Գետնաթզուկնե՞ր, թե՞ ստորերկրյա աշխարհի իրական մարդիկ

Նախ հիշեցնենք, որ ստորերկրյա աշխարհի հետ լիովին համադրելի են նաև քարանձավները, որոնցով այնքան հարուստ է Հայաստանը: Հենց միայն Աստվածաշունչը հավաստում է,որ մեր մոլորակի վրա առնվազն երկու անգամ կյանքը վերածնվել է հենց մեր հողում:
 
Որոշ հետազոտողների կարծիքով՝ ջրհեղեղից, սառցապատումից, այլ աղետներից Հայակական լեռնաշխարհի մարդուն օգնել են պաշտպանվել տաք ու չոր քարանձավները, իսկ աղետների հետևանքների վերացումից հետո նա աշխարհով մեկ տարածել է ապրելու և զարգանալու իր հնարավորություններն ու գիտելիքներ: Հայոց Սյունիքում ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը քարանձավներում մարդիկ էին ապրում: Բազում հազարամյակներ շարունակ այդ քարանձավները դռներ են ունեցել, որոնք փակվել են միայն ներսից:
 
Ստորգետնյա աշխարհում ապրող արարածների մասին պատումներն այնքան տարածված են, որ մարդիկ հաճախ մտածում են՝ հնարավոր է, որ դրանք բնավ էլ առասպել ու հեքիաթ չեն: Որպես ասք ու էպոս, որպես ավանդազրույց՝ դրանց մասին պատմում են Իռլանդիայում ու Ուելսում, Հնդկաստանում ու Ռուսաստանի տարբեր շրջաններում, Պոլինեզիայում, Արևմտյան Աֆրիկայում, ամենուր: Այդ արարածները կամ թզուկներ են, կամ հսկաներ, կամ օձակերպ ու հարյուրձեռնանի մարդիկ են, կամ  տձև արարածներ… Նրանք կոչվում են գնոմներ, էլֆեր, գետնոգիներ, տիտաններ, ուգարներ, ռաքշասներ, դևեր, հեկատոնհեյրերներ, չուդիներ, չաքլիներ, ադիթյաներ, դայթիաներ, դենավերներ, նագաներ, ո՞ր մեկը թվես:
 
Այդ պատումներում դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ այդ էակները երկրի ընդերքն են իջել աղետների ժամանակ կամ այնպիսի պատերազմներից հետո, որոնց պատճառով իրենց նախկին աշխարհը կործանվել է: Որոշ տարբերակներում պատերազմի հետևանքով նախկին կյանքից զրկվածները հեռացել են ծովից այն կողմ կամ մտել են ծովի խորքերը: Որոշ պատումներում նոր աշխարհներն իրենց բնակիչներին բանտած են պահում, ուրիշներում այն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է, ունի ստորգետնյա արև ու լիճ, անհամար գանձեր, պալատներ: 
 
Շատ ասքերում ու ավանդապատումներում ակնհայտ է, որ ստորգետնյա աշխարհը նախապես ընկալվել է որպես միանգամայն իրական ու հասանելի վայր, որպես ապաստան, որտեղ կամովին կամ որպես արտաքսում՝ իջել են աստվածները կամ կիսաստվածները և և զանազան դևեր: 
 
Հատկանշական է, որ Վերին և Ստորին աշխարհների բնակիչների միջև երկարատև շփումներ են նկարագրվել: Երկու աշխարհների բնակիչներն էլ իրար այցելել են, այդ այցելություններից անգամ երեխաներ են ծնվել ու բնակեցրել աշխարհները: 
 
Նման փաստեր ներկայացնելով՝ v-shoke.com կայքը նշում է, որ ժամանակի խորքերից այս կողմ ստեղծված ասքերում արտացոլված են լոկ աղոտ արձագանքներն այն ամենի, ինչ իրականում կատարվել է: Ստորերկրյա աշխարհում ապրողները անբնական գծերով օժտված արարածներ են, իսկ բանահյուսության մասնագետներից շատերն այն ուղղակի համադրել են մեռյալների աշխարհի կամ Հադեսի մռայլ թագավորության հետ: 
 
Ըստ լրատվամիջոցի մեկնաբանության՝ ստորգետնյա կյանք իրոք գոյություն է ունեցել, և այնտեղ ապրել են սովորական մարդիկ: Նրանք ստիպված են եղել այնտեղ իջնել մեր մոլորակի վրա տեղի ունեցած համապարփակ աղետների կամ աշխարհացունց պատերազմների պատճառով: Մանավանդ՝ մեծ ընտրություն չեն ունեցել, քանի որ հնարավորություն չի եղել թռչել տիեզերք, սարքերով սուզվել ջրի տակ կամ ապաստարաններ կառուցել հողաշերտերի ներքո: 
 
Իսկ որո՞նք են այս վարկածի ապացույցները: Եթե հաշվի առնենք, որ մոլորակի վրա տասնյակ սարսափելի աղետներ են եղել (հիշենք դրանցից ամենատարփողվածը՝ համաշխարհային ջրհեղեղը), ուրեմն երկրի ընդերքում պետք է մնացած լինեն անհամար սնամեջ տարածություններ, և երկրի կեղևն արդեն պետք է մի տեսակ մաղի նմանված լիներ: Բազմաթիվ աղբյուրներ՝ հնագույն ժամանակներից մինչև այժմ, իրենց հեղինակների՝ ճանապարհորդների, տարբեր դպրոցների գիտնականների ու հետազոտողների վկայություններն են ներկայացնում, որոնք հաստատում են, թե իրար հետ կապված թունելների ճյուղավորված ցանցը մեր ամբողջ մոլորակն է պատում: