«Ուֆոլոգների փրկիչ» Բոբ Լազարը 30 տարի անց նորից խոսել է

Ամերիկացի 59-ամյա ֆիզիկոս Ռոբերտ Սկոտ Լազարին հաճախ կոչում են ուֆոլոգների (ՉԹԱ-ներ ուսումնասիրողների) փրկիչ: Հենց նա է 30 տարի առաջ ամբողջ աշխարհին ազդարարել, որ «51-րդ գոտի» ռազմական հենակետը (Area-51) այլմոլորակային աշխատակարգեր է թաքցնում և դրանց հիման վրա գաղտնի թռչող սարքեր է մշակում:
 
Լազարի պատմածները հզոր ազդեցություն են թողել ոչ միայն ուֆոլոգիայի զարգացման և գաղտնագիտության վրա, այլ նաև կինոարտադրության, այդ թվում՝ հանրահայտ «Գաղտնի նյութեր» սերիալի:
 
paranormal-news.ru կայքը տեղեկացնում է, որ 80-ականներին Լազարն աշխատել է Լոս-Ալամոյի գիտահետազոտական համալիրում, իսկ այնուհետև մի հենակետում, որը տեղադրված է  51-րդ գոտու կողքին: Իր խոսքով՝ անձամբ մասնակցել է գրավիտացիոն-ձգողական շարժիչների մշակմանը, որոնք ստեղծվել են այլմոլորակային նավերից առնված աշխատակարգերի հիման վրա: 
1989թ. մայիսին Լազարը՝ «Դենիս» կեղծանունով և քողարկված դեմքով, հատուկ հարցազրույցով հայտնվել է  Լաս-Վեգասի հեռուստաալիքում՝ լրագրող Ջորջ Քնապի հաղորդմանը: Նա պատմել է, թե ինչպես է աշխատել 51-րդ գոտու և Գրում լեյքի (աղուտ է ԱՄՆ-ում) հարևանությամբ գտնվող «S-4» կետում, ապաև, որ լեռան ստորոտում թաքնված ավիաանգարներ կան:
 
Այնուհետև Լազարը տեղեկացրել է, որ իրեն հանձնարարել են աշխատել ՉԹԱ-ների նմանվող օդային սարքերի վրա, իսկ անգարում 9 հատ ՉԹԱ է եղել: 
 
Թռչող սարքերով անգարները՝ Լազարի նկարագրությամբ
 
Մի քանի ամիս անց Բոբ Լազարը Քնապին դարձյալ հարցազրույց է տվել և այս անգամ հանդես է եկել իսկական անունով և բաց երեսով: Նա աել է, որ սարքերն աշխատել են 115-րդ տարրի հիմքի վրա (4 տարի անց՝ 2003թ., այդ նյութը պաշտոնապես ստացել է Մոսկովիում անունը), իսկ սարքերի շարժիչների սկզբունքը հենվում է ձգողականության ալիքների վրա:
 
Այնուհետև Լազարը տեղեկացրել է, որ ինքն անձամբ տեսել է փաստաթղթեր, որտեղ նկարագրված են ամենաքիչը վերջին 10 տարում «մոխրագույն» եկվորների ներքաշվածությունը մարդկային պատմության մեջ:
 
Լազարի պատմություններն անմիջապես հայտնվում են բազմաթիվ թերթերի ու հանդեսների գլխավոր էջերին, և առաջ են բերում քննադատական քննարկումների ալիք, բայց նաև երկրպագուների ամբոխներ են հայտնվում: Դա եղել է ուֆոլոգիայի ամբողջ պատմության գագաթնակետը, երբ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետաքրքվում էին ՉԹԱ-ներով ու եկվորներով:
Այդ ժմանակից Լազարը հարցազրույցներ հազվադեպ է տվել, բայց վերջերս նրա մասնակցությամբ մեկ ժամանոց վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Bob Lazar: Area 51 and Flying Saucers» վերնագրով: Ռեժիսորը՝ Ջերեմի Քորբելը, դեռևս 13 տարեկանում է դիտել Լազարի ելույթը: 
 
Լազարի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը չի կարողանում ներել «պետական գաղտնիքի հրապարակումը 90-ականներին», պարբերաբար սպառնացել է իրեն և անգամ իր կնոջը: Բացի այդ, նաև լրտեսության մեղադրանքի սպառնալիքներ են եղել: 
 
Նոր ֆիլմի կադրերից դատելով՝ 1989թ. ի վեր Բոբ Լազարը քիչ է փոխվել:Նա առաջվա նման կոկիկ է և միշտ նույն սանրվածքով, ինչպես նաև հանդարտ է ու դատող: Նա երբեք «ՉԹԱ-ների խելահեղ երկրպագուի» կամ հոգեբանական խնդիրներ ունեցողի տեսք չի ունեցել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մարդիկ հավատում են նրա խոսքերի իսկությանը:  
 
- Իմ ելույթները փոխեցին ամբողջ կյանքս,- ֆիլմում պատմում է Լազարը:- Հիմնականում՝ դեպի վատը: Այս ամբողջ ընթացքում ինձ համար դրական քիչ բան է եղել, և եթե ինձ երկրորդ հնարավորություն տային, ես երևի երբեք էլ այս ամբողջ պատմությունը չէի պատմի: Հիմա համոզված եմ, որ ավելի լավ կանեի՝ լռեի:
 
Լազարի խոսքով՝ ինքը դեռևս երկրպագուներից բազմաթիվ նամակներ է ստանում: Նրանք նաև հետաքրքրվում են, թե ելույթներից հետո իր կյանքն ինչպես է դասավորվել, ինչպես նաև վերապատմում են այն  «մատացածին ու ծիծաղելի առակները», որոնք մամուլն իր մասին պարբերաբար տարածում է: 
 
Լազարն իր կնոջ հետ ապրում է Միչիգանում և աշխատում է «United Nuclear» նախագծում, որը փորձարաններին քիմիական նյութեր ու գործիքներ է վաճառում: Ի զարմանս իր երկրպագուների՝ նա ուֆոլոգիայով տարված չէ և ՉԹԱ-ների մասին մամուլի հրապարակումներին չի հետևում: 
 
- Ես ՉԹԱ-ների չեմ հետևում և ինձ հետաքրքիր չեն արտերկրյա կյանքի մասին տեսություները: Այդ ամենում ինձ հետաքրքրողը լոկ առաջավոր աշխատակարգերն են: Եթե մենք կարողանանք վերահսկել և զարդգացնել նման բաները, մենք կվերափոխենք մեր ամբողջ աշխարհը: 
 
Լազարն իրեն շեղված խելացնոր չի համարում, բայց համոզված է, որ կառավարության գործակալները մինչև օրս իրեն գաղտնի հետևում են անգամ 30 տարի անց: Ինքը նման զգացողություն հաճախ է ունենում:
 
Լրագրող Ջորջ Քնապը, որը Լազարին օգնել է պատմել 51 գոտու գաղտնիքը, համոզված է, որ Լազարի անհանգստությունն անհիմն չէ. 
 
- Նրա տունն ու ավտոմեքենան բազմիցս ջարդուփշուր են արել: Ժամանակ է եղել, երբ ինձ ու նրան անծանոթ մարդիկ են զանգահարել ու սպառնացել: Նրանք զանգահարել են նաև Լազարի հետ հենակետում աշխատած մարդկանց: Այդ ամենը վախեցնելու մարտավարություն է: 
 
Այդ ամենին համամիտ է նաև ռեժիսոր Ջերեմի Քորբելը: 
 
- Այս բոլոր 30 տարիներին նրանք փորձել են մարդկային դեմքից զրկել Լազարին, նրան ծիծաղի առարկա դարձնել ու հոգեկան հիվանդ դուրս բերել, իսկ նրա պատմածները հայտարարել են կեղծ ու փորձել են աղավաղել: Իմ ֆիլմում դուք կտեսնեք իրական Լազարին՝ սովորական կյանքով և ինքներդ ձեզ հարց կտաք՝ այս բոլոր տարիներին նա ստե՞լ է իր կնոջը, հարևաններին, բարեկամներին՝ նրանց պատմելով այդ նույն տեղեկությունները: 30 տարի խոսել են լոկ Լազարի քննադատները, իսկ իմ ֆիլմը նրա երկար սպասված պատասխանն է այդ բոլորին: