Ոչինչ անձնական

ԱՄՆ-ի քաղաքներից մեկում գնացքով երթևեկող երկու մուսուլման կանանց մի տղամարդ վիրավորել է, իսկ երեք այլ տղամարդիկ ասպետաբար նրանց իրենց պաշտպանության տակ են առել: Իսկական տղամարդուն վայել այս արարքը, սակայն, երեքի վրա էլ թանկ է նստել. վիրավորողը դանակի հարվածներով նրանցից երկուսն սպանել է, երրորդին՝ վիրավորել:
Տուժածներին հայտնաբերելուց հետո ոստիկանները ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու, ով, պարզվել է՝ սպիտակ ռասայի տիրապետության գաղափարներով է տարված:

Աշխարհի բոլոր անկյուններում ամեն օր իսլամիստների հարձակումների, ահաբեկչական գործողությունների վտանգ կա: Անմարդկային դաժանությամբ նրանք անխնա ոչնչացնում են հատկապես քրիստոնյաներին: Միաժամանակ, իբր թե պաշտպանության ներքո գտնվող մուսուլմանները սովորական քաղաքացու կամ փախստականի կյանքով ապրում են աշխարհի համարյա բոլոր երկրներում: Այն, ինչ արել է 35-ամյա տղամարդը, իհարկե, ոչնչով չի զիջում իսլամիստների դաժանություններին: Սակայն անհնար է նաև չմտածել, որ սա էլ նրանց դաժանություններից ծնված համարժեք պատասխան պատասխան է:

Ո՛չ իսլամիստները, ո՛չ էլ «սպիտակ ռասայի տիրապետության» կողմնակիցը անձնական թշնամություն չունեն իրենց զոհերի նկատմամբ: Նրանց տարաձայնությունը «գաղափարական» է: Ու հանուն այդ մերկապարանոց գաղափարի սպանդանոց են դարձնում ամբղջ երկրագունդը: Բայց եթե փորձես այդ գաղափարների խորքը թափանցել՝ անսիրտ մոլեռանդությունից ու շահամոլությունից այն կողմ ոչինչ չես գտնի:

Երկիր մոլորակի վրա մարդկությունը ռասաների է բաժանված, ու եթե հետ ենք նայում, նրանցից ամեն մեկը բնակության իր տարածքագոտին է ունեցել, ծագել ու հարմարվել է իր միջավայրին: Բայց քանի որ ագահությունն ու ծավալապաշտությունը նրանց հավատալիքների (հետագայում կրոնների), նրաց դաստիարակության հիմքերում են դրվել, սկսել են իրարից հող ու ունեցվածք փախցնել, նեղել ու շահագործել: Արաբը կամ թուրքը, սպիտակամորթն ու սևամորթը Ամերիկայի հողում սպանդ են սարքում, իսկ նրանք, ովքեր նախապես բնակեցնում էին հսկա աշխարհամասը, այնտեղ արդեն համարյա չեն երևում: