Ճապոնական ուրվականներն առանձնահատուկ են

Համարվում է, թե ուրվականների տարբեր տեսակներ կան: Դրանց մի մասը պարզապես թափառում է երկրի վրա, մյուսները փորձում են մարդկանց վախեցնել, երրորդները` նրանց հետ շփման մեջ մտնել և այլն, և այլն: Իսկ ահա հիդարուգամի անունով հայտնի ճապոնական քաղցած ուրվականները միանգամայն յուրօրինակ համբավ ունեն:

Հիդարուգամիներ` հանգիստ չգտած հոգիներ կամ վամպիրներ

Paranormal news-ը ներկայացնում է անդրշիրիմյան այս էակների մասին ճապոնական պատկերացումները: Բառը նշանակում է «սոված աստվածներ», սակայն ըստ տարածված ավանդապատումի` դրանք հոգիներն են այն մարդկանց, ովքեր մոլորվել են լեռնային կածաններում և քաղցից մահանալով` մնացել են անթաղ, նշանակում է` նաև հանգիստ չգտած: Տարբեր տարածաշրջաններում նրանց անվանումները կարող են մի փոքր տարբերվել, սակայն էությունն ու գործողությունները մնում են նույնը. նրանք թափառում են` փնտրելով այն դժբախտին, ում սոսկ կարող են հաղորդակից անել հավերժական քաղցի տառապանքին: Այդպիսին է նրանց վրա ընկած անեծքը (որի պատճառը ոչ ոք չգիտի): Բնականաբար` հիդարուգամիների զոհեր առավել հաճախ միայնակ ճամփորդներն են դառնում:

Տարածված պատմություններից շատերն այն մասին են, թե ինչպես է Ճապոնիայի լեռնային արահետով քայլող մարդուն համակում վայրի, առաջներում երբեք չապրած քաղցի զգացումը: Այդ զգացողությունը ոչ միայն բացարձակապես շշմեցնում է, այլ նաև գործնականում անհաղթահարելի է: Առավել հաճախ դա ուղեկցվում է ոչնչով չբացատրված հոգնությամբ, ապա և վերջույթների տարօրինակ ընդարմությամբ, ինչի պատճառով ուղևորն ընկնում է գետնին` չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում: Եթե ժամանակին օգնության հասնող չի լինում, մարդը խելքը թռցնում ու մեռնում է: Իսկ մահից հետո ինքն էլ է վերածվում Ծագող արևի երկրի սոված ուրվականի:

Սակայն նման չարաբաստիկ բախտից հնարավոր է խուսափել, եթե մարդու ձեռքին ուտելիքի թեկուզ ամենաչնչին փշրանք լինի: Օգնում է անգամ բրնձի մեկ հատիկը. այն կարող է արագորեն հաղթահարել գերբնական քաղցը: Այդ պատճառով էլ լեռներով միայնակ ճամփորդող ճապոնացիներն իրենց հետ անպայման ուտելիք են տանում` թեկուզ շատ քիչ:

Ուշագրավ է, որ Սիգա պրեֆեկտուրայի (Հոնսյու կղզի) բնակիչները հիդարուգամիներին նկարագրում են որպես զոմբիներ (այս դեպքում` մոգությամբ վերակենդանացած մարդ): Նրանց կարծիքով` դրանք կատաղի էակներ են` ընդունակ հարձակվելու մարդու վրա և ուտելու նրա մարնինը, որպեսզի հագեցնեն իրենց  անկշտում քաղցը: Իսկ նրանցից պաշտպանվելու համար հարկավոր է միշտ բրնձե գնդիկներ ունենալ:

Հիդարուգամիների հետ հանդիպման դեպքեր

Այս ամենը կարելի է հեքիաթ համարել, բայց առկա են բազմաթիվ վկայություններն այն մարդկանց, ովքեր պնդում են, թե անհագ ուրվականների հետ անձամբ են բախվել: Օրինակ, ոմն ճապոնացի` Սենկիչի անունով, լեռնային ամայի արահետով ինչ-որ տեղ է գնացել: Ավելի ուշ նրան կիսամեռ գտել են տեղացիները: Երբ նրանք Սենկիչիին իրենց գյուղն են բերել, տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակվել է քաղցած ուրվականների մի ամբողջ ոհմակ:

Մեկ այլ դեպք. ճամփորդ Միզուկի Շիգերուի վրա նույնպես հարձակվել են ուրվականները: Նա ողջ է մնացել սոսկ շնորհիվ պայուսակում ունեցած բրնձի: Միզուկին մի բուռ բրինձ է հանել և շաղ տվել գետնին: Քանի դեռ հիդարուգամիները փնտրել և հավաքել են բրիձահատիկները, ճամփորդը հասցրել է թաքնվել:

Բայց ահա մի անհերքելի փաստ, որը բնավ էլ «բանավոր ստեղծագործություն» չէ: Ճապոնական հնագույն ուղեցույցները և քարտեզներն ուղղակիորեն զգուշացրել են քաղցած ուրվականների մասին և ճամփորդներին խորհուրդ են տվել հետները ինչ-որ ուտելիք ունենալ, օրինակ` Ճապոնիայի համար ավանդական բրինձ:

Հատկապես մռայլ ավանդապատումներ են տարածված Ճապոնիայի գյուղական վայրերում: Օրինակ` որ Շուկմոտորի և Օկումոտորի լեռներից ոչ հեռու հողի մեջ մի խոր փոս կա, որտեղ ապրում են չարացած հիդարուգամիները: Ճապոնիայի շատ լեռնային կածաններում հատուկ սրբավայրեր կան, որտեղ կարելի է աղոթել` պաշտպանվելու համար քաղցած ուրվականներից:
Ճապոնացիները հավատում են, որ հիդարուգամիների մասին բոլոր շշուկներն ու պատմություններն իրական են, դրանք կարող էին հարյուրապատիկ ավելին լինել, եթե քաղցած ուրվականների հետ հանդիպումը մարդու համար մեծ մասամբ ողբալի ավարտ չունենար:

Մի՞թե քաղցած ուրվակններն ամենասարսափելին են

Կարծիք կա, որ նման պատմություններն ընդամենը սաստիկ քաղցի դրսևորումներ են, որից դարերի ընթացքում տառապել են ճապանիայի գյուղացիները: Սակայն հիդարուգամիների մասին պատմությունները տարածվել են նաև երկրի այն շրջաններում, որոնք համեմատաբար հարուստ ու բարգավաճ են եղել: Դեռ ավելին` քաղցած ուրվական հիդարուգամիները թվում են թույլ ոգիներ, երբ համեմատվում են ճապոնական մնացած չար ոգիների հետ: Առավել սարսափելի են, օրինակ գակիները` մարդանման, շատ նիհար էակներ` ահավոր փքված փորերով, որ ամբողջ ժամանակ ուտելիք են փնտրում: Դրանք համարվում են մարդկային էության ստորագույն ձևեր: Մահից հետո գակիների են վերածվում  որկրամոլ, ագահ, նախանձոտ և ընդհանրապես վատ մարդիկ:

Ինչ վերաբերում է լեռնային արահետներում փորձանքի եկող ու մեռնող մարդկանց, թերևս դրա համար մեկ այլ բացատրություն ևս կա: Չէ՞ որ լեռներում օդը նոսր է, և մեծ բարձրություններում մարդկանց զգացողությունը շատ է վատանում` ընդհուպ մինչև մահ:

Գուցե ճապոնական որոշ լեռնային տարածքների առանձնահատկությունն է (անգամ կարող է ինչ-որ գազի արտահոսք լինել), որ մարդկանց հարկադրում է ընդարմանալ, քաղց զգալ ու տեսիլքներ ունենալ: Իսկ հիդարուգամների մասին զրույցները կարող էին տարածվել, այնուհետև նաև ընդհանրացվել սոսկ մի քանի փրկվածների զգացողությունների նկարագրությունից: