ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Թբիլիսին վրացիները 12-րդ դարում ադրբեջանցիներից են զավթել…

Այս փաստերին ծանոթանալով` ակամա ուզում ես հարց տալ մեր վրացի բարեկամներին. ամեն անգամ, երբ ադրբեջանցիները հայերիս հաշվին հող ու պատմություն էին զավթում, իսկ դուք անվերապահորեն նրանց կողմն էիք պահում, չէի՞ք մտածում, որ հերթը ձեզ է հասնելու: Բարակ առվի առաջն առնելու փոխարեն վրացիներն արդեն դեմ են առել մի հորդառատ, պղտոր հեղեղի, որի դեմ պատ շարելու համար քարեր չեն հավաքել: Իսկ աշխարհում ամեն օր ավելանում են ահաբեկիչները, որոնք իրենց ներարկված ատելության թույնի ազդեցությամբ անգամ իրենց կյանքն են տալիս, միայն թե հետները գերեզման տանեն նաև մի քանի «գյավուրի»:

Վրացիները հանկարծ արթնացել են և նկատել, որ ադրբեջանցիները պատմությունն աղավաղում են և ազգային ատելություն հրահրում: Ու չեն քաշվում Վրաստանի պատմությունը կեղծել հենց Վրաստանի ադրբեջանական դպրոցներում: Սրա վերաբերյալ հոդված է հրապարակել novostink.ru կայքը, որը ներկայացնում ենք    թարգմանաբար.

- Վրացական «Քվիրիս պալիտրա» լրագիրը ցնցող նյութ է հրապարակել այդ երկրի ադրբեջանական դպրոցներում Ադրբեջանի պատմության վերաբերյալ: Հրապարակման մեջ նշված է, որ ադրբեջանական դասագրքերն աղավաղում են տարածաշրջանի պատմությունը: Օրինակ, 8-րդ դասարանի դասագրքում մասնավորապես ասվում է. «Վրացի և հայ ֆեոդալները Բյուզանդիայի աջակցությամբ խաչակրաց արշավանքներ են կազմակերպել թուրք-սելջուկների դեմ: Պայքարի համար նրանք միություն են կազմել խաչակիրների հետ: Այդ կերպ նրանք փորձել են Կովկասից դուրս մղել մուսուլմանական գործոնը և զավթել ադրբեջանական հողերը: 1120թ. Դավիթ IV-ը հարձակվել է Շիրվանի վրա, ավերել է Գաբալա քաղաքը, հավաքել է ադրբեջանական հարստությունն ու հեռացել: 1122 թ. Թբիլիսին անցել է վրացիների ձեռքը»:

Դուրս է գալիս, որ դրանից առաջ Թբիլիսին եղել է… ադրբեջանական քաղաք: Սրա առնչությամբ պրոֆեսոր Ջաբա Սամուշիան ասել է.

- Ես այդ պատմության դասագրքերից ոչինչ չհասկացա: Չէ՞ որ այդ ժամանակներում Ադրբեջանը որպես պետություն, որպես երկիր, գոյություն էլ չի ունեցել: Գրքում տրված է Իրանի, մուսուլմանական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի և մասնակիորեն՝ Վրաստանի պատմությունը: Եվ այդ ամենը թաքնված է Ադրբեջանի պատմության ներքո: Դրանք բացարձակապես քաղաքականացված դասագրքեր են,  որոնք պատմական գիտության հետ ոչ մի առնչություն չունեն:  Ինչպե՞ս կարելի է երեխաներին այդ դասագրքերով սովորեցնել Վրաստանի դպրոցներում: Նույնիսկ Ադրբեջանում չի կարելի դրանցով սովորեցնել: Այսպիսի պատմական շանտաժը հարկավոր է բողոքարկել դիվանագիտական մակարդակով: Դրանց համաձայն ստացվում է, որ վրացիները զավթիչներ են, որոնք խեղճ ադրբեջանցիներից զավթել են Թբիլիսին, որ վրացական պատժիչ ջոկատները կողոպտել են խեղճ ադրբեջանցիներին և նույնիսկ նրանց մինարեներից կախել են: Դա այլ բան չէ, քան ազգային ատելության հրահրում: Այդ դասագրքերով դաստիարակվածների աչքին վրացիները զազրելի զավթիչներ են,-զայրացած է փորձագետը:-Ի դեպ, այդ դասագրքերում գրված է, թե հայերը միայն 19-րդ դարում են Կովկասում հայտնվել, բայց 12-րդ դարում արդեն կռվում էին մուսուլմանների դեմ: