Պուտին, Սոբչակ թեկնածուներն ու նրանց թբիլիսյան արմատները

JAMNEWS-Ը ԳՐԵԼ Է

2018թ-ի մարտին Ռուսաստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն: Պետության ղեկավարի ամենահայտնի թեկնածուն Վլադիմիր Պուտինն է: Ամենանորը՝ Քսենյա Սոբչակը:
 
Նրանք շատ տարբեր են: Եվ շատ նման են մի հարցում: Նրանք իրենց կյանքում և կարիերայում շատ բաներով պարտական են 1989թ-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին: Եթե չլինեին այն ողբերգական հանգամանքները, նեղ շրջանակից ոչ ոք և երբեք չէր իմանա Վլադիմիր Պուտինի և Քսենյա Սոբչակի մասին:
 
Ապրիլի 9-ի դեպքերից երկու ամիս անց Մոսկվայում բացվեց ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը՝ Խորհրդային Միության պատմության մեջ առաջին քիչ թե շատ ազատ ընտրված ժողովը: Եվ Թբիլիսիի իրադարձությունները քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր: Դրանց հետաքննման համար հատուկ հանձնաժողով էր ստեղծվել: Այն գլխավորել էր այն ժամանակ դեռ բոլորին անհայտ Անատոլի Սոբչակը:
 
Այդ հանձնաժողովը ոչինչ չկարողացավ հետաքննել, մարդկանց մահվան համար մեղավորներին չգտան: Սակայն այդտեղից սկսվեց Անատոլի Սոբչակի կարիերան. շուտով նա դարձավ Լենինգրադի (որը հետո վերածվեց Սանկտ Պետերբուրգի) ազատ ընտրված առաջին քաղաքապետն ու խոշոր քաղաքական ֆիգուրն 90-ականների Ռուսաստանում:
 
Հենց Անատոլի Սոբչակն է քաղաքականություն մտցրել ապագա նախագահ Վլադիմիր Պուտինին, որին 70-ականներին նա դասավանդում էր Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Անատոլի Սոբչակի դուստր Քսենյա Սոբչակը հեռուստահաղորդավարի իր կարիերան սկսել է հոր աջակցությամբ, սակայն շարունակել և զարգացրել է այն արդեն Վլադիմիր Պուտինի հովանավորության ներքո:
 
Այժմ Վլադիմիր Պուտինն ու Քսենյա Սոբչակը հանդիպելու են նախագահական ընտրություններին:
 
Այն, որ ՌԴ նախագահի երկու թեկնածուների կենսագրությունում Թբիլիսին և Վրաստանն այդքան կարևոր դեր են խաղացել, իհարկե, պատմական պատահականություն է: Պարզապես Ռուսթավելիի պողոտայում կատարված իրադարձությունները ժամանակային առումով ավելի մոտ էին Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարին և ընկալվում էին մյուսներից ավելի սուր:
 
Սակայն օրինաչափ է այն, որ այն ժամանակ կայսրության ընդվզող ծայրամասերի թեման ամենասուրն էր, և հենց դրա վրա էին կառուցվում նոր, հետխորհրդային կարիերաները: Եթե այն համագումարն ավելի վաղ անցներ, այն կհետաքններ Սումգայիթի իրադարձությունները, ավելի ուշ՝ կզբաղվեր Վիլնյուսի հեռուստակենտրոնի գրոհով կամ Բաքու զորքեր մտցնելով:
 
Կայսրություններն արագ չեն մահանում, այդ գործընթացը տասնամյակներ և դարեր է տևում: Արդեն 26 տարի է՝ Խորհրդային Միությունը չկա, սակայն դրա ազդեցությունը նախկինի պես զգացվում է: Նախևառաջ՝ մարդկանց մտածողության մեջ: Սակայն նաև այն քաղաքականությունում, որը վարում է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը: Այդ պատճառով էլ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի համար այդքան կարևոր է, թե ով կդառնա Ռուսաստանի նախագահ:
 
Վլադիմիր Պուտինի և Քսենյա Սոբչակի միջև տարբերություն չկա: Նրանց մրցակցությունն այն է, ինչ ֆուտբոլում կոչվում է պայմանագրային խաղ: Այդ ընտրություններին Սոբչակի մասնակցության գլխավոր նպատակն ուշադրությունը շեղելն է այն բանից, որ ընտրություններին թույլ չեն տալու մասնակցել Վլադիմիր Պուտինի համար իրոք վտանգավոր միակ թեկնածուին՝ Ալեքսեյ Նավալնուն:
Այդ խաղի հաղթողը նախապես հայտնի է. Վլադիմիր Պուտինն է: Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն ճանապարհով է գնում, ինչ իր նախորդը՝ Խորհրդային Միությունը: Բանը նախագահի ազգանունը չէ, այլ բազային ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վերաբերմունքը, որոնց թվում ընտրությունները կարևորագույնն են:
 
Այդ ճանապարհի վերջում ներքին դեգրադացիա է, տնտեսական ձախողում և տարածքային անկում: Ինչ-որ մեկին դա տխրեցնում է, մյուսին՝ ուրախացնում: Սակայն, անկախ հույզերից, արժե, որ հարևանները պատրաստվեն: