Քեոփսի բուրգը էներգիա է հավաքում և պահպանում

Շատ է խոսվում նաև այն մասին, որ հսկայական բուրգ է ոչ միայն տիբեթյան Կայլաս լեռը (տիբեթցիները համոզված են, որ Կայլասը համատեղում է տիեզերական երեք գոտիներ` երկինք, երկիր և ստորգետնյա աշխարհ), այլև Արարատը: Ասում են՝ Սիսն ու Մասիսը տիեզերքի ալեհավաքն են և հնում օգտագործվել են որպես ընդունիչ և հաղորդիչ կայաններ: Ով հին ռադիոընդունիչի ներսը նայել է, լավ կհիշի այնտեղ տեղադրված երկու հատած կոն՝ մեկը մեծ, մյուսը՝ փոքր: Իսկնևիսկը Սիսն ու Մասինը՝ կողք կողքի: Այնպես որ, մեր մոլորակի վրա դեռևս չբացահայտված բազմաթիվ առեղծվածներ կան, և բուրգերի իսկական նշանակությունը դրանցից մեկն է:
 
Թե ինչ առեղծվածներ են պահ տրված Եգիպտոսում կառուցված հսկայական բուրգերին՝ մարդիկ միշտ են ուզեցել բացահայտել: Հայտնի է, որ հնում շատերն այնտեղ նյութական հարստություն են որոնել և այդ նպատակով փորձել են ներթափանցել շինությունների մեջ: Բայց այնտեղ «թաքցված» գանձերը հնարավոր է պեղել նաև շինությունների ճարտարապետությունն ուսումնասիրելով: 
 
Այդպես են վարվել Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանի հետազորողները և պնդում են, թե Քեոփսի առասպելական բուրգի ճարտարապետությունը բացահայտում է հնագույն շինության անսովոր հատկությունը: Ռուս գիտնականների և նրանց եգիպտացի գործընկերների խոսքերով՝ Գիզայի մեծ բուրգը մշտապես հավաքում է Երկրի էլեկտրամագնիսական ճառագայթները և կուտակում է իր ներքին խցերում: Այդ տեսությունը փորձնականում հաստատելու համար մասնագետներն ստեղծել են բուրգի մանրակերտ  կրկնօրինակը՝ համապատասխան «միջուկով», և համոզվել են, որ դրա ձևն, իրոք, կառույցին հնարավորություն է տալիս կուտակել էլեկտրամագնիսական էներգիան (տեղեկացնում է esoreiter.ru-ն):
 
Փորձագետները ենթադրում են, որ նորարարական միջոցներով Քեոփսի բուրգի տեսքը վերստեղծելը կարող է լայն կիրառություն գտնել արդիական աշխատակարգերի ոլորտում: Օրինակ, գիտնականները կարող են հայտնագործել առավել կատարյալ արևային կուտակիչներ և նանոսենսորներ: Մնում են գլխավոր հարցերը: Հին եգիպտացիներն իրենց բուրգերի այսքան զարմանալի հատկություններից տեղյա՞կ են եղել:  Ի՞նչ նպատակով է կառուցվել աշխարհի այս հրաշալիքը: Կարո՞ղ էր Գիզայի մեծ բուրգը ծառայել որպես էլեկտրաէներգիայի յուրօրինակ արտադրիչ ու կուտակիչ: Վերջապես հիշենք, որ շատերն են բուրգերի շինարարությունը վերագրում ոչ թե մարդուն, այլ արտերկրյա քաղաքակրթություններին: