Կայծակնահար անգլիացին մի քանի օրով տեղափոխվել է անցյալ

ԱՍՈՒՄ ԵՔ` ԱՆԿԱՐԵԼԻ՞ է

Մարդու պատկերացումների մեջ ժամանակի միջով հնարավոր է միայն դեպի առաջ գնալ, իսկ դեպի անցյալ վերադարձ չկա, ոչ էլ հնարավոր է թռիչքով ներկայից հայտնվել ապագայում:

Պատահական չէ, որ ժամանակը համեմատում են հոսող գետի հետ` հունի նույն հատվածում ջուրն անընդհատ նորանում ու փոխվում է, իսկ հին ջրերն արդեն այլ հուն են մտել ու անհասանելի են: Այո, ժամանակի միջով հետուառաջ գնալու գաղափարը չի ընկալվում, բայց գուցե այնուամենայնիվ դա բնավ էլ անհնարին չէ:

esoreiter.ru-ն, հրապարակելով հերթական եղելությունը, պնդում է, թե անցյալում կամ ապագայում հայտնվել հնարավոր է յուրաքանչյուր մարդու պարագայում: Ավելին` պետք է ենթադրել, որ նման բաներ մարդկանց հետ պատահում են շատ ավելի հաճախ, քան մենք կարող ենք պատկերացնել: Ուղղակի նման հետաքրքիր փորձ ունեցողներից շատերն այդ մասին լռում են` վախենալով ծաղրից, շրջապատողների թերահավատությունից, մինչև անգամ խելագար համարվելու հնարավորությունից:

Հենց նման մի բան, ըստ լրատվամիջոցի,  տեղի է ունեցել անգլիացի Պիտերր Ուիլյամսի հետ: Իր պատմությունը նա ի գիտություն է հանձնել համացանցի օգտատերերին` դրանով հաստատելով անկախ հետազոտողների կանխատեսումները, թե ժամանակի մեջ մոլորվելը, ինչպես նաև դեպի զուգահեռ աշխարհներ տանող անցուղիները մեր աշխարհի համար սովորական երևույթներ են: Այդտեղ հակաբնական ոչինչ չկա. այլ խնդիր է, որ պաշտոնական գիտությունը դեռևս դրա հայտնագործման նախաշեմին է, այդ պատճառով էլ մեծ հաշվով փորձում է ուղղակի չշոշափել տվյալ թեման:

Ահա և բրիտանացու պատմությունը:

Այդ օրը նա վարար անձրևի տակ է ընկել, որն ուղեկցվել է ամպրոպով: Հետագայում վերլուծելով պատահածը` նա հասկացել է, որ այդ ժամանակ ինքն ինչ-որ տարօրինակ վայրում է եղել: Այդտեղ էլ կայծակը նրան խփել է…
 

- Երբ սթափվեցի, ինչ-որ հրաշքով կարողացա հասնել խճուղուն, որտեղ էլ ինձ վերցրեց մի մեքենայի վարորդ և հասցրեց հիվանդանոց: Այդտեղ մնացի միայն մի քանի օր, որից հետո ինձ դուրս գրեցին: Այդ ժամանակ էլ պարզվեց, որ մի կարգին հագուստ չունեմ (ունեցածս կայծակնահարության և այլ չարաղետ բաների պատճառով արդեն պիտանի չէր): Քանի որ միայնակ մարդ էի, բջջայինս էլ, պարզվեց, կորել է, որոշ զգեստներ ինձ պարք տվեց հիվանդասենյակի հարևանս: Վերադառնալով տուն և բնականաբար հագուստս փոխելով` ես նորից հիվանդանոց գնացի, որպեսզի զգեստները երիտասարդին վերադարձնեմ, դե, նաև շնորհակալ լինեմ բժշկական անձնակազմին: Անգամ այդ նպատակով մի ծաղկեփունջ գնեցի,- պատմել է Պիտերը:

Բայց...  Երբ Պիտերը հիվանդանոց է հասնում, տեսնում է, որ այնտեղ ամեն ինչ այլ է, ուրիշ է նաև ամբողջ բուժանձնակազմը:

Նրան ոչ ոք չի հիշում, ոչ իսկ նրա հետ կատարվածն է որևէ փաստաթղթում արձանագրված: Չի գտնում նաև բարի հարևանին, իսկ նրա պարտք տված հագուստի նմուշները, պարզվում է, արդեն 20 տարի Անգլիայում չեն արտադրվում: Այս ամենից հետո Պիտեր Ուիլյամսը հավատացած է, որ ամպրոպի ժամանակ ինքն ինչ-որ կերպ «սուզվել է» ոչ հեռավոր անցյալում, իսկ հետո, երբ հիվանդանոցից տուն է եկել, վերադարձել է իր ապրած ժամանակը:

Իր բջջայինը նա փորձել է գտնել` համարին զանգ ուղարկելով, սակայն չի ստացվել: Պետք է ենթադրել՝ սմարթֆոնն անցյալում է մնացել:

- Հետաքրքիր է, եթե ինչ-որ մեկն իմ հեռախոսն անցյալում գտնի` ի՞նչ կմտածի: Կհամարի այլմոլորակայինների սա՞րք: Կամ գուցե այնուամենայնիվ կկռահի, որ դա «խաղալիք» է ապագայից: Բոլոր դեպքերում` մեր ժամանակներում նման «ֆանտաստիկ գտածոյի» մասին տեղեկության ես դեռևս չեմ հանդիպել,- փորձել է գուշակել Պիտերը:

Իսկ մենք կարող ենք երևակայել, թե Պիտերի սմարթֆոնն անցյալում գտել է մի հնարամիտ գյուտարար և նրա հիման վրա մշակել բջջային հեռախոսի նախնական նմուշները: Եվ սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` անցյալը սնունդ է առել ապագայից...