170 տարվա հին տունը՝ չար ոգիների ապաստան

Անսովոր ու հետաքրքիր պատմությունների սիրահարների համար համացանցն իսկական գյուտ է: Չէ՞ որ շատ իրադարձություններ ու դեպքեր, որոնք նախկինում կարող էին ընդամենը մի քանի ականջի հասանելի լինել, այժմ բազմաթիվ օգտատերեր հնարավորություն ունեն  վերապատմել ու տարածել: Նույն կերպ է վարվել նաև «Reddit» -ի մի օգտատեր, ով հանդես է գալիս DoubleV_FTW մականունով: Կայքի մյուս մշտական այցելուների համար իր իմացած զարմանալի պատմությունը շարադրելով՝ նա, որպես հաստատում, դրան կցել է նաև մի խորհրդավոր լուսանկար:
 
Իսկ պատմությունն առնչվում է հրապարակման հեղինակի ընկերոջը: Ինչպես esoreiter.ru պարբերականն է տեղեկացնում՝ այդ ընկերը, մտադիր լինելով ամուսնանալ, 2017թ. աշնանը մի հին տուն է ձեռք բերում: Դա դեռևս 1850-ականներին կառուցված շենք է և գտնվում է տվյալ քաղաքի պատմական թաղամասում: Մինչ այդ այն պատկանել է մի զույգի, որն այդ շինությանը չի էլ մոտեցել: Անշարժ գույքը ավելի քան 20 տարի դատարկ է մնացել, և ահա ապագա ամուսինները որոշում են այն գնել, որպեսզի այնտեղ իրենց ընտանեկան բույնը հյուսեն: 
 
Խորհրդավոր լուսանկարի մասին
 
DoubleV_FTW-ը հաղորդում է, որ ընկերն իրեն հյուր է կանչել անցած տարվա սեպտեմբերին՝ տունը գնելուց անմիջապես հետո: Տանն էլեկտրականություն դեռևս չի եղել: Տղամարդիկ ստիպված են եղել ցերեկվա ժամը 2-ին շենք մուտք գործել լապտերներով: Երբ նորահայտ սեփականատերը որոշել է իր բարեկամին ցույց տալ նկուղը, կայքի օգտատիրոջը անհասկանալի զգացողություն է համակել՝ ասես ներքևում ինչ-որ վատ ու անգամ վտանգավոր բան կա: Նա հրաժարվել է ներքև իջնել, և այդ ժամանակ ընկերները որոշել են դիտել վերևի հարկերը: 
 
Մեկ ամիս անց՝ 2017թ. նոյեմբերին, սիրահարված երիտասարդ զույգը հին տանը վերանորոգում է սկսում: Նոր տերերը տան ներսում մի քանի լուսանկարներ են անում և դրանք տեղադրում «Դիմագրքում»: DoubleV_FTW-ը մի երեկո այդ կադրերը նայելիս հանկարծ տարօրինակ և վախեցնող ինչ-որ բան է նկատում: Երկրորդ հարկ տանող սանդուղքի վերևում երևում է անհասկանալի տարտամ մի ուրվագիծ՝ կասկածելիորեն նման  հարսանեկան զգեստով ու քողով կնոջ: Նա փորձում է տեսածի համար տրամաբանական բացատրություն գտնել և ի վերջո եզրակացնում է, թե եղածը տեսողական պատրանք է, որն առաջացել է լուսավորությունից և խոնավ պատերին առաջացած նախշերից: 
 
Այսպես թե այնպես՝ որոշում է զույգին այդ մասին ոչինչ  չասել, որպեսզի զուր տեղը նրանց չվախեցնի: Երևում է՝ ապագա ամուսինները լուսանկարի վրա դա չեն էլ նկատել: 
 
Ոգեմիջնորդը պնդում է, թե տունը լի է ուրվականներով
 
Ամուսնանալուց հետո զույգը նոր բնակարանում բնակություն չի հաստատել, քանի որ վերանորոգումն ավարտված չէ: Շենքը չափազանց ընդարձակ է, և զգալի ժամանակ պահանջվում, որպեսզի այն անհրաժեշտ տեսքի բերվի: Կինը ցանկանում է գոնե նյութապես օգնել, որ տունն ավելի արագ կարգի բերվի, և այդ նպատակով սկսում է աշխատանք փնտրել: Հարցազրույցներից մեկի ժամանակ անսպասելիորեն հանդիպում է մի կնոջ, ով ներկայանում է որպես ոգեմիջնորդ և հարցրնում է, թե աղջիկն արդյոք մի հին տանը չի՞ ապրում: Ապա նշում է հասցեն: 
 
Բնականաբար՝ նորաթուխ տանտիկինը ծայր աստիճանի զարմանում է: Անծանոթ կինը զրույցը շարունակում է և հանկարծ շատ տարօրինակ կերպով հայտարարում է, թե աղջկա հետ այժմ էներգետիկական չար էակներ են առնչվում և նրանք նույն առանձնատանն են ապրում: Ապա հաղորդում է տան այժմյան վիճակին առնչվող որոշ մանրամասներ, որոնք ոչ մի կողմնակի մարդ իմանալ չէր կարող: 
 
Ընտանիքը պայծառատեսին տուն է հրավիրում, և ոգեմիջնորդը որոշում է, որ ներսում բազմաթիվ ոգիներ կան: Նրանք շատ զայրացած են տանը տեղի ունեցող բուռն գործողությունների պատճառով: Այն աշխարհի եկվորներին բնավ դուր չի եկել, որ ապրողները խռովել են իրենց եկարատև հանգիստը: Էքստրասենսի խոսքով՝ ուրվականների մեծ մասը ծվարել է նկուղում, սակայն մեկը, որը զգեստավորված է հարսանեկան  հանդերձներով, ապրում է երկրորդ հարկում: 
 
Երբ DoubleV_FTW-ն այդ պատմությունը լսում է, անմիջապես հիշում է լուսանկարի մասին, որտեղ սանդուղքին խորհրդավոր մարդկային կերպարանք է նշմարվում: Ու արդեն հավատացած է, որ լուսանկարում իրոք հարսնացուի ուրվականն է պատկերվել: 
 
Պայծառատեսը ամուսիններին խորհուրդ է տալիս դիմել առավել ուժեղ մասնագետի, ով կարող է հաջողությամբ տունը մաքրել անցանկալի էակներից: Այս պահին ամուսինները զբաղված են նման մասնագետի փնտրտուքով և փորձում են հնարավորինս չմոտենալ տան այն հատվածին, որը չար ոգիներով է բնակեցված: Իսկ վերանորոգումը, պարզ է, դադարեցվել է…
 
Մնում է միայն ենթադրություններ անել, թե ուրիշ ինչ ապաստան կգտնեն չար ոգիները, եթե հարկադրված լինեն մաքրված ու վերանոնորգված տնից հեռանալ: