Փնտրվում է մոգության դասախոս

Մեր հեռուստաալիքներից մեկով պարբերաբար գովազդվող՝ այսպես կոչված մոգերը, հետաքրքիր է, չե՞ն ցանկանա ուսանել կամ ուսուցանել մոգություն դասավանդող այս բուհում, որն առայժմ մասնագետ դասախոս է որոնում:
 
Այն, որ ուսումնական հաստատություններն այսօր զանազան նորագույն ու շատերի համար անըմբռնելի մասնագիտություններով են հագենում՝ ընկալվում է որպես մեր ժամանակների շունչ: Իսկ ահա Կանադայի Կառլսթոնի համալսարանում որոշել են նոր շունչ տալ հին ժամանակներին: Այս բուհում բացվել է մոգության ամբիոն, որն անվանակոչվել է լրատվության աշխարհի հսկա և մեկենաս Ալան Սլեյթի պատվին. մարդ, ով իր գործունեությունն սկսել է որպես հյուրախաղերով հանդես եկող մոգ: 
 
Մոգության ամբիոնը, ինչպես հաղորդել է «Վայսը», բացվել է համալսարանի արվեստի և սոցիալական գիտությունների ֆակուլտետում: Համալսարանից տեղեկացրել են, որ մոգության ուսումնասիրությունները կրում են «միջառարկայական բնույթ»: 
 
- Նոր դասընթացը ներառում է հոգեբանություն, պատմություն, գրականություն, հաղորդակցությունների տեսություն, աստվածաբանություն և թատրոն,- հաղորդում է լրատվամիջոցը: 
 
Միակ դժվարությունը, որը ծառացել է նորաստեղծ ամբիոնի ճանապարհին, համապատասխան մասնագետի բացակայությունն է: Կարելի է ասել՝ մոգության ամբիոնում պահանջվում է գրեթե մոգական կարողությունների տեր դասախոս: Նա պետք է դոկտորի գիտական աստիճանի հասած լինի արվեստի կամ սոցիալական գիտությունների ոլորտում, ունենա դասավանդելու փորձ և ամենակարևորը՝ կարողանա աշխատել մի քանի առարկայի սահմաններում: Եթե նման բնութագրով մասնագետ հայտնվի, համալսարանը պատրաստ է նրա հետ հինգ տարվա պայմանագիր կնքել: 
 
Սրանք, իհարկե, ժամանակակից անհատի համար անհասանելի պահանջներ չեն, այնպես որ հավանաբար Կառլսթոնի համալսարանում շուտով կսկսի գործել մի ամբիոն, որն ուսանողներին կսովորեցնի…
 
Մի քիչ դժվար է երևակայել, թե որն է նոր մասնագիտության էությունը և ինչ նպատակներ է հետապնդում: Մի՞թե միայն Ալան Սլեյթի անունը հավերժացնելը և նրա ընտանիքի նվիրաբերած միլիոնները ներդնելու անհրաժեշտությունը: Եթե այո, ապա սրանից կարելի է մի տխուր եզրակացություն անել. խոշոր փողատերերը կարող են բուհերում այնպիսի մասնագիտություններ «պատվիրել», որոնք կնպաստեն լոկ իրենց գրպանները մտնող գումարներն ավելի խոշորացնելուն կամ սեփական փառքը երկինք հասցնելուն: