Պուտինը` իշխանավարման նոր ժամկետում

ՄԻԽ-Ի ԱՆԴԱՄԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՐԳԵԼԱՆՔ` ԱՄԵՆ ԻՆՉԻ ՎՐԱ

Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ Պավել Չիկովի` Ռուսաստանը կգնա վերջնական մեկուսացման, իսկ դաշնության ու տարածաշրջանային տնտեսության վրա խաչ կդրվի:

Իրավապաշտպանը կանխատեսում է երկրում իրավիճակի կտրուկ վատթարացում և  հասարակական կյանքի բոլոր նոր ոլորտների արգելում (գրել է mk.ru-ն):

Առաջինը կարգելվեն արտասահմանյան լրատվամիջոցները` սրանում համոզված է մարդու իրավունքների պաշտպանը. Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրատվամիջոցներից հետո «կմաքրվի նաև քաղաքական դաշտը, որին որպես  ավետաբեր է ծառայում Ալեքսեյ Նավալնու և «Բաց Ռուսաստանի» աշխատակիցների նկատմամբ ներկայիս դատական  հետապնդումները»:

Ըստ Չիկովի` երկրում կվերանա նաև կրոնական ազատությունը, ինչի խոսուն վկայություններն են ներկայացուցիչների տարբեր ոչ-ավանդական կրոնական շարժումների դեմ դեմ «զանգվածային քրեական գործերը և երկրից արտաքսումները»` սկսած  ծայրահեղական հայտարարված և ՌԴ-ում արգելված «Եհովայի վկաներից» մինչև բուդդիզմի և իսլամի կողմնակիցներ:

Իսլամ դավանողների մասով, իհարկե, չափազանցնում է Չիկովը: Դատելով Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի տածած հատուկ ընդգծված ջերմությունը` հազիվ թե Պուտինն իր երկրային կյանքում հասցնի այդքան կտրուկ շրջադարձ կատարել:

Իր հեռագրային ուղերձում իրավապաշտպանը գրում է, որ այսօրինակ միջոցառումները կուղեկցեն միջազգային պարտավորություններից Ռուսաստանի հրաժարմամբ` ԵԽ-ից դուրս գալով և ՄԻԵԴ-ի հետ համագործակցության դադարեցմամբ: Ի դեպ, հավանական այս սցենարի մասին օրեր առաջ արդեն հայտարարել է Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Ռուսաստանի ինքնամեկուսացումը կուղեկցվի նաև շատ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատթարացմամբ (սկսած Բալթյան երկրներից մինչ Գերմանիա), դրանց դեսպանատների փակմամբ, ինչպես նաև երկրից դուս գալու սահմանափակումներով, քաղաքացիությունից զրկելու դեպքերի հաճախացմամբ և մեկնողների գույքի բռնագրավմամբ:
Զուգահեռաբար Ռուսաստանը կկարողանա մեկուսացնել իր ինտերնետ տարածքը և կիրառել գրաքննություն ու պատժամիջոցներ` Չինաստանի նմանությամբ:

Ի վերջո, գրում է Չիկովը, կշարունակվի տնտեսության և ներքաղաքական իրավիճակի վատթարացումը. մարզերը կկորցնեն ինքնավարության փշուրները (իրավապաշտպանը նշում է Դաղստանի հետ ոչ մի կապ չունեցող Վլադիմիր Վասիլիևին այդ հանրապետության  ղեկավար նշանակելու օրինակը), իսկ դրանցում մնացած ակտիվները կդրվեն Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի վերահսկողության ներքո: