Մերժված հարսնացուի վրեժը

Այն, ինչ կատարվել է ռուսական գյուղերից մեկի բնակիչ Մաքսիմ Խրամովի հետ, ոչ միայն զարմանալի ու տարօրինակ է, այլև անբնական: ufonews.su կայքը ամբողջ կատարվածը ներկայացրել է Մաքսիմի մտերիմ ընկերոջ՝ դեպքերի ականատես Սերգեյ Սոլմովի պատմածով:
 
- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մաքսը որոշեց ամուսնանալ: Դա նրա բոլոր ծանոթների ու ընկերների համար անսպասելի էր ու նաև տարօրինակ: Մաքսիմն ընհանրապես լավ տղա է՝ շփվող, ուրախ, սակայն աղջիկների հետ հարաբերություններում մի տասակ թեթևամիտ ու անլուրջ է: Նրանք Մաքսի շուրջը պտտվում են թիթեռների նման, և երևում է՝ դա նրա համար հաճելի է: Բայց միայն այդքանը: Մեկ էլ հանկարծ միանգամից որոշում է ամուսնանալ ու բոլորիս հաղորդում է, որ հարսանիք է լինելու: 
 
Նա միանգամից մի տեսակ փոխվեց՝ դարձավ լուրջ ու ասես հանդիսավար: Մեր բոլոր հարցերին պատասխանում էր, թե վերջապես հանդիպել է իր կեսի հետ, թե նման աղջկա մասին ամբողջ կյանքում է երազել: Միայն թե մեզ հարսնացուի հետ չէր ծանոթացնում և նրա մասին համարյա չէր խոսում: Հարսանիքի ժամանակը մոտենում էր, մենք նվերներ էինք գնում, Մաքսին էինք օգնում հանդիսությունը կազմակերպել: Պատվիրում էինք սուրճ, թամադա, ավտոմեքենաներ, մի խոսքով՝ ինչ որ հարկավոր է: Եվ միայն գրանցումից երկու օր առաջ Մաքսը համաձայնեց մեզ իր հարսնացուի հետ ծանոթացնել: Այդ օրը նրանք պետք է հանդիպեին քաղաքային այգում:
 
Ծանոթությունն այդպես էլ չկայացավ
 
Մենք, պարզ է, բոլոր գործերը թողեցինք և գնացինք այգի: Ժամանակն անցնում էր, իսկ աղջիկը չէր երևում: Արդեն սկսել էինք կատակել:
 
- Դե ի՞նչ, փեսացու, հարսնացուդ որտե՞ղ է: Գուցե քեզնից փախե՞լ է:
 
Սկզբում Մաքսն արձագանքում էր, այնուհետև սկսեց աղջկա բջջայինին զանգել, սակայն լսափողը ոչ ոք չէր վերցնում: Մտածեցինք՝ գուցե հարսանիքից առաջ գործերով ծանրաբեռնված է… Ժամից ավելի սպասում էինք, սակայն իզուր: Մենք ցրվեցինք, իսկ Մաքսը գնաց հարսնացուին գտնելու: Երեկոյան Մաքսիմը զանգեց և ասաց, թե իր հարսնացուն կորել է: Հեռախոսը լռում է, բնակարանում էլ մարդ չկա: Ձայնը դողում էր: Հեռվից անգամ հասկանալի էր, թե որքան հուզված ու վախեցած է: 
 
Ես նրան ասացի, որ ինձ մոտ գա և սկսեցի զանգահարել մեր մնացած ընկերներին: Երբ բոլորը եկել էին, Մաքսին խնդրեցի իր հարսնացուի մասին ամեն ինչ պատմել՝ ո՞վ է, ե՞րբ և որտե՞ղ են ծանոթացել և այլն: Վերջիվերջո՝ չէ՞ որ միասին են փաստաթղթերը ամուսնությունների գրանցման գրասենյակ տարել: Իմացանք, որ Մաքսն աղջկա հետ ծանոթացել է այգում՝ Սև լճի ափին: Երեկո է եղել, տղան արդեն մտածել է տուն դառնալ, երբ նրան տեսել է: Աղջիկն ասես ներսից փայլել է ինչ-որ յուրահատուկ լույսով, իսկ մուգ աչքերը ձգել ու ջերմացրել են: Դրանց նայելով՝ Մաքսիմը հասկացել է, որ այդ զարմանալի աղջիկն իր բախտն է: Նրա մեջ ամեն ինչ եղել է հուզիչ, խորհրդավոր, ասես վերերկրային: 
 
Նրանք հանդիպել են ընդամենը երեք շաբաթ: Այդ ընթացքում Մաքսիմը նրանով այնքան է տարվել, որ վախենալով մերժում ստանալուց՝ շուտով առաջարկություն է արել: Աղջիկն իր համաձայնությունը տվել է, ամեն ինչ կարծես լավ է եղել… մինչև այդ օրը: 
 
Եղել է ոչ թե հարսնացու, այլ աղջկա ստվեր
 
Սկզբում զանգահարեցինք բոլոր հիվանդանոցները, ապա գնացինք այն հասցեով, որտեղ ապրել է աղջիկը: Հարևաններն ասացին, որ նման աղջիկ այդտեղ չկա և չի էլ եղել: Բայց չէ՞ որ Մաքսն իր հարսնացուին ուղեկցել է մինչև այնտեղ: Նրա որևէ ընկերուհու չի ճանաչել: Աղջիկն ասել է, թե ծնողները հեռվում են ապրում և միայն հարսանիքի ժամանակ կգան…
 
Որևէ բան չպարզվեց նաև հաջորդ օրը՝ գրանցման նախօրեն: Չնայած դրան՝ արարողության բոլոր մասնակիցների հրավերները և բոլոր պատվերները զանգերով հաստատվեցին: Հետո որոշվեց ավելի շուտ գնալ գրանցման գրասենյակ՝ հուսալով, որ մեկ էլ տեսար՝ տեղում ինչ-որ բան կհստակեցվի: Սակայն ո՛չ հարսնացուն, ո՛չ էլ նրա ազգականներն այդպես էլ չեկան: Գրանցումը և մնացած ամեն ինչը հետաձգվեց, սահմանաված տույժը՝ վճարվեց: 
 
Մաքսի երեսին նայել չէր լինում, և մենք որոշեցինք նրան մենակ չթողնել: Գիեշերը նրա հեռախոսին զանգ եկավ. «Ես քեզ սպասում են նախկին տեղում»: 
Այդ խոսքերի մասին մենք հետո իմացանք: Իսկ այդ ժամանակ Մաքսը լռելյայն տեղից պոկվեց և բնակարանից դուրս թռավ: Մինչ մենք կարթնանայինք և ուշքի կգայինք՝ նրա անհետացավ: Որտե՞ղ փնտրենք մեր ընկերոջը: Հեռախոսից ի՞նչ լսեց: Մեզ համար մի բան էր պարզ՝ զանգահարողը Մաքսի հարսնցուն էր, դրանով է բացատրվում նրա տենդագին շտապողականությունը: Սակայն որտե՞ղ կարող էր նրան կանչել: Մեր մտքով միայն Սև լիճն անցավ, ու նետվեցինք այնտեղ:
 
Ջրահեղձ հարսնացուն
 
Մենք դեռևս հեռվից ափին տեսանք տարօրինակ զույգին. աղջիկը ճերմակ շրջազգեստով էր և դեպի իրեն էր ձգում երիտասարդին, իսկ նա մի տեսակ թույլ ու անվստահ դիմադրում էր: Եվ ահա աղջիկը հանկարծ բռնեց նրա թևից և դեպի իրեն քաշելով՝ թեք լանջից նետվեց ներքև՝ սառը, խավար ջրերի մեջ: Մի կերպ հագուստները վրաներիցս պոկելով՝ մենք ևս նրանց հետևից նետվեցինք վաղ գարնանային ջրերի մեջ: Սառցասառը ջրերը կաշկանդում էին մեր ոտքերն ու ձեռքերը, բայց բախտներս բերեց՝  Մաքսին դուրս քաշեցինք, երբ կյանքը նրա մեջ դեռևս չէր մարել: Շտապ օգնություն կանչեցինք ու շարունակեցինք աղջկան փնտրել, միայն թե մեր հերոսկան ջանքերը զուր անցան: 
 
Շտապ օգնություն մեքենայի վարորդը Մաքսին հիվանդանոց տեղափոխելուց առաջ մեզ ասաց, թե սա առաջին դեպքը չէ: Նման կանչերով իրենք այստեղ եղել են մի քանի անգամ, և ամեն անգամ բժիշկները ստիպված են եղել ուշքի բերել «ապուշներին», ովքեր սառը ջրերն են խցկվում՝ ասես խելքները թռցրած լինեն: 
 
Իրավիճակի հանդարտվելուց հետո մենք նորից զննեցինք լճի ափը: Շրջեցինք, զրուցեցինք մոտակայքում բնակվող  պառավների հետ: Չէ՞ որ նրանք բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Եվ պարզեցինք՝ իրոք այդ տեղում ինչ-որ շատ հաճախ են ջահել տղաներ խեղդվում: Ոմանց կարողանում են փրկել, ոմանց՝ ոչ: Ասում են՝ այդ մութ պատմությունն սկսվել է նրանից, որ մի աղջկա հենց հարսանիքից առաջ լքել է փեսացուն, ու նա վշտից խեղդվել է այս լճում: Ու թեև դա վաղուց է եղել, մինչև հիմա էլ ջրերի խորքից հանկարծ դուրս է գալիս ջրհեղձ աղջիկը, որպեսզի վրեժ լուծի իր կործանված կյանքի համար: Եվ նա վրեժ է լուծում իրեն հանդիպած բոլոր երիտասարդներից՝ նրանց միջև որևէ տարբերություն չդնելով: 
 
Երբ Մաքսը ապաքինվեց, մեր պատմածներին ինչ-որ տարօրինակ կերպով արձագանքեց: Մենք այդպես էլ չհասկացանք՝ նա այդ միստիկ պատմությանը հավատա՞ց, թե՞ ոչ: Արդեն շատ տարիեր են անցել, իսկ նա այդպես էլ չի ամուսնացել, ավելին՝ կանանցից խույս է տալիս: 
 
Որ բնության մեջ մարդու գիտելիքներին ու տրամաբանությանն անհասանելի երևույթներ կան, անառարկելի է: Հնարավոր է՝ Սերգեյ Սոլմովի այս պատմածն էլ նման մի երևույթի դրսևորումն է: Բայց եթե այդպես է, ուրեմն վրեժն այնքան հզոր էներգիա է առաջացնում, որ մահն անգամ նրանից չի փրկում: Միայն թե հաճախ նրա զոհերն են դառնում ոչ իրական հասցեատերերը: