Հիշողությունը սրբագրելը կարող է շուտով իրականություն դառնալ

Մի՞թե հիշողությունների փոփոխության գաղափարը սոսկ երևակայության խաղ է: Գիտնականները խոստանում են, որ հիշողությունների փոփոխությունը շուտով կարող է ամենաիսկական իրականություն դառնալ (թեմային անդրադարձել է esoreiter.ru-ն):

Բոլորովին վերջերս Կանադայի և ԱՄՆ-ի նեյրոկենսաբանները պարզել են, որ թեև մարդու ուղեղում տարբեր տեսակի հիշողությունների ձևավորման ժամանակ նույնանման նեյրոններ են օգտագործվում, սակայն դրանց մեջ տեղի ունեցող գործընթացները միանգամայն տարբեր են լինում: Նման բացահայտումն ի զորու է ծառայել  բժշկությանը` հնարավորություն տալով ծայր աստիճանի արդյունավետ միջոցներ մշակել բացասական հոգեբանական վիճակների բուժման համար. օրինակ`  հետվնասվածքային ցնցումային խանգարումների և անհիմն տագնապների դեպքում:

Գլխուղեղում առկա տագնապահարույց հիշողությունների մեխանիզմը

Բացասական իրադարձությունների մասին հիշողությունները, ինչպես գիտնականներն են պնդում, մարդու մեջ կարող են հարուցել տագնապի անվերահսկելի նոպաներ: Այդ վարկածն ստուգելու համար ամերկյան Կոլումբիայի և կանադական Մակհիլ համալսարանների մասնագետները համատեղ քննության են ենթարկել որոշ փափկամորթների նեյրոնները:

Ինչպես հայտնի է` հիշողությունը պահպանվում է նեյրոններում` ջղաբջիջներում: Այն երկարատև է դառնում շնորհիվ սինապսների (նյարդամիացք), որոնք նեյրոնները խմբերի մեջ միավորող յուրօրինակ քիմիական կամրջակներ են: Հիշողություններն այն  իրադարձությունների մասին, որոնց ընթացքում մեր մարմինը վնասվել է (օրնակ` ծեծ կամ այրվածք) ծածկագրվում են որպես այսպես կոչված զուգորդային հիշողություններ: Այսդպիսի  դեպքերում նեյրոնների միջև կապերն ամրանում են, և ի հայտ է գալիս սինապսի երևույթը:

Կենդանի արարածի կուտակած փորձը, այդուհանդերձ, միշտ չէ, որ նույն կաղապարն ունի: Օրինակ, մարդը կանգնած է տաք սալօջախի մոտ, և այդ պահին դռան զանգն անսպասելիորեն հնչում է: Հանկարծակիի գալով` մարդը կարող է հպվել շիկացած մակերևույթին և ձեռքն այրել, իսկ ապագայում այդ զանգերը նրա մեջ անփոփոխ կերպով կզուգորդվեն տվյալ վնասվածքի հետ: Կամ էլ, ասենք, երբևէ թափառող շներից վախեցած մարդիկ մոտակայքում շան հաչոց լսելով` ամեն անգամ կարող են վախի տհաճ զգացողություն ունենալ, ասես դարձյալ հարձակման են ենթարկվել:

Եթե անգամ տաք սոլօջախին մարդ անգիտակցաբար է հպվել կամ հարձակումից կեղծ վախ է զգացել, նրա ուղեղի նեյրոններն արձանագրում են այդ տեղեկությունը: Իսկ նման «ոչ պիտանի»  տեղեկությունները մարդկանց համար այնուամենայնիվ նշանակալի անհարմարություններ են ստեղծում` հրահրելով տագնապի վիճակ: Շատ անհատներ տառապում են «ոչ պիտանի» հիշողության պատճառով, որը հարուցում է հետվնասվածքային ցնցումային խանգարումը: Դիցուք, պատերազմի բովով անցած անձը կարող է տագնապահար լինել` սոսկ հրավառության կամ անգամ ավտոմեքենայի   արտանետիչ կափույրի արձակած ձայները լսելով:

Պատահական և երկարաժամկետ հիշողությունների ձևավորումը

Այն վարկածը, որ սինապսային (նյարդամիացքային) դրոշմները պատահական հիշողությունը վերածում են կայունի և երկարաժամկետի, առաջարկվել է դեռևս 1997թ.: Ճիշտ է` այն ժամանակ գիտնականները համարում էին, որ երկարաժամկետ և կարճաժամկետ հիշողությունների հիմքում ընկած կենսաքիմիական գործընթացներն օժտված են միատեսակ հատկություններով, այդ իսկ պատճառով դրանք տարբերել հնարավոր չէ:
Սակայն այժմ Կանադայի և ԱՄՆ-ի մասնագետները որոշակիացրել են, որ նեյրոնների մեջ սինապսային դրոշմներն այնուամենայիվ տարբեր են: Օրինակ, փափկամորթների նկատմամբ փորձարկումները ցույց են տվել, որ սինապսային կապերի կայունությունը կախված է սպիտակուցի երկու տարբեր տեսակների արտադրությունից: Դրանք կոչվում են կինազներ և նշանակվում M Apl III և M Apl I.  Եթե հնարավոր լինի ընտրովի կերպով արգելափակել այդ կինազներից մեկը, ապա դա ըստ էության ուղեղից կմաքրի հիշողության որոշակի տեսակը, օրինակ` տհաճ իրադարձություններին վերաբերողը:

Առայժմ, իհարկե, խոսքը լոկ փափկամորթների նեյոնների սինապսային կապերի մասին է: Սակայն  փորձագետները պնդում են, որ ողնաշարավորները` ներառյալ մարդը, միանգամայն համարժեք կինազների կրողներ են, իսկ հիշողությունը հենց դրանք են ձևավորում: Հնարավոր է, որ արդեն մոտ ապագայում սոսկ մեկ հաբ ընդունելով` հնարավոր լինի մարդու հիշողությունից հանել նրա կյանքը թունավորող դառը հիշողությունները: Սա չի նշանակում, թե իր հետ պատահածը անհատն իսպառ կմոռանա, սակայն կդադարի դա զուգորդել նման իրավիճակների հետ:

Ըստ էության՝ բնությունն էլ է սրա համար հոգ տարել. չէ՞ որ շատ է պատահում, որ մարդը որևէ աղետի ենթարկվելով` հիշողությունն ուղղակի կորցնում է, քանի որ այլ կերպ կարող էր բանականությունից զրկվել: Բնականաբար, այս դեպքում բժշկական նորագույն բացահայտումները կարող էին հնարավորություն ընձեռել` մարդու ուղեղից հանել սպանիչ իրադարձությունների վերհուշը և բարձրացնել նրա կյանքի որակը: Սակայն ինչպես ամեն մի «մեդալ», սա ևս երկու կողմ ունի: Իսկ եթե սա կենսաբանական զենք դառնա մարդկության վրա իշխել ձգտողների ձեռքին, որոնց պակասը մեր աշխարհում չկա՞, և կիրառվի ի վնաս, այլ ոչ թե հօգուտ մարդու:

Եվս մեկ բան: Արևելքում այժմ էլ կան մարդիկ, ովքեր կարողանում են մարդու հիշողության ինչ-որ հատվածը ջնջել, որպեսզի վերականգնեն խախտված առողջությունը: Երևանաբնակ մի ուսուցչուհի, ում մասին վաղուց էի լսել, գլխուղեղի կաթված (ինսուլտ) է տարել, և նրան բուժել է Հնդկաստանից եկած մի մարդ: Ասել է, որ լիովին կառողջանա, եթե կյանքի մի հատվածի մասին հիշողությունները ջնջվեն և հարցրել է, թե իր կյանքի որ շրջանը կգերադասեր մոռանալ: Կինը մտածել է, որ նպատակահարմարը մանկությունը մոռանալն է: Հնդկաստանից եկած մարդը նրա առողջությունը լիովին վերականգնել է, իսկ կինը ափսոսանքով ասում էր, որ մանկությունից արդեն ոչինչ չի հիշում: Միայն թե սա բնավ էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: