Հետխորհրդային ախտանիշ. խրախճանք ավերակների վրա

ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՆՐԱՆՑ ԷԼ Է ՊԱՏԵԼ

Գործազրկության ճիրաններում հայտնված հայաստանաբնակներին «ավետյաց երկրներում» աշխատանք խոստացող առաջարկների պակաս հիմա էլ չկա: Հիմա, երբ հայրենադարձվելու խոստումներ են հնչում հայկական գաղթօջախներից: Հիմա, երբ հազարավոր մեր հայրենակիցների հուսախաբությունը պիտի որ դաս լիներ բոլորի համար: Վերջապես պետք է հասկանանք, որ անհայտ ոչ մի հեռվում հողը փող չի՛ ծլարձակում, և նույն այդ «ավետյաց» հեռուներում նույնպես օրվա հացի կարոտյալներ կան:
 
Ռուսական Newrezume.org-ի վերջին հրապարակումներից մեկն, օրինակ, արձանագրում է՝ Ռուսաստանի բնակչության գրեթե կեսը ապրում է երրորդ աշխարհի երկրների պայմաններում:
 
Առաջին եռամսյակում սոցիալական և տնտեսական զարգացման մասին «Ռոսստատ»-ի հաշվետվության համաձայն՝ ՌԴ քաղաքացիների միայն 8.5 տոկոսի ամսական եկամուտն է գերազանցում 60 հազար ռուբլին:
 
Գրեթե երկու երրորդը (61%) ապրում է ամսական 27 հազար ռուբլին չգերազանցող գումարով, իսկ 42.1% -ը ստանում է ավելի քիչ՝ քան 19 հազար ռուբլի, որը օրական կազմում է 633 ռուբլի կամ 9.9 դոլար:
 
Յուրաքանչյուր չորրորդը՝ 26.9%, ամսական 15 հազար ռուբլի կամ 8 դոլարից ցածր եկամուտ ունի, իսկ յոթից մեկը պաշտոնական աղքատության գծից էլ ցածր է՝ ամսական առավելագույնը 10 հազար ռուբլի:
 
Նշվում է, որ բնակչության ավելի քան մեկ երրորդը գտնվում է այն իրավիճակում, երբ բոլոր եկամուտները ծախսվում են սննդի ու պարտադիր վճարների վրա: 
Ավելի մատչելի լեզվով ասած՝ այս երկրի բնակչության 10% -ից պակասը կարող է համարվել միջին և ավելի բարձր խավ: Երկու երրորդը աղքատ է ու չքավոր, իսկ 40% -ին, գրեթե առանց վերապահումների, կարելի է անվանել ծայրահեղ աղքատներ՝ բոլոր ցուցանիշներով: Բնակչության մեկ երրորդը գոյատևման անդունդի եզրին է:
 
Իրականության այս «մեդալի» հակառակ երեսին 200 հոգու (բնակչության մնացած 140 միլիոնից) ընդհանուր հարստությունը հավասար է երկրի մնացած բնակչության համախառն հարստությանը՝ 0.00014% և 99.99986%:
Սրանք բացարձակապես փոխկապակցված թվեր ու թվաքանակներ են: Ոմանց հարստությունը ուղղակիորեն պայմանավորված է բոլոր մյուսների համատարած աղքատությունից:
 
- Այս մարդիկ հարուստ են ոչ այն պատճառով, որ խելացի են, աշխատասեր, կարող են բիզնես կամ կառավարում զարգացնել: Նրանք հարուստ են, որովհետև բոլորին աղքատ են դարձրել: Եվ այլ կերպ չի էլ լինի՝ գոնե իշխանության, սեփականության և կառավարման ներկա համակարգում:
 
Իշխող ռեժիմը դեպի երկրի և ժողովրդի հետ վարվում է ոչ ավելի լավ է, քան Աֆրիկայի, Հնդկաստանի կամ Հնդկաչինի գաղութարարները,- փաստում է հրապարակման հեղինակը՝ հավելելով.
 
- Ժողովուրդը նրանց հարստացման աղբյուրն է, և նա նույնպես  դատապարտված է ոչնչացման, ինչպես բնիկները՝ գաղութարարների տիրապետության ժամանակ: 
 
Նրանց գոյության միակ գրավականն իրենց իշխանությունն է՝ խարսխված  գողության ու խաբեության վրա: Եվ նրանց կողմից թալանված մարդիկ շարունակում են հուսալ, որ մի հրաշք տեղի կունենա, և գողերը մի օր կդառնան իմաստուն պետական այրեր ու հոգատար տերեր:
 
Ավա՜ղ, սա պատրանք է, և քանի դեռ այն չի ցրվում, մարդիկ կշարունակեն իրենց չարքաշ գոյությունը քարշ տալ՝ առանց իրենց և իրենց երեխաների ապագայի հույսի: