Երկրացին պատվեր է ստացել ՉԹԱ-ների համար տիեզերակայան կառուցել

Անհավանական թվացող դեպքերի «սիրահար» լրատվամիջոցներն օրերս հրապարակել են Շվեյցարիայի մի բնակչի պատմությունը, որը եկվորներից, ինչպես ինքն է ասել, հեռազգացական հրաման է ստացել մեկնել Արգենտինա և այնտեղ ՉԹԱ-ների համար տիեզերակայան կառուցել:
 
Ուերներ Ջեյսլին (Werner Jaisli) հրամանն ստացել է 2008թ., որից հետո ուղևորվել է Արգենտինա և որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Կաչի փոքր քաղաքում: Նա այնտեղ ավարտին է հասցրել մի կառույց, որը հետո կոչել է տիեզերակայան ՉԹԱ-ի համար: Այժմ այնտեղ հողի մակերևույթից և հատկապես երկնքից հնարավոր է տեսնել սպիտակ ու մուգ քարերից շատ գեղեցիկ բարդ նախշ, որն աստղի տեսք ունի (տեղեկացրել է paranormal-news.ru-ն):
 
Կաչի քաղաքը Սալտայի գավառում է, իսկ Սալտայի անապատներն ուֆոլոգներին վաղուց են հայտնի որպես վայր, որտեղ շատ հաճախ են ՉԹԱ-ներ տեսնում: Միայն թե դեռևս չի պարզվել՝ անցած 10 տարում Ուերների կառուցած հրապարակից որևէ արտամոլորակային թռչող առարկա օգտվե՞լ է: 
 
Ահա թե եղածի մասին ինչ է պատմել Ջեյսլին ինքը.
 
- Երբ ամեն ինչ սկսվեց, ես Իտալիայի Ֆորտե-Ալտո վայրում էի: 2008թ. նոյեմբերի 24-ի կեսգիշերն էր: Շուրջը խաղաղ ու գեղեցիկ էր: Եվ հանկարծ երկնքում նկատեցի երկու լուսավոր կետ, որոնք գետի վրա սավառնում էին մոտավորապես 200 մետր բարձրությամբ: Տեսքից դրանք ողորկ ու կլոր կարծր մարմիններ էին: Գնդերի գույնը մետաղական էր, իսկ մակերևույթը՝ հարթ ու փայլուն: Նրանք թռան իմ ու կողքիս նստած մյուս մարդկանց գլխավերևով, ապա այնտեղից արձակվեց և մեզ վրա ընկավ լույսի հզոր ճառագայթ: Ամենատարօրինակն այն է, որ այդ ճառագայթը կարծես միայն ինձ վրա ներգործեց: Իմ ուղեղում ինչ-որ բան «եռաց», ապա ես հեռազգացական հրաման ստացա: Նրանք ինձ խնդրեցին հարկավոր վայրում իրենց նավերի համար տիեզերակայան կառուցել:
 
ՉԹԱ-ների այս տիեզերակայանը Կաչիից 4 կմ հեռու է: Կենտրոնում 36 ճառագայթով մեծ աստղ է, որի տրամագիծը 48 մետր է: Կենտրոնում մեկ այլ փոքրիկ աստղ կա՝ արված մուգ քարերով, այն դեպքում, երբ մեծ աստղը սպիտակով է գծված: Մեծ աստղի կողքին մուգ աստղից մի նախշ կա, որը սև քարերով առնված է շրջանագծի մեջ: Դրանց կողքին մուգ քարերից էլի մի քանի նախշ կա: 
 
Այժմ Ուերների տիեզերակայանը հայտնի է ամբողջ աշխարհին և ուշագրավ տեսարժան վայր է, այնտեղ զբոսաշրջիկներ են այցելում: Սակայն Ուերներն ինքը 2011թ. այս կողմ անհետացած է: Այն ժամանակ նրան մեղադրել են տեղացիներից մեկից դրամ գողանալու համար, և նա որոշ ժամանակով բանտ է նստել: Տեղացիների խոսքով՝ ազատվելուց հետո Ուերները հավաքել է իր բոլոր իրերը և գնացել հյուսիսում գտնվող ինչ-որ վայր: 2014թ. նրան տեսել են Բոլիվիայում, այնուհետև նրա հետքերը կորչում են:
 
Գերզարգացած եկվորների պատվերով տիեզերակայան կառուցող մարդու և սովորական գրպանահատի կերպարերն ինչ-որ անհամատեղելի են: Մնում է մտածել, որ կա՛մ Ուերները սովորական խարդախ է, որ փորձել է ուշադրության կենտրոնում հայտնվել, հետն էլ վստահություն շահելով՝ գողությամբ հարստանալ, կա՛մ որոշ ուժերի դուր չի եկել նրա գործունեությունը, և նրան պարզապես  ծուղակն են գցել: 
 
Եթե Կաչիի կառույցն իրոք նկարագրվածի չափ գեղեցիկ ու բարդ է և հենց Ուերերն է ստեղծել, ապա դժվար է հավատալ, որ նա իրեն կարատավորեր մանր գողությամբ: Իսկ գուցե նա հիմա «իր պատվիրատուների» հովանավորությունն է վայելում երկինքներում և այնտեղից հետևում, թե ինչպես են մարդիկ հիանում իր աշխատանքի պտուղներով: Երկրացիների համար նրա ստեղծածի նշանակությունը թերևս դրանով էլ սահմանափակվում է: Իսկ ուրիշ արարածների այն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ՝ դեռևս հայտնի չէ: