Եկամտի ավելացման հետ ախորժակն էլ է բացվում

Սպառողական որակված մեր դարաշրջանում հատուկենտ մարդիկ կլինեն, ում երջանկությունը հաշվեհամարին անընդհատ ավելացող գումարի չափով չի որոշվում: Իսկ արդի աշխարհում անձը տարեկան ինչքա՞ն եկամուտ պետք է ունենա, որպեսզի իրեն երջանիկ զգա: Ամերիկյան Ինդիանա նահանգի համալսարանների հոգեբանները որոշել են դա պարզել ամբողջ աշխարհի չափանիշներով:
 
Գիտնականները հաշվարկել են, որ ստացվող եկամտով երջանիկ լինելու միջին ցուցանիշը տարեկան 95 հազ. դոլարն է, սակայն հուզական հավասարակշռության համար 60-75 հազարն էլ է բավարար: (Նկատենք, որ կոպիտ հաշվարկներով՝ տարեկան 95 հազար դոլարը հայաստանցու համար ամսական 3. 800 000 դրամի կարգի գումար է կազմում): Ավելի շատ գումար հարկավոր է լինում երեխա ունեցող ընտանիքներին, սակայն ո՛չ ընտանիքի անդամների թվին համապատասխան գումարը մեծացնելու չափով:
 
Հոգեբանները նաև նշել են առանձին երկրների և տարածաշրջանների բնակիչների երջանկության երաշխավոր գումարի չափը: Կարելի է ասել՝ «ամենաաչքածակը» ավստրալացիներն են. տարեկան 125 հազար դոլարից պակաս եկամտով նրանք երջանիկ լինել չեն կարող: Հյուսիսային Ամերիկայում մարդը երջանիկ է, եթե տարեկան 105 հազար է վաստակում, իսկ նրանց հաջորդող Արևմտյան Եվրոպայի բնակիչներն իրենց երջանկությունը տարեկան 5000 դոլարով էժան են գնահատում: 
 
Արևելյան Եվրոպայում մարդը կարող է երջանիկ լինել նաև ընդամենը տարեկան 45 հազար դոլարով, Հարավային Ամերիկայում՝ անգամ 35 հազարով: 
 
Բայց հայտնի «Գելափ» ընկերությունն էլ  պարզել է, որ որքան անհատի եկամուտները գերազանցում են ամենանպաստավոր մակարդակը, այնքան ուրախությունը նրա կյանքում քիչ է լինում: Ինդիանացի հոգեբանները նաև եզրակացրել են, որ երջանկությունը բեկումնային պահը ունի. որքան ավելանում է մարդու եկամուտը, այնքան էլ մեծանում է նրա ախորժակը: 
Nature Human Behavior ամսագրում հրապարակված այս հետազոտությունների համաձայն՝ երջանկությունն առավել էժան է նստում տղամարդկանց, քան կանանց վրա, երջանիկ լինելու համար ավելի քիչ գումար են ծախսում նախնական կրթությամբ մարդիկ, քան համալասարանավարտները: 
 
Դիոգենեսի նման իմաստասերին երջանիկ լինելու համար տակառե ապաստարանն էլ էր բավական: Այնպես որ՝ երջանկությունը հոգեվիճակ է և աշխարհընկալում, այլ ոչ թե հարստություն, որը չես էլ իմանում` կյանքիդ ընթացքում վայելելո՞ւ ես, թե բաժին է դառնալու ով իմանա ում կամ ինչին: