Երկիր մոլորակը` մինչև 2050-ը

ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 11 ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպիսին կլինի աշխարհը մինչև դարակես: Շատերը փորձում են դա պատկերացնել արտասովոր ունակություններով օժտված մարդկանց գուշակությունների հիման վրա, իսկ առավել իրատեսները ելակետ են ընդունում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները:

softmixer.com էլեկտրոնային լրատվամիջոցն առանձնացրել է 11 նշանակալի իրադարձություն, որոնք  ամենայն հավանականությանբ կիրականանան մինչև 2050թ.:

2020 թ. կավարտվի աշխարհի ամենաբարձրահարկ շենքի կառուցումը: Երկու տարի հետո Դուբայի «Խալիֆի Բուրջ» երկնաքերն այլևս անգերազանցելի չի լինի, Սաուդյան Արաբիայում այդ ժամանակ կավարտվի «Ջիդդա թաուեր» շենքի կառուցումը, որի բարձրությունը` ծայրաձողով հանդերձ, կկազմի 1007 մ:

Կարելի է ենթադրել, որ մինչև 2050թ. բոլորին զարմացնելու և գերազանցելու մարմաջը մարդկանց կստիպի բաբելոնյան նոր աշտարակի շինարարություն ձեռնարկել…

2020թ. նախատեսվում է նաև առաջին տիեզերական հյուրանոցի բացումը: Մտահղացման հեղինակը Bigelow Aerospace մասնավոր ընկերությունն է, որը ծրագրում է մերձերկրյա ուղեծիր դուրս բերել բնակելի պայմանական միավոր (մոդուլ)` նախատեսված Երկրի հյուրերին ընդունելու համար: Նրանք այդպիսի միավորներ արդեն փորձարկել են, իսկ մեկը տրամադրել են Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) տիեզերագնացներին, ովքեր այն որպես պահեստ են օգտագործում: 

2024թ. Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է Մարս մոլորակ ուղարկել բեռնատար նավ, իսկ հետո` նաև առաջին մարդուն:

2025թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Երկրի բնակչությունը կհատի 8 միլիարդի սահմանը: Իսկ որոշ գնահատականների համաձայն`2050թ. Մեր մոլորակում կապրի 10 մլրդ մարդ:

2028թ. Վենետիկը կարող է արդեն պիտանի չլինել բնակության համար: Խոսքը ամբողջովին ջրի տակ անցնելու մասին չէ (եթե նման բան լինի, ապա 2100թ. ոչ շուտ): Պարզապես Վենետիկի ծովածոցի ջրերն այնքան կբարձրանան, որ տներում ապրել հնարավոր չի լինի:

2030թ. Արկտիկայի սառցածածկույթի մակերեսը նոր նվազագույն շեմի կհասնի: Քանր որ Արկտիկայի սառցածածկույթը անկասելի կերպով նվազում է` ոմանք պնդում են, թե մինչև 21-րդ դարի ավարտը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ամառվա ամիսներին սառույց չի լինի:

2033թ. օդաչուները Մարս կթռչեն «Ավրորա» ծրագրով: Եվրոպական տիեզերական գործակալությունը, որն զբաղվում է Մարսի, Լուսնի և երկնաքարերի ուսումնասիրությամբ, ծրագրում է թռիչքներ ինչպես ինքնակառավարման եղանակով, այնպես էլ օդաչուկան կառավարմամբ: Մարդկանց Մարս ուղարկելուց առաջ այնտեղ նախ բեռ կհասցվի, ապա նաև գործի կգցվեն վայրէջքի ու Երկիր վերադառնալու աշխատակարգերը: 

2038թ. ԱՄՆ ազգային արխիվի համապատասխան փաստաթղթի գաղտնազերծումը վերջնականապես կբացահայտի Ջոն Քենեդիի սպանության գաղտնիքը: Բանն այն է, որ շատերը չեն հավատում, թե Քենեդիին սպանողը Լի Հարվի Օսվալդն է: Այն հանգամանքը, որ տվյալ տեղեկությունը մինչև մինչև 2038թ. փակ է հայտարարվել, վկայում է` դրա համար ծանրակշիռ պատճառներ կան:

2040թ. կշահագործվի Միջազգային փորձարարական ջերմամիջուկային ռեակտորը: Այն սկսել է կառուցվել 2007թ. Ֆրանսիայի հարավում` Մարսելից 60 կմ հեռավորությամբ: Նման ռեակտորները ավանդականներից շատ ավելի ապահով են, քանի որ վթարի ժամանակ արտանետումներն աննշան են, և բնակիչների տարհանման կարիք չի լինի:

2045թ. կսկսվի տեխնոլոգիական եզակիության ժամանակաշրջանը: Այս կանխատեսումի կողմնակիցների կարծիքով` կգա մի օր, երբ տեխնիկական առաջընթացի բարդությունը մարդու հասկացությունից վեր կլինի: Ոմանց համոզմամբ` այդ ժամանակ մարդն ու հաշվիչ մեքենան կսերտաճեն, և ի հայտ կգա մարդու միանգամայն նոր տեսակ:

2050թ. Մարսում բնակություն կհաստատեն երկրացի գաղութարարները: Միայն թե մինչ այդ գիտնականներն ստիպված կլինեն բազմաթիվ խնդիրներ լուծել: Այս կանխատեսումը շատ հակառակորդներ ունի, ովքեր կարծում են, որ ոչ մի ուրիշ մոլորակ մարդու բնակավայր չի դառնա:

Սրընթաց փոփոխվող կյանքը, հնարավոր է, այս պահին չկանխատեսվող անակնկալներ նույնպես կմատուցի: Միայն թե մարդկության խնդիրն այժմ ավելի շատ Երկրի վրա կյանքի շարունակականությունն ապահովելն է: Իսկ դա սպառնալիքի տակ է, քանի որ ամենահզոր միջուկային զինանոց ունեցող երկրները շարունակում են թեժացնել հակամարտություններն ու սպառնալիքները: