Առեղծվածային բացիկն անճանաչելիորեն փոխել է մարդկանց դեմքերը

Համացանցում ինչ պատմություն ասես, որ չես գտնի, դրանց բոլորին թերևս չարժե հավատալ: Սակայն գաղտնագիտական ասույթը համոզում է, թե մարդը հենց այնպես ոչինչ հնարել չի կարող, որովհետև անգամ ամենաանիմաստ թվացող պատմությունն ավելին չէ, քան անդրադարձը իրականում տեղի ունեցած իրադարձության:

Հնարավոր է` այն տեղի է ունեցել անթիվ զուգահեռ իրականություններից մեկում, որը նույնքան իրական է, որքան մերը: Իսկ նա, ով այդ պատմությունը հաղորդում է ուրիշներին, դա ինչ-որ ձևով իմացել է: Օրինակ` տեսել է երազում:
Այս սառսռազդու պատմությունը շարադրող պարբերականը հաստատ է համարում լոկ մեկ բան` ամեն ինչ տեղի է ունեցել ոչ այնքան վաղուց և Ռուսաստանի միջին գոտիներում…

 

Համաշխարհային ցանցի ռուսալեզու հատվածում մի սարսափելի քաղաքային ավանդազրույց է շրջանառվում առեղծվածային գտածոյի մասին, որը կարող է անճանաչելիորեն փոխել մարդու դեմքը: Տարածված առասպելանման պատմության համաձայն` այն տեղի է ունեցել տասնամյակներ առաջ, Ռուսաստանի միջին գտիներում ինչ-որ տեղ:

Պատմությունը, ինչպես տեղեկացնում է esoreiter.ru պարբերականը, սկսվում է մի երիտասարդ կնոջ անհետացմամբ: Նա ամուսնուն անտառով աշխատանքի էր ճանապարհել, իսկ ինքը հետ չէր դարձել: Այնուհետև նույն  գյուղում կարծես գոլորշիանում է 62-ամյա մի տղամարդ, որ գնացել էր հատապտուղներ հավաքելու: Այդ երկու դեպքի քննությունը դեռևս հունի մեջ չմտած` անհետանում են  երկու աղջիկ:

Օրենքի պահապանները մտածում են, թե գործ ունեն սերիական մարդասպանի հետ և օգնություն են խնդրում քաղաքից: Գյուղացիներին խնդրում են տներում նստել և քննությանը չխանգարել: Սակայն մի՞թե վրդովված գյուղացիներին զսպել կլինի:

«Հիշեցեք` դա լինում է ցանկացած հայելիով»

Առավոտյան տեղացի մի աղջիկ անտառի մերձակայքում փնտրում է մոլորված այծին և ականատես է լինում վախեցնող ինչ-որ երևույթի: Դպրոցականի խոսքով` ինքը սխալմամբ հայտնվում է լքված տան մոտ, որը շրջապատված էր անանցանելի թփուտներով ու տատասկով: Աղջնակն անսպասելիորեն լսում է, թե ինչպես է մեկը բարձր խոտերի մեջ շնչում: Անհասկանալի է` մա՞րդ է, թե գազան, շվվացնում է այպես, ասես խողովակի մեջ օդ է փչում:

Գյուղացիներիը վազում են անտառ և գտնում են ենթադրվող մոլագարին: Նա կյանքին վերջ էր տվել ինքնասպանությամբ: Մոլագարը մոտ երկու շաբաթ ապրել էր այդտեղ: Նա հյուծված էր և ակնհայտորեն ոչինչ չէր կերել: Տանը եղած զանազան անպետք իրերի մեջ գտնում են նրա գրությունը հետևյալ խոսքերով.

- Աղաչում եմ, ինձ ներեցեք… Բայց նրանք ինձ տեսել էին: Նրանք այնպես ճչացին… Ես չէի ուզում, որ նրանք իմ մասին ինչ-որ մեկին պատմեին: Հիշեցեք` այդպես է լինում ցանկացած հայելիով: Ցանկացած:

Բնականաբար, սկզբում  իրավապահներն այս անմիտ ուղերձի իմաստը չեն հասկանում: Առավել հանելուկային էր այն, որ տան հետևում գտնում են ապակու փշուրների մի բլրակ, որը մանրացրած հայելուց էր բաղկացած: Մարդասպանը անգամ իր առևանգած կնոջ պայուսակից էր դիմափոշու տուփի հայելին հանել և մանրացրել: Սակայն տարօրինակություններն այսքանով չէին ավարտվում:

Խորհրդավոր բացիկը

Որոշում են պարզել մոլագարի ինքնությունը` օգտագործելով նրա ջնջխված գանգը: Դա իրականացնող բժիշկը արձանագրում է, որ  ոսկորները անհրաժեշտից կրկնակի շատ են և առաջարկում է մարդասպանի փորձնական վերականգնումը, որը ծայր աստիճանի անհեթեթ և ծիծաղելի տեսք է ունենում: Ծնոտը առաջ ցցված էր, որն առաջացնում էր յուրօրինակ խողովակ: Ակնակապիճները կաթիլաձև էին և շրջված դեպի այդ անհավանական մռութը:

Պատմությունը որոշակի արձագանք է ստանում, և հանցագործության վայրում սկսում են կանոնավոր կերպով երևալ ամեն տեսակի հետաքրքրասերներ: Երկու ուսանող, որոնք տեսագրում էին իրենց արշավը, լքված տանը լավ պահվածքի թեմայուվ 19-րդ դարի մի հին բացիկ են գտնում: Այնտեղ պատկերված էր հայելու առջև նստած մի աղջիկ, ով իր արտացոլանքին լեզու էր ցույց տալիս: Նկարի տակի գրությունն ազդարարում էր.

- Դաստիարակված երեխաները չեն ծամածռվում, այլապես կարող են այդպիսին մնալ ընդմիշտ:

Այդ զույգի հաջորդ գտածոն անպետք իրերի տակ ընկած մի փոշոտ հայելի էր, որը մոլագարն ամենայն հավանականությամբ չէր նկատել: Ձայնագրությունն ավարտվում է այսպիսի երկխոսությամբ.

Աղջիկը.- Ախր ինչո՞ւ ես թևքով մաքրում, հիմա որևէ լաթ կգտնեմ:
 

Պատանին.- Լսիր, իսկ այս հայելին կարծես ծուռ է: Նայիր` ինչպես է ցույց տալիս իմ բեեե…

Այս «ե» հնչյունը շարունակում է ձգվել, ասես երիտասարդը չի կարողանում բերանը փակել, և ավելի ու ավելի բարձր է հնչում, քանի դեռ չի խլանում աղջկա ահաբեկված ճիչից:

Աղջկա անշունչ մարմինը գտնում են նույն տեղում, նա մահացել էր սրտի պայթյունից: Երիտասարդը կյանքին վերջ էր տվել՝ ցատկելով դատարկ ջրհորը: Նրա գանգը ձևափոխված էր անհավատալի ձևով. վերևի ծնոտը եկարել էր և այնպես ձգվել, որ հասել էր մինչև հոնքերը` կարծես տարբեր կողմեր հրելով աչքերը և իր մեջ առնելով քիթը: Ինչ վերաբերում է աղջկան, նրա միայն կիսադեմն էր այլանդակված. այն կեսը, որը շրջված է եղել հայելու կողմը: Հայելին սենյակում չեն գտնում:

Առեղծվածային բացիկն իր գործն անելով` անհետանում է

Մի քանի օր անց այդ գործը վարող քննիչը ծառայության չի ներկայանում և իր գործընկերներից մեկին ձայնային ուղերձ է ուղարկում մոտավորապես այսպիսի բովանդակությամբ.

- Շտապ եկեք ինձ մոտ: Մուտքի դուռը բաց եմ թողնում: Ես ինքս ննջարանում եմ: Ինչ որ տեսնեք, չվախենաք: Հարկավոր չէր նայել այդ սատանայական բացիկին: Ամեն ինչ պատահեց վաղ առավոտյան, երբ արթնացա և լոգարան գնացի սափրվելու:

Ցավ չեմ զգացել, հիմա էլ բոլորավին ցավոտ չէ: Իրոք որ` դա լինում է ցանկացած հայելիով, իսկ դրան նայելը նույնիսկ պարտադիր էլ չէ, բավական է միայն հայտնվել դրա անդրադարձման դաշտում: Եթե փորձես դա ուղղել հայելու առաջ, միայն ավելի վատ կլինի: Իմ տեսողությունը լավ է, չնայած այժմ միայն սեփական աչքերս եմ տեսնում: Շատ տարօրինակ ներգործություն է: Լսողությունս նույնպես լավ է: Ճնշումս բարձրացել է, իսկ զարկերակս հաճախացած է: Ջերմությունս 35,4 աստիճան է: Ներողություն եմ խնդրում նրա համար, գիտնականները չեն կարող ինձ հետազոտել, սակայն այս տեսքով գոյություն ունենալ ես չեմ կարող: Կտակ չեմ գրում, չէի ցանկանա, որ բնակարանս ստանար դուստրս:

Երբ ոստիկանությունը տղամարդու ննջարանն է մտնում, նրան գտնում են հատակին պառկած` գլուխը մոմլաթի վրա: Կրակել էր աջ ականջի մեջ: Գլխի դիրքը ծառայակիցներին հիշեցնում է,թե նա ինչպես էր ամեն անգամ հոնքերը կիտում: Նրա ամբողջ դեմքով` ճակատից մինչև ծնոտը, մի հսկայական ուղղահայաց ճեղք էր անցնում….

Մեկ ամսվա ընթացքում բաժանմունքը լիովին վերափոխում են, և այս մղձավանջային իրադարձությունների հետ կապ ունեցող իրավապահներից շատերը գործունեության ուրիշ ուղի են ընտրում: Չարաբաստիկ բացիկն առեղծվածային ձևով անհետանում է, և դրա մասին այլևս որևէ մեկը չի լսում: