Մարդկությանը հանգիստ չեն տալիս Նիբիրուի մասին գուշակությունները

Եթե մի բանի մասին շատ են խոսում, ուրեմն այդ թեման ինչ-որ տեղից սնունդ է առնում: Չէ՞ որ հայտնի փաստ է՝ առանց կրակ ծուխ չի լինում: Չնայած համաշխարհային անուն ունեցող գիտնական աստղագետները բամիցս հրապարակավ հայտարարել են, թե ոչ մի առեղծվածային Նիբիրու մոլորակ գոյություն չունի, սակայն այդ թեմայի վերաբերյալ իրարանցումը չի դադարում: vsluh.net պարբերականը նշում է դրա երեք պատճառ:
 
Նախ՝ ՆԱՍԱ-ի մասնագետները մերթ պաշտպանում են X  մոլորակի մասին պաշտոնական գիտության տեսակետը, մերթ էլ սկսում են երկիմաստ խոսքեր ասել նման երկնային մարմնի գոյության հնարավորության մասին: Այս ամենը անվստահություն է ներշնչում վաղվա օրվա հանդեպ: 
 
Երկրորդ՝ մարդ արարծը մեծավ մասամբ ծարավի է աշխարհի վերջի վերաբերյալ տեղեկությունների՝ ինչ էլ որ այդ մասին ասելու լինեն: Այսպես, համացանցում ամենաշատ քննարկվող թեման (թեև երբեմն միանգամայն քողարկված) երրորդ համաշխարհային պատերազմին է վերաբերում, և անպայման նշվում է այդ պատերազմի ատոմային բնույթը, որի պատճառով կարող է ժայթքել ամերիկյան Յելոունսթոուն գերհրաբուխը: Սա ընդամենը օրինակներից մեկն է:
 
Եվ վերջապես՝ համաշխարհային ցանցում մշտապես «հեղինակավոր» գիտնականների ամեն տեսակի նյութեր են հայտնվում, որոնցում ապացույցներ են բերվում, որ այսպես թե այնպես՝ Նիբիրուն փոշեկույտի կվերածի մեր մոլորակը:  
 
«Նման տեղեկացվածության» հերթական փայլատակումներից են համարվում սիբիրցի հանգուցյալ աստղագետ Միլորադ Պրոտիչի անվան հետ առնչվող մեկնաբանությունները: Օրինակ ԱՄՆ երկրաբանական ծառայության նախկին աշխատակից Էթան Թրոուբրիջը Պրոտիչին համարում է մեկն առաջիններից, ովքեր պնդում են, թե մեր թվականությունից մեկուկես հազարամյակ առաջ Իքս մոլորակը ոչնչացրել է Մարսի վրա գոյություն ունեցող կյանքը, և Երկիրը կդառնա նրա հաջորդ զոհը:
 
- Ընդ որում՝ Նիբիրուն Երկրի մոտով կանցնի երեք անգամ ավելի փոքր հեռավորությամբ, քան ժամանակին Մարսի մոտով է անցել: Այդ պատճառով էլ մեզ ոչ թե պարզապես աղետ է սպասում, ասենք՝ ամբողջ կենդանի բնության ոչնչացում, այլ մոլորակի իսկական կործանում: Եվ նման տիեզերական ողբերգությունը մարդու համար արդեն ոչ մի նշանակություն չի ունենա…,- գրել է Թրոուբրիջը:
 
Ամերիկացի նախկին եղանակաբանը (մեր մոլորակի հավանական կործանման վերաբերյալ Թրոուբրիջի տեսակետին «Ավանգարդը» նախկինում անդրադարձել է) նաև պնդում է, որ ՆԱՍԱ-ն դեռևս 2000թ.-ից է այս մոտեցող մոլորակի մասին տեղեկություններ հավաքում, սակայն ամեն ինչ գաղտնի է պահվում, որպեսզի հասարակությանը տագնապի մեջ չձգեն: 
 
Այս հիրավի խուզարկուական պատմության մեջ ևս մի զարմանալի բան կա՝ ոչ ոք կարգին չգիտե, թե այդ տիեզերական աշխարհակործանումը երբ է տեղի ունենալու: Այն դեպքում, երբ ոմանք Իքս մոլորակն արդեն ոչ միայն անզեն աչքով գիշերային երկնքում են նշմարում, այլև անգամ ցերեկներն են տեսնում որպես երկրորդ արև:
 
Այնպես չէ, թե Նիբիրուով պայմանավորված աշխարհակործանման համար ժամկետներ բոլորովին չեն նշվում, սակայն դրանք ևս, ինչպես աշխարհի վերջի պարագայում է՝ երբեք չեն կատարվում: Հիշենք թեկուզ 2000թ. թևակոխելու վերաբերյալ տագնապները կամ 2012թ. մայաների օրացույցի ավարտի թեմայով չարագուշակ լուրերը… Այդ պատճառով էլ նշվող ժամկետներն անընդհատ հետաձգվում են: 
 
Սա թերևս աշխարհի վերջի ջատագովների համար իսկական հիասթափություն է՝ օր օրի հետևից անցնում է, իսկ աղետը տեղի չի ունենում: Դե իհարկե, մարդկության համար իսկական բարօրություն կլինի, եթե նման չարագուշակներն այդպես հիասթափված էլ իրենց կյանքն ապրեն: Ու հիշենք՝ հին աշխարհում գուժկաններին խստագույնս պատժում էին, թեև հաճախ նրանք արդեն կատարված աղետն էին գուժում ու ոչ մի մեղք չունեին: Ուղղակի այն ժամանակ մարդիկ ավելի իմաստուն էին ու գիտեին՝ լավն ու բարին գովերգելը նրանց շատանալու գրավականն է, իսկ չարի մասին շատախոսելը կարող է չարիք բերել: