Նորից՝ աշխարհի վախճանի մասին

ՈՐՏԵՂԻ՞Ց ԾԱԳԵՑ ՆՈՐ ԿԱՆԽԱՍՈՒՄԸ

Այս թեման էլ հավանաբար կանխասացների թուլություններից է՝ հետաքրքրություն շարժող, ճանաչում բերող: 2012-ին մոլորակի կործանման սպասումները բարեբախտաբար չարդարացան, բայցև՝ շարունակվեցին: Աշխարհի հավանական վախճանի մասին նոր տարեթիվ շրջանառեց ոմն Մատրոնա՝ 2017թ. օգոստոսի 19: Եվ մոլորակի կործանման վերաբերյալ վախերն ու զրույցներն, ահա, թարմացել են վերստին:
 
2012-ին համացանցով հեռարձակված իր խոսքում Մատրոնան ասել էր՝
 
- Առանց պատերազմի բոլորը կմեռնեն: Շատ զոհեր կլինեն: Բոլոր մեռյալները երեկոյան պառկած կլինեն հողի վրա, իսկ առավոտյան վեր կելնեն և հողի տակ կանցնեն:
 
Նույն հաղորդման մեջ Մոսկվայի պետհամալսարանին կից սուրբ նահատակ Տատյանայի տաճարի ավագ երեց Մաքսիմը (Կոզլով) հայտարարել էր, որ եկեղեցակն հավատ ունեցող որևէ մեկը նման բան իրեն թույլ չէր տա ասել:
Տրամաբանական է հոգեբան Աննա Բորովիցկայայի ենթադրությունը, որ նման տեղեկատվությունն ամենայն խորությամբ և հիմնավոր կերպով ազդում է մարդկանց վրա, որովհետև ակտիվացնում է ինքնապահպանման բնազդը:
 
- Բացի այդ, իրենց բնույթով մարդիկ շատ սնահավատ են. մեր նախնիները դարերով աստվացացրել են բնության ուժերը: Հետագայում քրստոնեական ուսմունքն սկսեց պատմել «էպիկական» վախճանի անխուսափելիության մասին՝ միաժամանակ ներշնչելով մարդկության մեղքերի անխուսափելի հաշվեհարդարի գաղափարը: Իսկ եթե հավատացյալների աչքերով նայենք աշխարհին՝ վերջին տասնամյակներում այնտեղ քիչ մեղքեր չեն կուտակվել,-հոգեբանի խոսքերը մեջբերել է Комсомольская правда-ն:
 
Մի խոսքով, նույնիսկ կասկածամիտների հոգում առկա է այդ՝ աշխարհի կործանման վախը: Կանխասացների համար դա ուշադրություն գրավելու, աղանդավորական խմբավարների համար՝ հլու-հպատակներին իրենց խոնարհեցնելու փորձված միջոց է: 
 
Ինչ վերաբերում է աշխարհի վախճանին, ապա այնտեղ արդեն այնքա՜ն վախճաններ են եղել: Եթե խոսքը Երկիր մոլորակի ֆիզիկական ոչնչացման մասին է, ուրեմն դրա անխուսափելիությունը հասունացնում են հենց մարդիկ՝ խաթարելով մայր Բնության օրենքները: Պարզապես մի մխիթարանք կա. նախ՝ մայրը երբեք չի կործանի իր զավակների տունը: Ապա՝ չէ՞ որ ամեն ինչ փոխակերպվում է հարահոս ժամանակի ու անչափելի տարածության մեջ:
 
Իսկ ամենակարևորը՝ առեղծվածային անիմանալին երբևէ չի կարող վերծանվել մարդկության կողմից: