Բրիտանական հանրախանութում արհեստական կաղամբ է վաճառքի հանվել

Արդիական հանրախանութներում սննդամթերքը հայտնվում է մեծ մասամբ զտված-մշակված, երբեմն օգտագործման անհավատալի երկար ժամկետով, գեղեցիկ փաթեթավորած, մի խոսքով՝ ապրանքային գրավիչ տեսքով: Բայց թե սննդային ինչ որակներ ունեն այդ ապրանքներն ու որքանով են օգտակար՝ վաճառքի հանողին ամենաքիչն են հետաքրքրում: Մինչդեռ արդեն բացահայտորեն են խոսում այն մասին, որ սպառողին հրամցվող նման սննդամթերքը վնասակար է և նշանակալի չափով կրճատում է օգտագործողների կյանքը:
 
Հիմա էլ պարզվում է,որ ամենասարսափելին դա չէ: Այժմ հանրախանութում կարող են հայտնվել մրգեր ու բանջարեղեն, որոնք արհեստական են կամ հանելուկային կերպով անբնական: nashaplaneta.su-ի հերթական հրապարակումը Մեծ Բրիտանիայում վաճառվող կաղամբի մասին է, որը սպառողին զարմացրել, բնականաբար՝ նաև զայրացրել է իր անբնականությամբ: 
 
Թինա ԴեՄիլ անունով մի կին՝ Ուեսթոն-սուպեր-Մեր քաղաքից, «Tesco» առևտրային համակարգից ձեռք է բերել «Redmere Farms» մակնիշի կաղամբ: Ընթրիք պատրաստելիս կնոջը զարմացրել են կաղամբի տերևների կոշտությունն ու անբնականությունը, ասես դրանք պլաստմասայից են պատրաստված: Թինան փորձել է այդ թեթերը վառել գազայրիչով, և «կաղամբն» սկսել է հալվել ու ամենասովորական պլաստմասայի հոտ արձակել: 
 
Այդ տեսարանը նկարահանելով՝ բրիտանուհին այն տեղադրել է Դիմագրքի ցանցում: Միայն թե կինը շատ է զարմացել, երբ նկատել է, որ համացանցի օգտատեր նրա հայրենակիցների համար դա նորություն չէ: Պարզվել է՝ նման «պլաստիկե կաղամբներ» այդ խանութից վերջին օրերին գնել են Մշուշոտ Ալբիոնի շատ բնակիչներ: 
 
Բրիտանացիների շրջանում հարց է առաջացել՝ սա ի՞նչ բան է և ինչպե՞ս է դա հնարավոր: Եթե դա պարզապես կաղամբի արհեստական նմուշօրինակ է, այդ դեպքում ինչպե՞ս է մեծ խմբաքանակներով հայտնվել «Tesco» հանրախանութների ցանցում: Իսկ եթե ոչ, այդ դեպքում դա ի՞նչ բանջարեղեն է, ո՞վ և ե՞րբ է կարողացել այն «աճեցնել»: Մի՞թե ինչ-որ փորձարանում են նման բույս ստացել: 
 
Նշվում է, որ այժմ տարօրինակ կաղամբի վերաբերյալ ստուգումներն իրականացնում է հենց «Tesco» հանրախանութը, իսկ բրիտանացիներն սպասում են, որ եղածին համոզիչ մեկնաբանության կտան ոչ միայն միայն առևտրային ցանցի տնօրինությունը, այլև գիտնական-բնապահպանները: 
Բոլոր դեպքերում՝ սպառողի աչալրջությունը կարևոր է: Որովհետև եթե սոսկ շահի հետևից վազող արտադրող-մատակարարող-վաճառող շղթային զսպող ոչինչ չլինի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ խանութներից ձեռք բերված ապրանքը մարդկանց համար է ու չի սպառնում նրանց կյանքին ու առողջությանը: