«Ես, օրինակ, շատ կոնկրետ հարց ունեմ». Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

 

- «Ելք» դաշինքի շուրջ «ելք» ու «մուտքի» բառախաղերն ու սլաքները հավաքում եմ, պետք կգան: Բայց զարմանում եմ, որ դրանք չեն ուղեկցվում նաև «Ելք»-ին առաջադրվող կոնկրետ ծրագրերով, պահանջներով, գաղափարներով: «Ելք»-ի «ծնողին» գտնելու և «երկունքը» հականալու ավելի լավ ճանապարհ, քան դրան առաջադրվող կոնկրետ ծրագրերն են, չի կարող լինել: Գուցե սկզբի համար «Ելք»-ին առաջարկենք բաց հարթակ ունենալ, որտեղ կհավաքվեն ընդդիմադիրներից սպասվող առաջարկները, և եթե «Ելք»-ը հնարավորություն չգտնի դրանց նկատմամբ հստակ վերաբերմունք կամ գործողությունների ծրագրեր առաջադրել՝ նոր փորձենք հասկանալ «Ելք»-ի բնույթը: 
Վերջ ի վերջո «Ելք»ի ընտրողները ՀՀ բնակչության լյումպենացված մասը չեն, դրանք քաղաքական ընդդիմադիր տրամադրություններով քաղաքացիներն են, և միանգամայն գիտակցված ընրություն են կատարել: «Ելք»-ին ավելի դժվար է իր ընտրողի հետ բաց կամ փակ հարթակում հանդիպել և «գլուխ պահել» լղոզված արտահայտություններով կամ քարոզչական ձևակերպումներով: Ես, օրինակ, շատ կոնկրետ հարց ունեմ, թե ինչպե՞ս է «Ելք»ը փորձելու ազդել Հայաստանի էներգետիկ կախվածության վրա, ինչպե՞ս է փորձելու փոխել միջազգային կառույցներում Արցախի հարցի լուծման հարցում կարծրացած բանաձևերը, ինչպե՞ս է աշխատելու Հայաստանի անապատացման հարաճուն գործընացի դեմ, ո՞ւմ հետ է խորհրդակցելու այդ հարցերով, ինչպե՞ս է հանրայնացնելու իր մոտ ձևավորված և ձևակերպված գաղափարներն ու ծրագրերը, ինչպե՞ս է համախմբելու Հայաստանի ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին և այլն: Հո միայն իրենք իրենց ներսում չե՞ն այս հարցերի պատասխանները փնտրելու: Եթե չեմ սխալվում՝ «Ելք»-ում դեռևս «Մենք ամեն ինչ գիտենք» ամբիցիոզությունը չի ձևավորվել:

 

Մտավորականի ֆեյսբուքյան գրառումներից