Մտացածի՞ն է Երկրի մոլորակի աշխարհագրությունը

ԻՍԿ ԳՈՒՑԵ ՄՈԼՈՐԱԿԸ ՏԱՓԱ՞Կ Է

Ի՞նչ գիտենք մենք մեր մոլորակի աշխարհագրության մասին, որքանո՞վ է այն ուսումնասիրված, կա՞ն արդյոք այնտեղ «սպիտակ բծեր», որոնք կարող են մարդկությանը նոր անակնկալներ մատուցել: Թվում է` ամեն ինչ վաղուց արդեն ամբողջովին ուսումնասիրված է, և ոչ մի նոր բան գտնել հնարավոր չէ:

Անցյալում է մնացել աշխարհագրական շշմեցուցիչ հայտնագործություններ ենթադրող արշավախմբերի դարաշրջանը: Իսկ XXI դարում արշավախումբ կազմելու և ոգեշունչ որոնումների մեկնելու կարիք էլ չկա, մարդկանց մեծամասնությունը հնարավորություն ունի Երկրի ցանկացած տարածքը զննել անգամ առանց տնից դուրս գալու:

Սակայն, եթե Երկիրն ամբողջովին ուսումնասիրված է, և այնտեղ անհայտ ոչինչ չի մնացել, ապա ի՞նչն է պատճառը, որ ամեն տարի տասնյակն նավեր և ինքնաթիռներ են անհետանում, որոնց բեկորները կամ կործանման հետքերն այդպես էլ չեն գտնվում:  Այս հարցադրումն անելով` esoreiter.ru պարբերականը մեջբերում է պաշտոնական այն տեղեկատվությունը, թե դրանց անհետացման վայրերում արտառոց ոչինչ չկա:

Օրինակ, հանրահայտ Բերմուդյան եռանկյունում անգամ պարզ եղանակին անհետանում են օդային և ջրային նավերը: Որտե՞ղ են դրանք կորչում: Այլընտրանքային հետազոտողները համոզված են, որ մոլորակի իրական աշխարհագրությունը շշմեցուցիչ չափով տարբերվում է նրանից, որին մենք սովոր ենք հավատալ (քանի որ մեզ այդպես են սովորեցրել): Պատճառը աշխարհի հզորների շահերն են, նրանք են, որ ճշմարտությունը մեզնից թաքցնում են:

Հնարավո՞ր է, որ մեր մոլորակը տափակ է

Մեր հեռավոր նախնիները համարում էին, որ երկիրը տափակ է: Դա այն էր, ինչ տեսնում էր նրանց աչքը: Մի տեղ մտածել են, թե Երկիրը տեղադրված է կրիայի մեջքին կամ երեք փղերի վրա, մեկ այլ վայրում համարում էին, թե մենք ապրում ենք մի հսկայական սկավառակի վրա: Այսպես թե այնպես` հին ժողովուրդների ներկայացուցիչները մոլորակի ձևի մասին համակարծիք են եղել մեկ կետում` այն տափակ է, ինչպես ափսեն: Պարբերականը նշում է, թե սա է պատճառը, որ մարդիկ երկար ժամանակ չէին կարողանում հավատալ Երկրի գնդաձևությունը պնդող գիտնականներին: Մանավանդ` դրա համար ոչ մի ապացույց չէր ներկայացվում, բացառապես առաջարկվում էր հավատալ իրենց խոսքին:

Մարդը սեփական աչքով երկրի գնդաձևությունը նկատել չի կարող, ոչ էլ կարող է երևակայել, թե ինչպես է, որ այդ գնդից ոչինչ ցած չի ընկնում: Անգամ մեր օրերում բոլոր մարդիկ չէ, որ ինքնաթիռներով թռչում են, տիեզերքում էլ հատուկենտ մարդիկ են եղել, այնպես որ մոլորակի տեսքի վերաբերյալ տեսողական պատկերացում կազմել բոլորը չեն կարող: Այո, օվկիանոսում շարժվող նավը վաղ թե ուշ կծածկվի հորիզոնի հետևում և կանհետանա դիտողի տեսողությունից: Սակայն կան մարդիկ, ովքեր պնդում են, թե դրա պատճառը ջրի և երկնային մարմինների փոխազդեցությունն է, սակայն ոչ  երբեք` մոլորակի կլորությունը:

Լրատվամիջոցը հիշեցնում է տխրահռչակ Տափակ Երկիր հասարակությունը (The Flat Earth Society)` տարածված դեռևս  XIX դարի Անգլիայում և շատ ավելի ուշ հաջողությամբ վերածնված ԱՄՆ-ում: («Վիքիպեդիայում» սա հայերենով «Ամուր երկրի հասարակություն» բառակապակցությամբ է նշվում): Այդ կազմակերպության ներկայացուցիչները մինչև օրս պնդում են, թե Երկիրը մի տափակ սկավառակ է` մոտ 40 հազ. մմ տրամագծով,  որի կենտրոնը Հյուսիսային բևեռն է: Լուսինը, Արևն ու աստղերը, իբր, պտտվում են այդ սկավառակի մակերևույթին, ձգողականությունն էլ ընդհանրապես ժխտում են: Իսկ մեր իրականության ֆիզիկական որոշ առանձնահատկությունների պատճառ են համարում Երկրի անդադար շարժումը դեպի վեր:

Ըստ այս տեսության ներկայացուցիչների` Հարավային բևեռի գոյությունը նույնպես ժխտվում է. նրանց համար Անտարկտիկան պարզապես աշխարհը գոտևորող սառցե պատ է: Տիեզերքից արված մոլորակի բոլոր նկարները կիղծիք են` խաբկանք, ինչպես, օրինակ, ամերիկացիների թռիչքները Լուսին: Ասել կուզի` տիեզերական գործակալությունների և ավիաընկերությունների բոլոր ներկայացուցիչները համաշխարհային ծավալների դավադրության մասնակիցներ են:

Կա՞ մեկը, ում ձեռնտու է գաղտնի պահել մոլորակի իրական աշխարհագրությունը

Պարբերականը հիմնավորված չի համարում այն պնդումը, թե Երկիրը տափակ է: Բայց նաև հիշեցնում է, որ մարդկությունը մինչև օրս դրա մասին միասնական տեսակետի չի հանգել, մինչդեռ կարելի է պնդել, որ այսօր աշխարհում չկա լիարժեք վստահության արժանի մի քարտեզ:

Հայտնի է, որ ժամանակակից քարտեզագրության վերաբերյալ վեճերը տարեցտարի ավելի են թեժանում: Պատճառն այն է, որ ցանկացած քարտեզ, եթե անգամ ամենաիրականն է հռչակվում, անխուսափելիորեն ստում է: Պետությունների սահմանները նշվում են ոչ ճշգրիտ, խախտվում են երկրների և մայրցամաքների մասշտաբները, չեն նշվում լճերն ու կղզիները:

Ճանապարհորդները փաստում են, որ ցանկացած երկիր ձգտում է իրեն «նկարել» աշխարհի կենտրոնում` կցելով նոր տարածքներ և դրանցից զրկելով հարևաններին: Կարելի է առանց չափազանցության ասել, որ քարտեզներն իսկական զենք են արդի տեղեկատվական պատերազմում:

Այստեղ անհնար է չհիշել մի շարք հին քարտեզներ, որոնց մեջ աշխարհի կենտրոնում տեղադրված է Հայաստանը: Դրանցում կա՛մ երկգագաթ լեռ է պատկերված, կա՛մ անուն է նշված: Այս քարտեզների հեղինակները օտարներն են, իսկ պաշտոնական գիտությունն էլ պնդում է, թե իբր Արարատի շրջակայքում ժամանակին այլ ցեղեր են բնակվել: Եվ չնայած դրան` հայտնի են դեպքեր, երբ թուրքադրբեջանական տանդեմի ջանքերով աշխարհի գրադարաններում որոնվել ու փորձ են արվել ոչնչացնել Հայաստանի հնությունն ու իրական տարածքներն ապացուցող հին և միջնադարյան քարտեզները` այն էլ ոչ առանց հաջողության: Այժմ էլ Ադրբեջանն ամեն անգամ աղմուկի փոթորիկ է բարձրացում, երբ բացահայտում է, որ այս կամ այն քարտեզում Արցախը Հայաստանի կազմում է պատկերված: Մի տասը տարի առաջ էլ գորգագործության տարածման վերաբերյալ ինչ-որ միջազգային քարտեզ էր հրատարակվել, որտեղ ամբողջ հին ու նոր Հայաստանի տարածքի վրա նշված էր Ադրբեջան:

Ռուսական պարբերականը, բնականաբար, իր օրինակը բերում է Ղրիմի նախադեպով: Նշվում է, որ «Յանդեքսի» ծառայությունները ռուսաստանցի օգտատերերին թերակղզին ցույց են տալիս որպես ՌԴ-ի մաս, իսկ ուկրաինացիների համար այն պատկերված է իրենց երկրի կազմում: 2014թ. իրադարձություններից հետո էլ քարտեզներ են հրատարակվել, որոնցում Ղրիմն առանձին պետություն է:

Քարտեզներ կեղծելու փաստեր կան նաև ԱՄՆ-ի վերաբերյալ: Նրանք տարածում են քարտեզներ, որտեղ Սիբիրը Ռուսաստանի կազմում չէ: Իսկ 2011թ. Իրաքի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ում հայտնվել են քարտեզներ, որոնցում այդ մերձավորարևելյան երկիրն ուղղակի նշված չէ: Չկա երկիրը` չի եղել նաև պատերազմը: Մեծ Բրիտանիայի որոշ քարտեզներում Ավստրալիան իսպառ ջնջված է: Դրա պատճառով Միացյալ Թագավորության շատ քաղաքացիներ հավատացել են, թե իբր Ավստրալիան մտացածին մայրցամաք է: Այսպիսի խորամանկ քաղաքականությամբ են լուսավորյալները (իլյումինատ) կարողանում իրենց ձեռքում պահել իշխանությունը:

Նրանք, ովքեր տեղեկացված են, վերահսկում են աշխարհը, հիշեցնում է պարբերականը: Ընդ որում` սա արդիական է ցանկացած դարաշրջանում: Իսկ մեր օրերի առանձնահատկությունն այն է, որ բավական է զանգվածային տպաքանակով կեղծ քարտեզներ թողարկել, որպեսզի միջազգային աղմուկ հրահրեն, կռվեցնեն ամբողջ ժողովուրդների և ներգործեն ֆինանսական շուկաների վրա:

Ու մանավանդ` մոլորեցնեն մոլորակի միլիոնավոր-միլիարդավոր բնակիչների` այդ կերպ նրանց պարտադրելով ցանկացած, անգամ ամենազառանցական գաղափարներն ու համոզմունքները: Հայերիս համար ավելի լավ օրինակ չկա, քան Երևանը պահանջող ադբեջանցի նախագահն ու նրա ղեկավարած պետության հայատյաց հասարակությունը: