Փախուստ «Մեռյալների քաղաքից»

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ

Բազմաթիվ մարդիկ պնդում են, թե իրենք հանդիպել են այլմոլորակայինների հետ, թե նրանք իրենց առևանգել ու հետ են բերել կամ որևէ կերպ օգնել են:
 
Սովորաբար նման մարդկանց հոգեկան հիվանդ են հռչակում և ուղարկում հոգեբուժարաններ: Մեր օրերում, սակայն, կարծես շատերն են սկսել նման շփումները հավանական համարել, իսկ ականատեսների պատմությունները՝ հավաստի:
 
Թե որքանով է հավաստի Դոնի Ռոստովի բնակչուհի Օլգա Գրեբեննիկովայի պատմությունը, դժվար է ասել՝ դրանք հաստատող անառարկելի փաստեր չկան: Բոլոր դեպքերում՝ արժե տեղյակ լինել:
 
… Գարանային մի ուշ երեկո՝ հեռավոր 1986-ին, Օլգան անկողին մտնելուց առաջ նստել է թախտին: Նույն պահին իրեն գտել է ջրի մեջ ծնկաչոք դրությամբ, ընդ որում՝ ցերեկային ժամ է եղել: Իր երկու կողմերում ծովն է ծփացել, իսկ ափին լայն շերտով երևացել է ինչ-որ քաղաքի լողափ: Քաղաքի ճերմակ ու ցածրիկ տները դասավորված են եղել խիստ կանոնավոր թաղամասերով: Կինն այնպիսի զգացողություն է ունեցել, թե այդ քաղաքն իրեն մագնիսի պես ձգում է:
Առափնյա բնապատկերը հանկարծակի անհետացել է, և Օլգան հայտնվել է անվերջ ձգվող մի քարե խողովակի մեջ: Այնտեղ կիսախավարն է իշխել, ինչ-որ տեղից թույլ լուսավորություն է ցոլացել: Ինքը խողովակով կատաղի արագությամբ առաջ է մղվել՝ շարունակ վախից աղաղակելով: Երբ վերջապես այնտեղից դուրս է թռել, իրեն թվացել է, թե հայտնվել է այն նույն քաղաքի փողոցում՝ երկու կողմերում երկուական շարքով ձգվող սպիտակ տներով: 
Հանկարծ նրան են մոտեցել բժիշկների նման հագնված երկու կերպար:
 
Ահաբեկված Օլգան, չկարողանալով  նրանց կարգին զննել, միայն նկատել է նրանց բարձր հասակներն ու եկար սպիտակ  խալաթները: Արմունկներից բռնելով՝ «բժիշկները» կնոջը քարշ են տվել ամենամոտիկ տունը, իսկ այդ ընթացքում նրա երեսը շրջված է եղել դեպի վեր: Այնտեղ Օլգան ոչ թե երկինք է նկատել, այլ հրեշավոր չափերի արհեստական գմբեթ, որը ծածկել էր ամբողջ հորիզոնը և ուներ երկնքի երանգ և անհամաչափ փայլատակում էր: Գմբեթի ներսի մակերևույթը ծածկված է եղել բազմաթիվ աղոտ կայծերով: 
 
Տան ներսում միանգամայն սովորական երկրային մարդիկ են եղել, ովքեր անդուլ շարժվել են՝ այսուայնկողմ դեգերելով ընդարձակ դահլիճում: Անսովոր է եղել նրանց քայլվածքը՝ մի տեսակ ռոբոտային: Բոլորի դեմքերին սառած է եղել անիմաստ, ապուշային ժպիտը: Նրանց տեսնելով՝ Օլգան փորձել է իրեն բռնողների ձեռքերից դուրս պրծնել: 
 
- Այս ո՞ւր եք ինձ քաշում,- ճչացել է նա - իսկույն բաց թողեք: Ես չեմ ցանկանում նրանց նման լինել: Սրանք ախր մեռյալներ են… Սրանք կենդանի մեռյալներ են: Այս քաղաքը իսկական մեռյալների քաղաք է: Ես չեմ ուզում այստեղ մնալ, ինձ բաց թողեք:
 
«Բժիշկները» հանկարծ անսացել են իրենց գերուհու պահանջներին, ավելի ճիշտ՝ նրա ողբին: Մեջքի վրա կտրուկ ընկնելով՝ Օլգան թափով նստել է իր բնակարանի թախտին: Հուսահատ ճիչը սառել է նրա կոկորդում: Կինը վերստին հայտնվել է նախկին՝ սովորական աշխարհում՝ լավ ծանոթ և անվտանգ իրերի միջավայրում:  
 
Նույնիսկ հիմա՝ իր զարմանալի ճամփորդությունից այսքան տարի անց, Օլգա Գրեբեննիկովան ահով է հիշում դրա մանրամասները և տարակուսում է, թե իրեն ինչպես հաջողվեց դուրս պրծնել քայլող մեռյալների քաղաքից, որը գտնվում է արհեստական երկնքի ներքո…
 
Ի՞նչ է եղել սա, հարց է տալիս այս պատմությունը փոխանցող esoreiter.ru կայքը, ուրի՞շ մոլորակ, զուգահեռ աշխա՞րհ, թե մեկ այլ բան: Դա ոչ ոք չգիտի, ոչ էլ այս ամենը վերապրած կնոջը որևէ մեկը դա երբևէ բացատրել է: Սկզբում Օլգան անընդհատ վախեցել է, թե «մեռյալների քաղաքի» խորհրդավոր «բժիշկներն» իր հետևից դարձյալ կգան, իսկ հիմա ուրախ է, որ նրանք իրեն այլևս չեն անհանգստացնում: Այս ամենը, իհարկե, շատ նման է նաև մղձավանջային երազի, բայց երևում է՝ Օլգան համոզված է, որ արթուն է եղել: Համենայնդեպս, կնոջ մոտ հոգեգարության նշաններ չկան: