Ինչո՞վ էին զբաղված երեք նախագահները 25 տարի. ՆիկոլՓԱՇԻՆՅԱՆ

ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առժամանակ առաջ ասել էր, թե «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի Արցախի մասին դրույթը նշանակում է, որ Արցախի հարցը երբեք չի լուծվելու, քանի որ ընդդիմադիր այդ ուժը հայտարարում է` Արցախի հարցում զիջումներ կլինեն, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:

«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության  անդամ  ՆիկոլՓաշինյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում անդրադարձավ  իրենց հասցեին ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությանը:

 -Եթե պարոն  Տեր-Պետրոսյանը այդպես է  մեկնաբանում մեր դրույթը, ուրեմն իր առաջարկով երբեք Արցախի ինքնորոշման իրավունքը չի ճանաչվելու,-  ասաց Փաշինյանը:

Բանախոսը  հիշեցրեց, որ Մադրիդյան երեք սկզբուքներից երկուսը Ադրբեջանը  խախտում է` արհամարհում է  ուժի չկիրառման  և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

- Հետևաբար, եթե Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման  իրավունքը, ի՞նչ զիջումների մասին է խոսքը: Բայց պարզ չէ, թե ինչ է զիջում Ադրբեջանը: Ազատագրված տարածքների վերադարձը նշանակում է` Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին ու Երևանին,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Ըստ Փաշինյանի`  եթե Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է  երկրի ռեսուրսներ իբացակայության մասին, հարց է առաջանում` իսկ ինչո՞վ են զբաղվել  ՀՀ  երեք նախագահները 25  տարի:

- Դե, թող ստեղծեին այդ ռեսուրսը,-  նշեց «Ելք»-ի անդամը: