«Հայաստան տակաւին չյաջողեցաւ արհեստավարժ» դիւանագէտներու մարմին մը իրականացնել

ՌԱԿ-Ը ՀԱԿԱԶԴԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԻՆ

Դատապարտելով դեսպան Չարչօղլյանի «իր պաշտոնի սահմաններից դուրս» պահվածքը, ՌԱԿ-ը ակնկալում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «տնօրինում» դեսպանի նկատմամբ:
 
Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական պաշտոնաթերթ «Պայքար»-ը նոյեմբերի 19-ի իր համարում, անդրադարձել է Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի անհարիր պահվածքի և վերջինիս դիվանագիտական իրավասություններին չառնչվող քայլերի մասին։
 
ՌԱԿ-ը մանրամասներ է հաղորդել այն մասին, թե դեսպանը ինչպես է փորձել անձամբ տապալել ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը՝ ձախողեցնելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսությանը՝ վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։
 
ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթը, անդրադառնալով սփյուռքյան և հայաստանյան կայքերում լայն արձագանք գտած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՍԿԱՆԴԱ՞Լ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ» լրատվությանը, կատարել է հետևյալ գրառումը.
 
- Յօդուածին մէջ նշուած «սքանտալը» (գայթակղութիւնը) չենք գիտեր, թէ որքանով պիտի անդրադառնայ Հայաստան-Յունաստան յարաբերութեանց: Մէկ բան յայտնի է սակայն, որ Աթէնքի մէջ Հայաստանի դեսպանը պրն. Ֆատէյ Չարչօղլեան սխալ տեղ է նստած:
 
Կարծէք չէր բաւեր, որ քաղաքական հեռանկարային նախաձեռնութիւն մը խափանելը՝ ան իր պաշտօնի սահմաններէն դուրս գալով փորձած է ձախողեցնել ՌԱԿ-ի 96-րդ տարեդարձի տօնակատարութիւնը՝ յանդիմանելով կազմակերպիչները եւ հեռաձայնելով կրօնապետներուն, որ չմասնակցին հանդիսութեան:
 
Հայաստան երիտասարդ երկիր մըն է, որ տակաւին չյաջողեցաւ արհեստավարժ դիւանագէտներու մարմին մը իրականացնել՝ յաճախ դիւանագիտական պաշտօններ վստահելով պատահական մարդոց: Չենք խօսիր արժանաւորներու մասին։ Անոնցմէ ոմանք կը զբաղին անձնական առեւտուրով կամ իրենց չվերաբերող այլ գործերով: Այնպէս կը թուի, թէ պրն. Չարչօղլեան այդ դասակարգին կը պատկանի` իր գործունէութենէն դատելով:
 
Գուցէ պրն. Չարչօղլեան (չարչի օղլու) աւելի յաջողութիւն գտնէ վերադառնալով իր նախնիներու արհեստին (չարչիութեան) փոխանակ դիւանագիտութիւն խաղալու, որ իր ասպարէզը չէ:
 
Ամենայնդէպս, յունահայ գաղութը իր շռնդալից պատասխանը տուած է այս անկարգ մարդուն, հոծ խումբերով մասնակցելով 96-ամեակի հանդիսութեան: Կը մնայ տեսնել, թէ ինչ տնօրինում պիտի ընեն իր վերադասները Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մէջ: