ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ 3 ԱՄՍԵԿԱՆ «ԱՀԱԲԵԿՉԻՆ»

Որքան ահաբեկված պիտի լինի մարդը, առավել ևս՝ երկիր ներկայացնող կառույցը, որպեսզի նորածնին ահաբեկչության մեջ կասկածի: Բայց արի ու տես, որ Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչները երեք ամսական մի մանչուկի են հարցաքննության կանչել՝ ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով (տեղեկացրել է The Guardian-ը):
 
Մանկան ծնողները, չգիտես՝ լո՞ւրջ, թե՞ հումորով, հետո պատմել են, որ երեխան իրեն շատ լավ է պահել հարցաքննության ընթացքում ու նույնիսկ լաց չի եղել:
 
Փոքրիկին լրտեսության մեջ կասկածելու «պատճառ», իսկապես, ունեցել են դեսպանատանը: Նրա 64-ամյա պապը Ֆլորիդա մեկնելիս՝ թոռան վիզային հարցաթերթիկում սխալ պատասխան է գրել. «Ներգրավվա՞ծ եք ահաբեկչական, լրտեսական  գործունեության կամ ցեղասպանության մեջ» հարցին սխալմամբ պատասխանել է «այո»:
 
- Ես չէի կարող պատկերացնել, թե նրանք ի վիճակի չէին հասկանալ, որ դա մեծ սխալմունք է, և 3 ամսական երեխան ոչ մի կերպ վտանգ չի ներկայացնում… Ակնհայտ է, որ նա երբեք չի զբաղվել ցեղասպանությամբ կամ լրտեսությամբ: Չնայած  ժամանակին նա շատ խանձարուրներ է փչացրել, բայց այդ մասին ես չասացի ԱՄՆ դեսպանատանը,-ասել է «կասկածյալի» հայրը:
Ի դեպ, երեխայի ծնողներին 3000 ֆունտ ստեռլինգ են վճարել՝ մուտքի թույլտվության նախնական մերժման համար: