Աֆրիկան` կախարդության ու մոգության հնագույն մայրցամաք

Աֆրիկան համարվում է մի վայր, որտեղից դուրս է եկել Երկրի բնակչությունը: Այսինքն, պաշտոնական գիտության կարծիքով հենց այստեղ է սկիզբ առել մարդկությունը և հետագայում տարածվել ամբողջ աշխարհում: Դա այժմ բնավ էլ անվիճելի իրողություն չէ, բայց Աֆրիկան կարելի է համարել կախարդության նախահայրենիք: Դեռ ավելին, միչև օրս էլ սև մայրցամաքը փառաբանվում է իր հմաներով ու կախարդներով, դևերով ու ջիներով (հաղորդում է litmir.me-ն)…

Օրինակ, այստեղ անգամ մեր օրերում է վաղաժամ մահը համարվում կախարդության արդյունք, իսկ երկվորյակները` երկատված հոգիներ (կամ այնքան մասի բաժանված, քանի երեխա ծնվել է), այդ պատճառով էլ առանձին ցեղեր սպանում են նման երեխաներին` ձգտում են տեղնուտեղը ուղղել բնության տվյալ «սխալը»: Հենց Աֆրիկայում է տարածված ամենադժնդակ Վուդուի կախարդությունը, հենց այստեղ կարող են մահացած մարդուն նրա օգնությամբ «հարություն տալ», դարձնել զոմբի և որպես ստրուկ ուղարկել մշակադաշտերը…

Սպանություն կախարդության միջոցով

Սև մայրցամաքում դա մինչև օրս կիրառվում է, թեև այդ գործելակերպը շատ ավելի տարածված է եղել առաջներում: Օրինակ, անցած դարի սկզբին Նիգերիայի տարածաշրջանի հրամանատար սըր Հ. Փալմերը նկարագրել է միանգամայն  հիշարժան դեպք: Մի անգամ նա իմացել է, որ Իբիի շրջանում բնիկ ջուկուն երիտասարդին մահ է սպառնում, քանի որ նա հավակնում է առաջնորդ դառնալ` կախարդների կամքին հակառակ: Փալմերը երիտասարդ աֆրիկացուն իր մոտ է վերցնում որպես ծառա:

Սակայն որոշ ժամանակ անց նոր օգնականն սկսում է Իբի վերադառնալու պատրաստություններ տեսել: Միայն թե հրաժեշտի ժամանակ ինչ-որ նոպայի մեջ է ընկնում ու մահանում:
Բժիշկ Ե. Դիգբին Փալմերի խնդրանքով դիակը հերձում է, բայց նա երիտասարդ բնիկի մարմնում չի գտնում ոչ մի խախտում, որը կարող էր այդքան ողբալի վերջի հանգեցնել: Դրանից հետո հրամանատարը եզրակացնում է, որ իր ծառային սպանել են կախարդության միջոցով:

Մեր օրերում Աֆրիկայի տեղական չարագործ կախարդներին արդեն վաղուց կարողացել են սանձահարել: Իսկ ահա նրանց սև արհեստը շարունակում է ապրել, իսկ ծիսական սպանություններ կատարվում են գործնականում ամենուրեք: Օրինակ, Բասուտալենդից մի ոստիկան` Մ. Ստաատենը, որին վիճակվել է հետաքննել նման չարագործությունները, անգամ «մայմե» առեղծվածային միջոցն է նկարագրել: Այն խառնել են զոհի  կերակրի կամ խմիչքի մեջ, որից հետո դատապարտվածը հնազանդ գնացել է դեպի «կառափնարան»` առանց նվազագույն դիմադրության:

Ինքնասպանություն կախարդության օգնությամբ

Աֆրիկայի բնիկների ինքնասպանությունը քաղաքակիրթ Եվրոպայում ու Ամերիկայում տեղի ունեցողին բոլորովին նման չէ: Աֆրիկացիները, սակայն, կարողանում են հեշտությամբ մահ առաջացնել հատուկ կախարդանքով: Վկայություններն առավել քան բավական են:

Այդպես, անգլիացի Ս. Գորդոնը կրու ցեղի թիավարների օգնությամբ մի քանի նավակ է քաշել Նեղոսով վեր` դեպի Խարթում: Բնիկները միակամ պառկում են նավակի հատակին` Գորդոնին հայտարարելով, թե տուն են ուղևորվում: Եվ բոլորրը շուտով մահանում են: Մինչև վերջին թիավարը…

Ոչ պակաս արժանահավատ դեպք է նկարագրում սըր Հ. Բելը, ով Նիգերիայի հյուսիսում պայքարել է մարդակերության դեմ: Նրա զորամասը բռնել է 40 մարդակերի, որոնց տեղավորել են Միննայի բանտում: Եվ այդտեղ ինչ-որ անհավատալի բան է սկսվել. ամեն օր գերիներից մեկը մահացել է: Ինչպես պարզել է բանտի բժիշկը` նրանցից յուրաքանչյուրը նախնիների մոտ է ուղևորվել սեփական կամքով: Նման «բժշկական եզրակացությունից» հետո Բելն ստիպված է եղել մնացած բնիկների ազատ արձակել և տուն ուղարկել:

Իշխանություն կենդանիների նկատմամբ

Աֆրիկյան մայրցամաքում մինչև օրս կարելի է հանդիպել հմաների, որոնք իշխանություն ունեն վայրի կենդանիների վրա: Այսպես. Արևմտյան Աֆրիկայում հնաբնակները պատմում են Քրոս-Ռիվերում ապրող «Ջու-Ջու» անունով զարմանալի հոգևորականի մասին, ով եղեգնյա փողի միջոցով գետաձիերին դուրս է բերել ճահճից, և սրանք կենդանիներ հմայողին հնազանդ են եղել` ինչպես տնային շները, թեև բնիկը նրանց անգամ չի կերակրել:

Բանակային սպա, կապիտան Ֆ. Բաթ-Թոմփսոնը, որ երկար տարիներ ապրել է այդ մայրցամաքում և նրա մասին բազմաթիվ հետաքրքիր բաներ գրել, պատմել է, որ Սիեռա-Լեոնեում ապրել է մի կին, ով ազատ կերպով (անգամ ցուցադրաբար) գետում լող է տվել արյունարբու կոկորդիլոսների հետ, որոնք նույնիսկ շատ հանգիստ թույլ են տվել, որ կինն իրենց դիպչի:

Բայց կախարդության միջոցով կենդանիներին հնազանդեցնելու ամենատարածված օրինակը, թերևս, Աֆրիկայի ընձառյուծների ընկերությունն է:

Մարդ-ընձառյուծները

Անցած հարյուրամյակի սկզբին մարդասպան ընձառյուծներն Աֆրիկայում այնքան տարածված երևույթ էին, որ անգամ դատական մեծ գործընթաց էր սկսվել: Այդ գործով ձերբակալվել է 400 բնիկ, այդ թվում` մի քանի հայտնի առաջնորդներ: Ձերբակալվածներին պահում էին տաժանակիրների բանտում` սահմանապահ զորքերի հսկողությամբ: Ընդ որում, բոլոր հարցաքննությունների ժամանակ բնիկները համառորեն պնդում էին, թե սպանությունները կատարել են գիշատիչ ընձառուծները, այլ ոչ թե իրենք: Իսկ հակառակն ապացուցելը միանգամայն անհնար էր:

Ընձառյուծների գաղտնի կազմակերպության վերջին բռնկումը գրանցվել է անցած դարի 40-ական թթ., Նիգերիայի Կալաբար շրջանում: Այդ ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 50 այլանդակված մարմին, որոնց յուրաքանչյուրի մոտ գտնվել է այդ գիշատչի հետքը:

Ի դեպ, այն սպիտակամորթները, ովքեր երկար տարիներ ապրել են Արևմտյան Աֆրիկայում, լրջորեն հավաստիացրել են, թե գոյություն է ունեցել հատուկ արարողություն, որի ժամանակ նոր անդամի և իրական ընձառյուծի միջև հաստատվում էին «արյան» կապեր: Դրանից հետո մարդը կարողանում էր գիշատչին կառավարել (ժամանակավորապես վերածվելով տվյալ ընձառյուծի): Ընդ որում, երբ տերը զոհվել է, սատկել է նաև այդ գազանը, իսկ երբ ընձառյուծի վերջն է եկել, կյանքից հեռացել է նաև տերը: