Ամեն մարդու մեջ հանճա՞ր է նիրհում

ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՇՆՈՐՀՆԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ

Իսկական առեղծված է մարդկային ուղեղը, որի գաղտնիքներն առայժմ ոչ մեկը չի կարողացել բացահայտել: Զարմանալի է թեկուզ այն փաստը, որ աշխարհում շատ մարդիկ կյանքը շարունակում են ուղեղի սոսկ մի հատվածի առկայությամբ, անգամ կան այնպիսիք, ում գլխում այդ օրգանը լիովին բացակայում է: Ինչպես մեկնաբանում է esoreiter.ru կայքը՝ նրանք հանճար չեն, սակայն ոչ էլ հաշմանդամ են, այլ ամենասովորական մարդիկ:
 
Մարդկային ուղեղը երբեմն գերբնական հատկություններ է ձեռք բերում վնասվածք ստանալուց հետո: Սովորաբար նման հանգամանքներում մարդը հաշմանդամ է դառնում, սակայն եզակի դեպքերում ձեռք է բերում հատկանիշներ, որոնք մինչ այդ չի ունեցել, չի էլ ենթադրվել, թե նման հակումներով ու ընդունակություններով է օժտված: Որքան էլ այս երևույթը հազվադեպ է հանդիպում, այդուհանդերձ՝ իրականություն է, որը ևս բացատրությունը չունի: Ահա այդպիսի մի քանի օրինակ: 
 
Ջեյսոն Փաջեթը 2002թ. մի երեկո բարից դուրս գալիս՝ կռվի է բռնվում երկու երիտասարդի հետ և ուղեղի ցնցումով հայտնվում հիվանդանոցում: Ապաքինվելով և տուն  վերադառնալով՝ նա նկատում է, որ լիովին այլ աչքերով է տեսնում աշխարհը. շրջապատող միջավայրը նրա համար ամենաբարդ երկրաչափական նախշերի համադրություն էր դարձել: Այս աներևակայելի պատկերները նա հաջողությամբ փոխանցում է կտավին: Նրա խորհրդավոր նկարներում այնքան ներդաշնակություն ու հստակություն կա, որ այդօրինակ արվեստի սիրահարներն ուղղակի կլանվում են: Նրա կտավները դառնում են շատ պահանջված, ինքն էլ մեծ ճանաչում է ձեռք բերում:  
 
Վիրաբույժ-վնասվածքաբան Թոնի Չիկորիայի ուղեղը մասնակիորեն վնասվել է ոչ թե մեխանիկական հարվածից, այլ կայծակից: Դրանից նա ժամանակավորապես կորցրել է հիշողությունը, սակայն երբ ապաքինվելուց հետո  հիվանդանոցից դուրս է գրվել՝ դաշնամուր նվագելու անհաղթահարելի ցանկություն է զգացել: Մինչ այդ ո՛չ երաժշտական կրթություն էր ստացել, ո՛չ էլ որևէ նվագարանի հետ էր գործ ունեցել: Նա սկսել է այնպես դաշնամուր նվագել, որ ցանկացած արհեստավարժ կնախանձեր նրան: Ավելին՝ սկսել է հենց նվագարանի առջև ստեղծագործել, իսկ հետո պարզվել է, որ եզակի  հաճախականության բացարձակ երաժշտական լսողություն ունի:
 
Թոմի Մակ Հյուն ուղեղի ճակատային մասի վնասվածք է ստացել հենց վիրակատական սեղանին, երբ բժիշկները փորձել են վերացնել ուղեղի զարկերակների հետ կապված  խնդիրը: Այդ օրհնյալ վնասվածքից հետո նա իսպառ կորցրել է թմրամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը և ձերբազատվել թմրամոլությունից: Փոխարենը ձեռք է բերել տարօրինակ պատկերներ տեսնելու ունակություն և հիմա կարողանում է դրանք փոխանցել կտավին ու արտացոլել քանդակների մեջ: 
 
Նշվում է, որ նման երևույթներ աշխարհում հազարներով են հաշվվում, ուղղակի դրանց մասին քչերը գիտեն: «Տուժողներն» իրենք սովրաբար չեն սիրում պատմել, թե իրենց մեծ տաղանդները երբ և ինչպես են ի հայտ եկել: Նման դեպքերում բժիշկները համեստորեն լռում են, քանի որ առայժմ չեն կարողանում այդ այլափոխումները բացատրել: Մնում է, որ դրանց մասին խոսեն լրատվամիջոցներն ու գրողները: