Վճռական լինելու մեկնա՞րկ, թե՞ հերթական նախազգուշացում

ՖԻՆՆԱԽԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ «ԿՐԵՄԼՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ»

 
Միացյալ Նահանգների այս քայլը վերահաստատումն է բոլոր ժամանակներում կենսունակ մնացած այն օրինաչափության, որ անօրեն ճանապարհներով գանձեր դիզելը ոչ միայն սասանում է ամենայն հեղինակություն, այլև խոցելի է դարձնում ժողովրդին թալանող իշխանությանն ու դրանից զորացող օլիգարխներին:
 
Ամերիկայի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին հանձնված զեկույցում ներկայացված ցանկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների 210 անուններ են՝ 114 պաշտոնյաներ և 96 գործարարներ: 
 
Ի դեպ, հայազգի երեք գործարարներ՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Ռոսգոսստրախ»-ի ղեկավար Դանիլ Խաչատուրովն ու «Մագնիտ» ընկերության ղեկավար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ևս հայտնվել են ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցի» օլիգարխների ցանկում:
 
Առաջին հորիզոնականներում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, միլիարդատերներ Ալիշեր Ուսմանովն ու Ռոման Աբրամովիչը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը... Բոլորին չես թվարկի:
 
«Կրեմլյան զեկույցը» նախատեսված է «Ամերիկայի  հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու» օրենքով, որը 2017 թ. օգոստոսին ստորագրել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ օրենքով նոր պատժամիջոցներ են ներկայացվել Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ: 
 
Անցյալ տարեվերջին՝ 2017-ի դեկտեմբերին, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության Պետական դեպարտամենտի նախկին համակարգող Դենիել Ֆրիդն ընդգծել էր, որ զեկույցի հրապարակումը չի նշանակում ավտոմատ պատժամիջոցներ կիրառել, սակայն՝ 
 
- Մեծացնում է ռիսկը, որ ցանկում ընդգրկվածների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն ապագայում: 
 
Նրա խոսքերով՝  ԱՄՆ Կոնգրեսի շատ անդամներ այս զեկույցը ցանկանում են օգտագործել՝ պատժամիջոցների նոր ցանկ ձևավորելու նպատակով: