Թրամփին այս տարի պաշտոնանկություն չի սպառնում, իսկ մամուլը կայպանի Մեյի ալկոհոլասիրությունը

ԱՍՏՂԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ` ՀԱՄԱՀՈՒՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Աշխարհում այսօր 7 մլրդ-ից ավելի մարդ է ապրում, և նրանց բոլորի ապագան կախված է գերտերությունների վարած քաղաքականությունից, նրանց ղեկավարների հրահրած հակամարտություններից, միջազգային հարաբերություններում նրանց բռնած դիրքից: Այդ առաջնորդների հնարավոր վարքագծի, հետագա ճակատագրի վերաբերյալ կանխատեսումներ անում են ոչ միայն վերլուծաբանները, այլև  աստղագուշակները կամ ինչպես վերջերս է ընդունված ասել` աստղաբանները:

Ամերիկացի Լինդսի Էդվարդսի կանխատեսումները, որոնք հենվում են տիեզերական մարմինների դասավորության վրա, աչքի են ընկնում նրանով, որ շատ մոտ են հասարակության զարգացման միտումների հիման վրա ենթադրվող հեռանկարին, որոնք գծում են վերլուծաբաններն ու գիտնականները: Ահա աստղաբան այդ կնոջ կանխատեսումները` այսօրվա աշխարհի քաղաքական օրակարգում գլխավոր դեր կատարող երեք առաջնորդի մասին (ըստ esoreiter-ի): 

Դոնալդ Թրամփ

Չնայած բոլոր խոսակցություններին և մամուլում տարփողվող լուրերին` ԱՄՆ նախագահին այս տարի պաշտոնանկություն չի սպառնում: Իսկ ահա մահափորձ հնարավոր է, և եթե իրոք լինի, ապա ավելի հավանական է` այս տարվա հոկտեմբերին:

Շուտով առավել ակնհայտ կդառնա, որ նախագահի ընտանիքում մեծ խնդիրներ կան` չնայած Մելանյան հասարակության մեջ կատարյալ ամուսնական զույգ է ցուցադրելու: Ինքը` Թրամփը, նույնպես ընտանեկան տարաձայնությունները թաքցնելու է, քանի որ դրանց հիմնական պատճառը, ինչպես երևում է, հենց երկրի առաջին տիկինն է, այլ ոչ թե նրա ամուսինը:

Թերեզա Մեյ

Այս լեդիի քաղաքական գործունեությունն ըստ էության ավարտված է, քանի որ մայիսին նա ստիպված է պաշտոնաթող լինել: Սակայն մինչ այդ մի քանի ահաբեկչական գործողություններ են լինելու, որոնք խորացնելու են Մեծ Բրիտանիայի քաղաքական ճգնաժամը:

Այդուհանդերձ` մամուլը տիկին Մեյի վրա կհարձակվի ոչ թե իր քաղաքական վրիպումների, այլ ալկոհոլի նկատմամբ չափազանցված հակումի պատճառով: Պաշտոնաթողության հաջորդ օրվանից սկսած` Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետին բոլորը կմոռանան թե՛ հենց իր երկրում, թե՛ մնացած ամբողջ աշխարհում:

Լինդսի Էդվարդսի կանխատեսման համաձայն` ահաբեկչությունները Մեծ Բրիտանիայում կշարունակվեն նաև Թերեզա Մեյի հեռանալուց հետո:

Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ առաջնորդի հետագա գործունեությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությամբ: Իսկ վերջինս Հյուսիսային Կորեայի նկատմամբ շարունակելու է նույն գիծը` ահաբեկել պատերազմներով ու  ամեն տեսակի պատժամիջոցներով:

Կիմ Չեն Ընն էլ սկսելու է աշխարհին ցուցադրել, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ից և այլ գերտերություններից պաշտպանել իր անկախությունը` ապավինելով սեփական ուժին և այդ փոքրիկ երկրի ժողովրդի վճռականությանը` մինչև վերջին զինվորը: