Ֆաշիզմն այսօր էլ կենսունակ է

Մեր օրերում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք փաստում են` ֆաշիզմն ամենևին էլ անցյալում չի մնացել: Դրա էության խորքերը թափանցելու և բնորոշ գծերը վերհանելու ուղղությամբ հիմնավոր աշխատանքներ է տարել բրիտանացի քաղաքագետ Լուրենս Բրիտը: Ուսումնասիրելով  ֆաշիստական 7 վարչակարգերի փորձը` Հիտլերից մինչև Պինոչետ, նա 14 կետով հստակ ձևակերպել է դրանց բոլորին միավորող ընդհանրությունները:

Չիլիացի հանրահայտ հոգեբան և մտածող Կլաուդիո Նարանխոն իր «Քաղաքակրթության ամոքիչը» գրքում նշում է, որ ֆաշիզմն անընդհատ կատարելագործվելով` նվաճում է արդի աշխարհը:

Թերևս աշխարհում չկա մի պետություն, որին բնորոշ չլինի ստորև ներկայացվող ցանկի կետերից գոնե մեկը: Իսկ դրանց բոլորի առկայությունը տվյալ երկիրը վերածում է իսկական չարիքի: Պարզապես հնարավոր չէ այս ցանկին ծանոթանալ ու չմտածել, որ մեր սահմանակից հարևանների կեսն անշեղորեն ընթանում է ֆաշիզմի ճանապարհով, իսկ միջազգային հանրություն կոչվածը նրանց իրենց իսկական անունով կոչելու փոխարեն ֆաշիստի պիտակ է կպցնում Նժդեհի նման հայրենասերին ու մարդասերին:

Ֆաշիստական յոթ վարչակարգերին միավորող այս 14 կետերը ներկայացնում ենք nashdom.us կայքի փոխանցմամբ:

1. Ազգայնամոլության վառ դրսևորում: Արտահայտվում է դրոշի հանդիսավոր ցուցադրությամբ, ռազմական նվաճումների նկատմամբ հպարտությամբ, ազգային միասնականության կոչերով և դրա համապատկերին` կասկածներ ամենայն արտասահմանյանի նկատմամբ և այլատյացության բռնկումներ:

2. Արհամարհանք` մարդու իրավունքների նկատմամբ: Ֆաշիստական վարչակարգերի օրոք մարդու իրավունքները արժեզրկվել էին, դրանք  խանգարում էին իշխող ընտրանու նպատակների իրագործմանը: Օգտագործելով քարոզչությունը` նման վարչակարգերը հասնում էին նրան, որ բնակչությունը հնազանդորեն ընդունում էր մարդու իրավունքների խախտումները` հասարակականորեն մեկուսացնելով և չարիք հռչակելով նրանց, ովքեր դառնում էին դրա թիրախը: 

3. «Քավության նոխազների» փնտրտուք: Բոլոր ֆաշիստական վարչակարգերի բնորոշ գծերից մեկը եղել է թշնամու փնտրտուքը,  որպեսզի նրանց վրա դրվեր իրենց սխալների պատասխանատվությունը, հասարակությանը շեղեր այլ խնդիրներից, և սոցիալական հիասթափությունն ուղղվեր կառավարելի հուն: Նման վարչակարգերի դեմ պայքարող մարդիկ ստանում էին «ահաբեկչի» պիտակը և արժանանում համապատասխան վերաբերմունքի:

4. Ամենայն ռազմականի ճնշիչ ազդեցություն: Իշխող ընտրանին միշտ իրեն նույնացրել է բանակի հետ: Ազգային հարստության հսկայական մասը տրամադրվել է ռազմական ծախսերին` անգամ եթե դժվար է եղել ապահովել երկրի ներքին պահանջները: Ֆաշիստական վարչախմբերի համար ռազմական հզորությունը եղել է ազգային գերազանցության արտահայտություն, և նրանք դա օգտագործել են ցանկացած հնարավորության դեպքում, որպեսզի ահաբեկեն հարևաններին և մեծացնեն կառավարող դասակարգի իշխանությունն ու հեղինակությունը: 

5. Սեռական խտրականություն: Ֆաշիստական վարչախմբերը կանաց համարել են երկրորդ կարգի քաղաքացիներ, խիստ դիրքորոշում են ունեցել հղիության արհետական ընդհատումների դեմ և իրենց հասարակությունների մեջ արմատավորել են մարդատյաց տրամադրություններ: Դրանք արտացոլվել են նաև դիվային օրենքների մեջ, որոնք երկրի ավանդական կրոնին դրդել են աջակցել իրենց:

6. Վերահսկողություն զանգվածային լրատվամիջոցների վրա: Ֆաշիզմի օրոք ԶԼՄ-ները հաճախ գտնվել են իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո և կուսակցության գծից քայլ անգամ չեն կարողացել նահանջել: Վերահսկողության եղանակները ներառում էին ոչ միայն հնարավորություններ ընձեռելն ու թույլտվություն տալը, տնտեսական ճնշումներն ու համառ կոչերը, այլև սպառնալիքները:

7. Մոլեգին հակվածություն ազգային անվտանգության նկատմամբ: Ազգային անվտանգության կառույցը ֆաշիստական վարչակարգերի համար ծառայել է որպես բռնադատելու գործիք, որն աշխատել է գաղտնիության  պայմաններում և առանց սահմանափակումների: Իսկ նրա գործունեության վերաբերյալ ցանկացած կասկած պիտակվել է որպես դավաճանություն:

8. Կրոնի և կառավարող դասակարգի սերտ կապը: Քարոզչությունը պահպանում էր պատրանքն այն մասին, թե ֆաշիստ առաջնորդները հավատի պաշատպաններ են, իսկ իրենց ընդդիմությունը` անաստվածներ: Մարդիկ սկսում էին հավատալ, որ իշխանություն ունեցողներին հակառակվելը նույնն է, թե ապստամբես կրոնի դմ:

9. Կորպորացիաների իշխանության պաշտպանությունը: Երբ մարդկանց մասնավոր կյանքն այդպես խիստ վերահսկողության ներքո է գտնվել, խոշոր ընկերությունները հնարավորություն են ունեցել գործելու համեմատաբար ազատ: Կորպորացիաները ոչ միայն երաշխավորում էին ռազմական խոշոր արդյունաբերությունը, այլ նաև լրացուցիչ վերհասկողություն էին իրականացնում հասարակության շրջանում:

10. Բանվորական միավորումների հալածանքը: Բանվորական շարժումները համարվում էին ուժ, որը կարող էր մարտահրավեր նետել կառավարող դասին և նրա հենրան ձեռնարկատերերին: Նման միավորումները ճնշվում էին և հավասարեցվում քրեական խմբավորումների: Բնակչության աղքատ շերտին նայում էին արհամարհանքով ու կասկածանքով:

11. Արհամարհանքը մտավոր գործունեությամբ զբաղվողների և արվեստի նկատմամբ: Համարվում էր, որ մտավոր և ակադեմիական ազատությունը սպառնալիք է ազգային անվտանգության և հայրենասիրական գաղափարների համար: Մտքի և արտահայտվելու ազատությունը դատապարտվում ու ճնշվում էր:

12. Հանցագործությունների մեծ թիվը և պատժի խստությունը: Ֆաշիստական վարչակարգերում բանտարկյալների թիվը շատ մեծ էր, իսկ ոստիկանությունն ուներ հերոսի հեղինակություն և գրեթե անսահմանափակ իշխանություն, ինչն էլ հանգեցնում էր մեծաթիվ չարաշահումների: Որպեսզի ոստիկանության արտոնություններն արդարացնեին, իշխանությունները բնակչության շրջանում արմատավորում էին վախ հանցագործների, դավաճանների և թշնամիների հանդեպ:

13. Հովանավորչությունը և կաշառակերությունը: Իշխանություններին մոտ կանգնած ձեռնարկատերերն իրենց դիրքն օգտագործում էին հարստանալու համար: Կաշառակերությունը զարգանում էր երկու ուղղությամբ էլ: Ֆաշիստական վարչակարգը ֆինանսական օգնություն էր ստանում տնտեսական ընտրանուց, իսկ սա` քաղաքական ծառայություններ կառավարությունից: Իշխող ընտրանու անդամները հաճախ իրենց դիրքից օգտվում էին նաև ազգային հարստության յուրացման նպատակով: 

14. Ընտրությունների արդյունքների կեղծումը: Իբր թե ազատ ընտրությունները սովորաբար կեղծվել են: Իրական ընտրությունների ժամանակ իշխող ընտրանու անդամները ձգտել են աչքակապություն անել թեկնածուների միջոցով, որպեզի արդյունքն իրենց օգտին լինի: