Գիտափորձ, որը հնարավորություն է տվել առնչվել անդրաշխարհին

Ըստ էության՝ մեր նորարարական դարում կարելի է խոսել բանահյուսության նոր ժանրի մասին: Այն տարածվում է համացանցով և միշտ չէ, որ արժանահավատ իրադարձություններ է արտացոլում: Նման մի իրադարձություն ներկայացներով՝ vsluh.net պարբերականը հորդորում է այն չհամարել զուտ ճշմարտություն, սակայն նաև չբացառել, որ տվյալ դեպքում կարող է  ճշմարտության որոշակի հատիկ առկա լինել: Չէ՞ որ կլինիկական մահից հետո ուշքի եկած շատ մարդկանց պատմածները կողմնակի կերպով հաստատում են այդ ամենը:
 
Դեռևս 1983թ. որոշ գիտնականներ՝ խորապես բարեպաշտ հավատացյալներ, որոշում են գաղտնի հիմնարկությունում միանգամայն արմատական գիտափորձ իրականացնել: Նրանք ելնում են այն ենթադրությունից, թե բոլոր զգացողություններից և ազդակներ ստանալու ուղիներից զրկված մարդը կկարողանա զգալ անդրշիրիշմյան աշխարհի առկայությունը: Ըստ այդ գիտնականների առաջ քաշած վարկածի՝ մարդու զգայարաններում արգելափակում են անդրաշխարհի իրականությունը տեսնելու կարողությունը, իսկ երբ դրանք այլևս չեն գործում՝ անհատը այդպիսի ըմբռնողություն է ձեռք բերում:
 
Փորձի միակ կամավոր մասնակից է դառնում տարեց մի միայնակ տղամարդ: Նա հայտարարում է, թե կորցնելու բան չունի և պատրաստ է իրեն զոհաբերել հանուն գիտության ու կրոնի համար այդքան կարևոր նպատակի: Նրան նախապես սովորեցնում են խոսել՝ չլսելով սեփական ձայնը, այնուհետև մի շատ բարդ վիրահատական միջամտությամբ փորձարկվողի ուղեղն անջատում են նյարդային բոլոր վերջույթներից: Մարդը ողջ էր, սակայն շրջապատող աշխարհը բոլորովին չէր զգում: 
 
Այդ մարդը կորցնում է բոլոր վեստիբուլյար (հայերեն՝ անդաստակային) զգացողությունները, դադարում է տեսնել, լսել և շոշոփել, կորցնում է համի, հոտի և ցավի զգացողությունները: Այլ խոսքով՝ կամավորը լիովին մենակ է մնում սեփական մտքերի հետ: Նա գործնականում չի շարժվում, և գիտափորձի հեղինակները նրան կերակրում են, խնամում են, անընդհատ հետևում են նրա վիճակին: Տղամարդն իր զգացողությունները նկարագրում է անհոդաբաշխ նախադասություններով և սկզբում իրեն բավականաչափ հանդարտ է պահում, անգամ որոշ խանդավառություն ցուցաբերում:  
 
Չորրորդ օրը փորձարկվողը անսպասելիորոն հաղոդում է, որ իր գլխում հայտնվել են անորոշ սուլոցներ: Այդ նորությունը հետաքրքրում է հետազոտողներին, թեև չեն ժխտում, որ խոսքը կարող է լինել զարգացող հոգեկան խանգարման մասին: Եվս երկու օր անց տարեց մարդն ասում է, թե իր հետ խոսել է իր հանգուցյալ կինը, և ինքը կարողացել է նրան պատասխանել: Մասնագետների հետաքրքրությունն ավելի է մեծանում, սակայն փարձարկվողին վերջնականապես հավատում են միայն ևս մի քանի օր անց:
 
Գիտափորձի մասնակիցը հայտարարում է, թե իր հետ խոսել են ներկա գտնվող բոլոր գիտնականների ննջեցյալ հարազատները: Տղամարդը անձնական տեղեկություններ է հաղորդում, որոնք կարող էին իմանալ լոկ գիտափորձ անցկացնողների այդ հարազատները: Բնական է՝ փորձարկողների հետաքրքրությունը գագաթնակետին է հասնում: Իսկ ահա փորձարկվողի հոգեվիճակը շուտով սկսում է վատանալ: Ասում է, թե գնալով ավելի ու ավելի շատ ննջեցյալներ են իրեն այցելում, և ինքը նրանց արդեն նաև տեսնում է: Անդրաշխարհի բնակիչները նրա գլխում են հայտնվում նախ հարյուրներով, ապա հազարներով, աղմկում են ճիչերով և իրար ընդհատելով, այնուհետ սկսում են իրենց թշնամաբար պահել: 
 
Մարդը քունը կորցնում է, անգամ ամենուժեղ դեղամիջոցները չեն օգնում: Գլխում եղած ձայներն ու կերպարները նրան խելագարության են հասցնում, և նա սկսում է մասնագետներից մահ խնդրել: Նրանք հրաժարվում են՝ համոզված լինելով, որ փորձարկվողը շուտով կապ կհաստատի մյուս աշխարհի հետ: Որոշ ժամանակ անց նա իրոք դադարում է հառաչել, գլուխը կողքի է շրջում, աչքերն ուղղում է գիտնականներից մեկի կողմը և հանդարտ արտասանում. 
 
- Վերջ, ինձ ներս թողեցին: Հավատացեք՝ դուք երբեք չէիք ցանկանա իմանալ, թե այստեղ ինչեր կան:
 
Եվ նույն պահին նրա կենսական գործընթացները կանգ են առնում:
 
Ահա այսպիսի տխուր պատմություն: