Վատ ատամները խանգարում են ծառայել բանակում

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ԼՈՒՐՋ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ

Իհարկե` առաջին պահին կարելի է նաև մտածել, թե զինվորական դառնալու համար լատվիացիների խելքը գնում է, կամ` այնքան հայրենասեր են, որ խմբերով բանակ են ուզում մտնել` իրենց հայրենիքն անառիկ պահելու համար:

Բայց արի ու տես, որ ի հակադրություն այս բուռն ցանկության` Լատվիայի Ազգային զինված ուժերի մասնագիտական ծառայությունը չունի ռազմական անձնակազմ:

Նրանց չզինվորագրելու պատճառը բծախնդիր ընտրությունն է. դրա համար ոչ միայն լիարժեք առողջ պետք է լինել, այլ նաև… բարետես: Այո, այո` շատերը չեն ընդունվում բանակ` վատ ատամներ ունենալու պատճառով (գրել է Delfi ինտերնետային պորտալը):

ՆԱՖ-ի հրամանատար Լեոնիդ Կալինշը լրագրողներին պատմել է անսպասելի խնդրի մասին, և պարզվել է, որ շատ լատվիացիներ վատ ատամներ ունեն: Նա նշել է, որ հիվանդանոց տեղափոխված մարդկանց մոտ 40 տոկոսը բուժում է պահանջում: Նման իրավիճակում նրանք չեն կարող անմիջապես տեղափոխվել ծառայությանը:

- Մեր ֆինանասների հաշվին զորակոչվողներին մենք օգնում ենք բուժել իրենց ատամները, - ասել է հրամանատարը:
Ընդհանուր առմամբ, Լատվիայի մասնագիտական ծառայությունը պետք է ունենա 6,500 զինվոր: Մինչդեռ, կայքի տվյալներով, զինվորական ծառայությունում առկա է միայն 5 հազարը:

ՆԱՏՕ-ում ընդգրկվելուց առաջ` 2004 թվականին, Լատվիայում չեղարկվել էր ժամկետային զորակոչը, և այնտեղ հիմա գործում է պրոֆեսիոնալ բանակ: Իսկ այս տարի զինծառայողների նվազագույն աշխատավարձը կազմում է 850 եվրո:

Փաստորեն` բարձր աշխատավարձը հայրենասիրության պատրանք կարող է ստեղծել, մինչդեռ ամենուր մարդիկ ընդամենը հարմար աշխատանք են որոնում:

Հետաքրքիր է, հանուն պատկառելի այս աշխատավարձի ՀՀ զինված ուժերում ծառայելը նույնքան բաղձալի՞ կդառնար: