծը։ Համերգի ընթացքում երկու ստեղծագործության նորամուտ կլինի: Դրանցից մեկի՝ «Արաքս»-ի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունը գրել է Արա Գևորգյանը։ Երգը հենց այդ գետի և ժողովրդի հետ նրա զրույցի մասին է։ Մյուսը՝ «Իմ Արցախ» երգը, հարցազրույց է Արցախի ու քաջ ժողովրդի միջև։ Շատ ուրախ եմ, որ բեմում ինձ հետ լինելու են իմ ընկերները՝ սիրված երգիչներ Համլետ Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը, Անահիտ Շահբազյանը, Եվա Եգանյանը:
 
Այս նախագծի հովանավորներն են հայկական երկու պետությունների մշակույթի նախարարությունները։
 
Իսկ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հանգամանքը Դեքերին շատ քիչ է հուզում` ի ցավ մեր ոչբարով հաևանների: 
 
- Եթե այդ «սև ցուցակը» կա, ես պատիվ ունեմ այնտեղ գտնվելու։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակն ինձ համար պատրաստ է։ Ես դրանից չեմ նեղվում, քանի որ կանգնած եմ ճշմարտության կողքին։