Գիտնականը խորհուրդ է տալիս լքել Երկիրը

«ՉԿԱՏԱՐՎԱԾԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ» ՀՈՒՇՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՍՈՍԿ ԵՆԹԱԴՐՈՒՄ

Ճապոնական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան և գիտության հանրայնացնող 71-ամյա Միթիո Կակուն ճանաչված է նաև «դեռևս չկատարվածի փորձագետ» անվամբ: Իր նոր` «Մարդկության ապագան» գրքի շնորհանդեսի ժամանակ խոստովանել է, որ մարդկային քաղաքակրթության ճակատագրին նայում է առանց մեծ խանդավառության: Հետազոտողի խոսքերով` որոշակի կործանում է սպասվում մեզ ապագայում (esoreiter.ru):

Գիտնականը տեղեկացնում է, որ երբևէ Երկրի վրա զարգացած կենսաբանական բոլոր տեսակների 99.9%-ը ոչնչացել է, և մեր «երկնագույն գնդիկի» մարդն ընդամենը ավազի ժամացույց մի փոքրիկ մանրահատիկ է` եթե համեմատենք նախկինում այստեղ ապրած հազարավոր տեսակների հետ: Մեզ սպառնում են արևային բռնկումները, երկնաքարերը, կլիմայի փոփոխությունները, խոշոր հրաբխային ժայթքումները և բնական այլ աղետները, համաճարակները, խորացված արհեստական առաջավոր բանականության նվաճողականությունը և, վերջապես, միջուկային պատերազմը:

Մի խոսքով, Միթիո Կակուն վստահ է, որ մարդկային մեր ցեղը չի կարող հավերժաբար ապրել Երկրի վրա: Տեսաբան ֆիզիկոսն ասում է.

- Երկրի վրա կյանքի մեծ պատմությունը ցույց է տալիս, որ անբարենպաստ պայմաններին բախվելու դեպքում ցանկացած օրգանիզմի բնորոշ է գործողությունների երեք տարբերակ`հեռանալ թշնամական միջավայրից, հարմարվել դրան կամ մեռնել: Այսուհանդերձ` մեծ ճշգրտությամբ կարելի է  կանխատեսել, որ մի օր մարդկությունն անխուսափելիորեն այնքան մեծ աղետի առջև է կանգնելու, որի հետևանքներին անհնար կլինի ֆիզիկապես հարմարվել: Այդ ժամանակ մեր սերունդները ստիպված կլինեն կամ կործանվել, կամ լքել այս միջավայրը: Այդպիսով, նրանց փրկվելու միակ հնարավորությունը կլինի այլ մոլորակների գաղութացումը: Ապաստան գտնելու այլ տեղ պարզապես չի լինի: Դժբախտաբար, այս աշխարհի հզորները չեն շտապում կանխել մեզ մոտեցող համակործանումը, կամ մարդկությանը փրկել Երկիր մոլորակի սահմաններից դուրս:

Միթիո Կակուն ենթադրում է, որ մարդիկ ստիպված են լինելու գաղութացնել Լուսին, Մարս մոլորակները կամ Արեգակնային համակարգի այլ երկնային մարմիններ: Սրա այլընտրանքը կարող է լինել ճանապարհորդությունը` այսպես կոչված «խլուրդային որջեր»-ով, որոնք երկրաբնակներին թույլ կտան շրջանցել օրենքները տիեզերական ժամանակի օրենքները և բառացիորեն հեռատեղափոխվել կյանքի համար նպաստավոր հեռավոր արտաարեգակնային մոլորակների:

Ամերիկացին նույնիսկ կարծում է, որ ապագայի նախակարապետները տեսականորեն կկարողանան տեղավորվել այլ չափանիշների մեջ, որոնք բոլորովին նման չեն մեր աշխարհին: